13 տարի անց Ֆաբերգասը խոստովանել է. «Այո, ես եմ Ֆերգյուսոնի դեմքին պիցցա նետել»

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասն «A League of Their Own» հաղորդման եթերում խոստովանել է, որ 2004 թվականին նա է եղել սըր Ալեքս Ֆերգյուսոնի դեմքին պիցցա նետող ֆուտբոլիստը:

Անգլիայի 2003-04թթ. առաջնությունը կատալոնացու այն ժամանակվա թիմը` «Արսենալն» առանց պարտության է անցկացրել և հաջորդ խաղարկությունը նույնպես հաջող է սկսել: Ընդհանուր 49 անընդմեջ անպարտելի խաղերից հետո «զինագործները» հյուրընկալվել են «Մանչեսթեր Յունայթեդին» և 0:2 հաշվով զիջել նրանց: Հանդիպման ելքը որոշել է վիճելի 11-մետրանոցը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել լոնդոնցիների շարքերում:

Խաղից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մտել է հյուրերի հանդերձարան, որպեսզի իր գործընկեր Արսեն Վենգերին հրավիրի գինի խմելու, սակայն այդ պահին նրա դեմքին պիցցա են նետել: Ֆաբրեգասը խոսափում էր այդ հարցի պատասխանից, բայց նրան «մատնել էր» թիմակից Մարտին Կիոուենը:

«Որքան հիշում եմ, դա Իսպանիայից եկած պատանի տղան էր, ով հիանալի տեխնիկա ուներ: Նույնիսկ պիցցայի հետ վարվելիս նա հիասքանչ տեխնիկա ու դիպուկություն ցուցադրեց»:

«A League of Their Own»-ի եթերում ճանաչված հաղորդավար Ջեյմս Կորդենը Ֆաբրեգասին ուղիղ հարցրել է. «Այդ դո՞ւք եք պիցցա նետել Ֆերգյուսոնի դեմքին»: Սեսկը պատասխանել է. «Այո»:

Այնուհետև կիսապաշտպանն ավելացրել է. «Զարմանալի է, որ Կիուենը նկատել է դա, որովհետև այդ պահին նա իմ առջև  ինչ-որ մեկին ծեծում էր։ Այսքան տարի անց ցանկանում եմ ներողություն խնդրել սըր Ալեքսից: Իրականում չէի ցանկանում նման բան անել»:

Նշենք, որ այդ միջադեպի ժամանակ Ֆաբրեգասը 17 տարեկան է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում