Մխիթարյան. Մանչեսթերում խաղն ինձ վրա եմ վերցնում, իսկ հավաքականում` թիմակիցներիս օգնում

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ներկա էր Լեհաստանի ընտրանու հետ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը նախորդող ասուլիսին: Կիսապաշտպանը մի շարք թեմաների անդրադարձավ:

Հավաքական գալու մոտիվացիա

«Միշտ ուրախությամբ եմ ժամանում հավաքական: Վաղը կփորձենք հասնել այն արդյունքին, որը նախորդ հանդիպումներում չէր ստացվում»:

Լեհերի հետ նախորդ խաղի մասին

«Չեմ մասնակցել այդ հանդիպմանը, սակայն հետևել եմ ընթացքին: Ցավում եմ, որ տղաների գործադրած ահռելի ջանքերից հետո չկարողացանք պահպանել ոչ-ոքի արդյունքը և վերջին րոպեին գոլ բաց թողեցինք»:

Լևանդովսկու, Բլաշիկովսկու և Պիշչեկի հնարավորությունների մասին

«Լավ ճանաչում եմ այդ խաղացողներին, նրանց հետ հանդես եմ եկել «Բորուսսիայի» կազմում: Բացի խաղային որակները, կարող եմ առանձնացնել նաև նրանց մարդկային հատկանիշները: Եթե վաղվա հանդիպումից հետո հնարավորություն լինի, հաճույքով կզրուցեմ նրանց հետ»:

Ընթացիկ ընտրական փուլի մասին

«Ընտրական փուլը կարելի է ամփոփել առաջիկա երկու հանդիպումներից հետո: Ճիշտ է` եզրափակիչ փուլի ուղեգրից արդեն զրկվել ենք, սակայն դա ոչինչ չի նշանակում: Պետք է խաղանք մեր ազգի ու թասիբի համար, ինչպես նաև որոշ մարդկանց ապացուցենք, որ կարող ենք լավ ֆուտբոլ ցուցադրել և արդյունքի հասնել»:

Հավաքականում ու ակումբում ելույթների տարբերությունը

«Ազգային հավաքականում ու «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու միջև տարբերություն չեմ դնում: Ազգային ընտրանու կազմում միշտ փորձում եմ առավելագույնն անել: Երբեմն կարող է չստացվել, ուրիշ անգամ հաջող լինի, սակայն չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում: Եթե երկրպագուներ կան, որ դժգոհ են հավաքականի կազմում իմ խաղից, ոչինչ նրանց չեմ կարող ասել, դա նրանց կարծիքն է: Ես գիտեմ, որ ամբողջ ուժով եմ խաղում: Մանչեսթերում փորձում եմ խաղն ավելի շատ ինձ վրա վերցնել, իսկ Հայաստանի հավաքականում ավելի շատ փորձում եմ թիմակիցներիս օգնել, անել այնպես, որ թիմային խաղ ստացվի: Այստեղ գալու և ինձ ցույց տալու ցանկություն չունեմ»:

Դանիայի հետ տնային հանդիպումից հետո լրագրողների հետ չզրուցելու պատճառները

«Չցանկացա լրագրողների հարցերին պատասխանել, որովհետև նյարդայ նացած էի: Նման պահերի ավելի լավ է ոչինչ չասել»:

 Առաջիկա խաղի մասին

«Վերլուծել ենք մրցակցի խաղը, սակայն ձգտելու ենք մեր ֆուտբոլը ցուցադրել: Մեր նպատակը Լեհաստանին խանգարելը չէ, այլ սեփական ֆուտբոլը խաղալը: Նախորդ հանդիպումներից հետևություններ ենք արել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում