Արգենտինան դուրս մնաց Մունդիալի ուղեգիր տվող գոտուց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտում կայացել են նախավերջին տուրի հանդիպումները:

Արգենտինան, որին հաղթանակ էր անհրաժեշտ, սեփական հարկի տակ չի կարողացել պարտության մատնել Պերուին: Գրանցվել է 0:0 հաշիվը: Խաղի ընթացքում «ալբիսելեստեն» մեծ առավելություն է ունեցել: Թիմի առաջատար Լիոնել Մեսսիի երկու հարվածներից հետո գնդակը հրաշքով դարպասում չի հայտնվել (անդրադարձ ու դարպասաձող), իսկ նրա ստեղծած մի քանի իրական գոլային պահերից չեն օգտվել թիմակիցները:

Արդյունքում, Արգենտինան 17 խաղից հետո 25 միավորով նահանջել է 6-րդ հորիզոնական, որը Մունդիալի նույնիսկ անցումային հանդիպումների իրավունք չի տալիս: Պերուն նույն 25 միավորով 5-րդ տեղում է: Վերջին տուրում Էկվադորի նկատմամբ հաղթանակն Արգենտինային նվազագույնը դուրս կբերի անցումային հանդիպումների փուլ:

Տեսանյութ

Աշխարհի կրկնակի չեմպիոններին շրջանցել է Չիլին, որը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Էկվադորին: Տանտերերի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Էդուարդո Վարգասն ու Ալեքսիս Սանչեսը: Չիլին վաստակել է 26 միավոր ու բարձրացել 3-րդ տեղ:

Տեսանյութ

Եզրափակիչ փուլի ուղեգիր վաղուց նվաճած Բրազիլիան հյուրընկալվելիս 0:0 հաշվով է ավարտել Բոլիվիայի հետ խաղը, իսկ երկրորդ տեղում ընթացող Ուրուգվայը նույն հաշիվն է գրանցել Վենեսուելայի դեմ մրցավեճում:

Տեսանյութ

Կոլումբիան անսպասելիորեն սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է Պարագվային: Ռադամել Ֆալկաոյի գոլի շնորհիվ տաներերը հաշվի մեջ առաջ են եղել, սակայն 89 և 92 րոպեներին Օսկար Կարդոսոն ու Անտոնիո Սանաբրիան հաղթանակ են պարգևել հյուրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում