Իսպանիան նվաճեց Մունդիալի ուղեգիր (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի G խմբում Իսպանիայի հավաքականը նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր: «Ֆուրիա ռոխան» 9-րդ տուրում Ալիկանտե քաղաքում ընդունել է Ալբանիային և 3:0 հաշվով առավելության հասել:

Հանդիպման ելքը գործնականում որոշվել է մեկնարկային 27 րոպեներից հետո, որոնց ընթացքում տանտերերը երեք գոլ են խփել: Մեկական անգամ աչքի են ընկել Ռոդրիգո Մորենոն (16-րդ րոպե), Իսկոն (24) ու Տյագո Ալկանտարան (27): Հատկապես գեղեցիկ է ստացվել «Վալենսիայի» հարձակվողի սահանկումով կատարած հարվածը:

Խուլեն Լոպետեգիի թիմը վաստակել է 25 միավոր ու անհասանելի դարձել մոտակա հետապնդող Իտալիայի համար:

Տեսանյութ

«Սկուադրա աձուրան» անսպասելիորեն սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Մակեդոնիայի հետ: Գրանցվել է 1:1 հաշիվը: 40-րդ րոպեին տանտերերն առաջ են անցել Ինսինյե-Իմոբիլե-Կյելինի կոմբինացիայից հետո, որը եզրափակել է «Յուվենտուսի» պաշտպանը: 77-րդ րոպեն Գորան Պանդևի փոխանցումից հետո Ալեքսանդր Տրայխովսկին դիպուկ հարվածով խոցել է Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասը:

Իտալիան վաստակել է 20 միավոր և խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ գրավել երկրորդ տեղը: Մունդիալի ուղեգիր նվաճելու համար Ջամպեյրո Վենտուրայի թիմը պետք է անցումային խաղերի մասնակցելու հնարավորություն ստանա։

Տեսանյութ

Խմբի մյուս մրցավեճում Իսրայելը հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության է մատնել Լիխտեյնշտեյնին: Միակ գոլը խփել է Էյտան Տիբեն (22):

Հետևեք մեզ նաև Telegram-ում