Չստացված փորձարկումներ՝ խայտառակ ավարտով

Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց Լեհաստանից՝ 1:6 հաշվով: Միայն հաշվին նայելիս կարելի է հասկանալ, որ ամեն ինչ վատ է:

Ճիշտ է, յուրաքանչյուր ադեկվատ երկրպագու և լրագրող հասկանում է, որ մեր թիմի ներկայիս կազմն ի վիճակի չէ հաղթել Լեհաստանի հավաքականին, բայց երբ բաց թողած գրեթե բոլոր գոլերը մեր ֆուտբոլիստների անփույթ և անգրագետ խաղի արդյունքն են, լրագրողներն ու երկրպագուները բարկանում են: Էլի թող պարտվեն, էլի գոլեր բաց թողնեն, բայց թող դրանք լինեն մրցակցի բարձր կարգի, այլ ոչ մանկական և տարրական սխալների պատճառով: Ֆուտբոլիստների անհատական սխալները նշելու կարիք այլևս չկա, անդրադառնանք ավելի գլոբալ խնդիրներին:

Մեկնարկային կազմը

 

Այս խաղի համար ընտրված մեկնարկային կազմը, մեղմ ասած, տարօրինակ էր: Հասկանալի է, որ պաշտպանության գծում խնդիրներ ունեինք, բայց դրանք անլուծելի չէին, ինչպես նշում է Արթուր Պետրոսյանը: Հարոյանն ու Անդոնյանը որակազրկված էին և կենտրոնական պաշտպանի կարիք ունեինք, իսկ ինչո՞ւ հավաքական չհրավիրվեց «Ալաշկերտի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը: Ինչու՞ այս «անլուծելի» իրավիճակում մեկնարկային կազմում չխաղաց «Շիրակի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Միքայելյանը: Գոնե կունենայինք հաստիքային կենտրոնական պաշտպան: Իսկ այս խաղին մեր թիմի 4 պաշտպաններից միայն Տարոն Ոսկանյանն էր, որ խաղում էր իր հարազատ դիրքում:

Արտակ Եդիգարյանը ձախ պաշտպան չէ, Հովհաննես Համբարձումյանն աջ պաշտպան է, իսկ Կամո Հովհաննիսյանը շատ դեպքերում խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում: Արդյունքում՝ զրկվում ենք այս 3 ֆուտբոլիստների լավագույն խաղային որակներից: Վերջ ի վերջո կարելի էր երկրորդ կենտրոնական պաշտպանի դիրքում օգտագործել հենակետային կիսապաշտպանի:

Գրիգորյանի բացակայությունն ու գերհագեցած հարձակման գիծը

Մի՞թե այսպիսի ելքի մասին չսկսեցինք մտածել, երբ տեսանք հավաքականի մեկնարկային կազմը: Խարխլված պաշտպանական գիծը, մեկ նոմինալ հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանը և հարձակողական ոճի ֆուտբոլիստներ: Ինչո՞ւ Արտակ Գրիգորյանը մեկնարկային կազմում չէր: Օրինակ՝ Կադիմյան/ Ադամյան/ Կորյան/Բարսեղյան քառյակից որևէ մեկի փոխարեն կարող էր խաղալ Արտակ Գրիգորյանը, իսկ Հենրիխը տեղ կզբաղեցներ ենթահարձակվողի դիրքում:

 

կամ՝

 

Բացի այդ, այս տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում հնարավոր էր տեղափոխություններ անել՝ առանց փոփոխություններ կատարելու:

Գաղտնիքներ, գաղտնիքներ

Հարցերը շատ են, բայց պատասխաններ չկան: Ինչու՞ խաղաց Կադիմյանը, այլ ոչ Էդգար Մալաքյանը, ով 30 րոպեում ավելի շատ օգտակար գործողություն կատարեց, քան Կադիմյանը կրկնակի ավելի ժամանակահատվածում: Ինչու՞ միաժամանակ խաղադաշտում հայտնվեցին Բարսեղյանն ու Կորյանը, ով անսպասելիորեն խաղում էր ենթահարձակվողի դիրքում: Ինչո՞ւ հերթական անգամ Մխիթարյանը չխաղաց իր համար հարազատ, լավագույն, օպտիմալ՝ 10 համարի դիրքում:

Արթուր Պետրոսյանի չստացված գաղափարները

Արթուր Պետրոսյանը՝ որպես գլխավոր մարզիչ, այդպես էլ որևէ նշանակալի միտք կամ գաղափար կյանքի չկոչեց: Բոլոր փորձարկումները ձախողվեցին, իսկ ռիսկերը չարդարացան: Այդպես էլ չտեսանք Արթուր Պետրոսյանի մարզչական ձեռագիրը: Չեռնոգորիային հաղթեցինք էմոցիոնալ ֆոնի վրա (կամ հրաշքներ երբեմն լինում են), Ղազախստանին հաղթեցինք դժվարությամբ՝ այն էլ թվային առավելություն ունենալով, դե իսկ մնացած խաղերում երևաց մեր թիմի իրական վիճակը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեր վերջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստանի դեմ: Սպասենք այդ խաղին, ինչից հետո շատ բան պարզ կդառնա:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում