Արթուր Պետրոսյան. Ժամանակն է, որ ֆուտբոլիստները պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Լեհաստան հանդիպումից (1:6) հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Կազմը

«Կազմը սխալ չէի ընտրել»:

Ոչինչ չտվող պարտություն

«Խայտառակություն է: Ավելի լավ էր տակտիկական սխալներ թույլ տայինք, քան նման սխալներ: Լեհերին նման հաշվով պարտվելը մեզ ոչնչով չի օգնում, այդ թվում պաշտպանության խաղում»:

Ելքը

«Այս պահին դժվար է ասել՝ ելքը որն է: Պետք է մեր ֆուտբոլսիտներն ավելի ուժեղ առաջնություններում խաղան: Բայց հույսը վերջում է մահանում»:

Պատասխանատվություն

«Ոչ մեկին չեմ քննադատել և հիմա էլ դա չեմ անի: Մինչև մրցակցի չորրորդ գոլը, յուրաքանչյուր գնդակից հետո սկսում էինք հաջող խաղալ, սակայն դրանից հետո կոտրվեցինք: Պետք է տարրական սխալներից խուսափենք։ Ժամանակն է, որ ֆուտբոլիստներն էլ պատասխանատվություն վերցնեն իրենց խաղի համար: Ես կարող եմ ինձ վրա վերցնել պարտության պատճառները, սակայն ավելի լավ էր գետինը մտնեի, քան այստեղ նստեի»:

Ամենացավալի պարտությունը

«Որպես մարզիչ` սա իմ ամենածանր պարտությունն է: Պետք է վերականգնվենք, որ Ղազախստանում նույնպես չխայտառակվենք»:

Հարկադրված փոփոխություններ

«Պաշտպանության նման կազմը մեր միակ ընտրությունն էր: Չեմ ուզում խուսափել պատասխանատվությունից, բայց այդ գծում այլ ֆուտբոլիստների չէինք կարող դուրս բերել: Մենք մինչև երեկ այլ կազմ էինք ծրագրել, սակայն Մարկոսի ու Դաղբաշյանի հիվանդության պատճառով ստիպված էինք ծրագրերը փոխել»:

Դարպասապահների խնդիր

«Դարպասապահի հարցը լուծելու համար տարբերակ չունենք: Հայաստանում վեց թիմ կա, որոնց կազմում վեց դարպասապահ է խաղում: Այլ ընտրություն չունենք»:

Հույսեր այս կազմի հետ քիչ են

«Մեզ թարմ արյուն է պետք: Դիտում եմ նաև երիտասարդական հավաքականին, հիմնականում Առաջին խմբի ֆուտբոլիստներ են: Միակ հույսն արտասահմանում հանդես եկող նոր հայ խաղացողներ գտնելու մեջ է: Տաղանդավոր երիտասարդներ ունենք Հայաստանում, բայց աճ չի գրանցվում: Բավարարվում են Բարձրագույն խմբում խաղալով»:

 

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում