Հենրիխ Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ

Աշխարհի առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրի՝ Հայաստան – Լեհաստան հանդիպումից (1:6) հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց խաղի և խոշոր հաշվով պարտության մասին.

-Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասեմ խնդիր չկա: Պետք է կարողանանք հետևություններ անել, որ Ղազախստանի խաղին այսպիսի բան տեղի չունենա: Խոսքեր չկան ասելու:

-Հանդերձարանում ինչպիսի՞ մթնոլորտ էր:

-Ի՞նչ մթնոլորտ պետք է լինի: Պարզ է, որ շատ վատ: Ասում եմ՝ խոսքեր չկան ասելու, խայտառակ պարտություն է, որի ամենամեծ մեղավորը ես եմ։ Այդքանը:

-Իսկ ինչո՞ւ:

-Քանի որ թիմի ավագը ես եմ ու պատասխանատու եմ այս թիմի համար: Պարտությունը վերցնում եմ ինձ վրա:

-Թիմը կհասցնի՞ հոգեբանորեն ու ֆիզիկապես վերականգնվել Ղազախստանի հետ խաղից առաջ:

-Միանշանակ կհասցնի։ Ամեն ինչ կանենք, որպեսզի Ղազախստանի հետ խաղին բարձր տրամադրությամբ պատրաստվենք:

– Երկրպագուններին ուղղված խոսք ունե՞ք:

-Բան չկա ասելու: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր եկան, հավատում են մեզ և ոգևորվում, ոչ թե վատ խոսքեր ասում: Չենք կարող բոլորին գոհացնել, և ոչ բոլորը կարող են մեզ սիրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում