Արթուր Պետրոսյան․ Հավաքականների համար սա հեղինակության խաղ է

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Ղազախստան – Հայաստան հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

– Ի՞նչ վնասվածք է ստացել Դավիթ Մանոյանը և ինչպիսի՞ վիճակում են հավաքականի հետ Ղազախստան ժամանած Մարկոս Պիզելլին և Գագիկ Դաղբաշյանը:

– Մանոյանը, իրոք, վնասվածք է ստացել, վաղը կմեկնի Կիպրոս, և պարզ կդառնա վնասվածքի լրջությունը, իսկ ինչ վերաբերում է Մարկոսին և Դաղբաշյանին, նրանք երկուսն էլ առողջ են, և եթե ամեն ինչ նորմալ լինի, վաղը կկարողանան դուրս գալ խաղադաշտ:

– Երևի թե գիտեք, որ Ղազախստանի ընտրանին առաջիկա հանդիպմանը մոտենում է կորուստներով: Դա ինչ-որ առավելություն տալի՞ս է Հայաստանի հավաքականին:

– Գիտեմ, որ Ղազախստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ բաց են թողնելու առաջիկա հանդիպումը և գիտեմ, որ Իսլամխանն ու Լոգվինենկոն մասնակցելու են խաղին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի խաղի վրա: Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, և նրանք պետք է տրամադրված լինեն հաղթանակի: Կարծում եմ, որ սա կողմերի համար հեղինակության խաղ է: Սպասում եմ, որ հանդիպումը լարված է լինելու:

-Երևանում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները որոշիչ եղան: Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականին ֆավորի՞տ է դարձնում առաջիկա խաղում:

– Չեմ կարծում, թե Երևանում կայացած խաղի արդյունքը կախված էր միայն Մխիթարյանի գործողություններից: Ֆուտբոլը թիմային խաղ է և եթե թիմակիցները նրան չօգնեին, ապա այդ հաղթանակը չէր լինի: Ամեն դեպքում, Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է և իսկական ավագ: Նա միշտ ցանկանում է օգնել թիմին: Դա հարյուր տոկոսով այդպես է:

-Երևանյան խաղում Ղազախստանի հավաքականի ստացած կարմր քարտը որքանո՞վ էր որոշիչ վերջնական հաշվի ձևավորման հարցում:

– Մենք առաջին խաղակեսում առավելություն ունեինք, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում մի փոքր առավելություն ունեին ղազախները: Ինձ թվում է, որ իրենց մոտ կարմիր քարտից հետո ինչ-որ մի բան կոտրվեց, իսկ մեր վստահությունն ավելացավ:

– Ինչպիսի՞ հոգեբանական աշխատանք է տարվել լեհերից 6 գնդակ բաց թողած Գրիգոր Մելիքսեթյանի և պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ: Փորձարկումներ կլինե՞ն:

– Փորձարկումներ չեն լինի: Որոշ ֆուտբոլիստներ, որոնք մեզ հետ ժամանել են Ղազախստան, խաղալու հնարավորություն կստանան: Ինչ վերաբերում է Ձեր նշած ֆուտբոլիստներին, ապա միայն նրանք չեն, որ սխալվել են: Մենք խոսակցություն ենք ունեցել այդ թեմայով: Բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի ցավալի պարտությունը հեշտ չէ մոռանալ, բայց վստահ եմ, որ տղաները կփորձեն:

– Կարելի՞ է ասել, որ դարպասապահի հարցն ամենացավալի խնդիրն է Հայաստանի ընտրանու համար՝ հաշվի առնելով, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանին դեռ չի գտել նրա արժանի փոխարինողին:

– Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին: Բոլորն էլ գիտեն, որ այդ գծում մենք խնդիր ունենք: Հուսով եմ, որ այն դարպասապահները, որոնք հանդես են գալիս հավաքականի կազմում, պարզապես փորձի պակաս ունեն: Նրանք կառաջադիմեն քայլ առ քայլ: Այլ տարբերակներ չունենք:

– Գրիգոր Մելիքսեթյանը կմասնակցի՞ վաղվա խաղին:

– Այսպիսի ծանր խաղից հետո չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել:

– Ժոզե Մոուրինյուն խնդրե՞լ է Ձեզ խնայել Հենրիխ Մխիթարյանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ արհեստական խաղադաշտի վրա խաղալը բավականին մեծ ռիսկ է ֆուտբոլիստի համար:

– Անկեղծ ասած` ոչ: Հենրիխը նույնպես չի խնդրել: Նա պատրաստ է խաղին:

– Վերջին տարիներին Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները այդքան էլ լավ ելույթներ չեն ունենում ընտրական փուլերում: Այդպիսի խնդիր նկատվում է նաև ԱՊՀ այլ երկրներում: Դա մեր ընդհանո՞ւր խնդիրն է:

– Հնարավոր է` խնդիր կա մտածելակերպի մեջ: Մենք անհամբեր ենք: Կարծում ենք, որ հաջողությունը կլինի այսօր կամ վաղը: Մենք չենք կարողանում երկարատև ծրագիր ստեղծել և տարիների ընթացքում հետևել այդ ծրագրին: Կա այսպիսի հոգեբանություն. 1000 դոլարի ներդրում ես անում և սպասում ես, որ վաղը կստանաս 3 հազարը: Ինձ թվում է` բոլորս էլ ունենք այդ խնդիրը: Ես աշխատել եմ արտասահմանում, այնտեղ աճել եմ որպես մարզիչ: Նրանք ծրագիր ունեին և հետևում էին դրան շուրջ 10 տարի: Մեր երկրներում երիտասարդական ֆուտբոլում մարզիչն արդյունք չի տալիս և նրան 3 խաղ հետո հեռացնում են: Անհաջողություններից հետո փոխում են բոլորին, և ինձ թվում է, որ մեր երկրներում կա ընդհանուր խնդիր:

– Պարոն Պետրոսյան, Լեհաստանի հավաքականի հետ խաղում Դուք բավականին հարձակողական կազմ էիք ընտրել, հնարավո՞ր է, որ վաղվա խաղում ևս այդպիսի կազմ ընտրեք:

– Ճիշտն ասած՝ լավ կյանքից չէր, որ այդպիսի կազմ էինք ընտրել, մենք խնդիրներ ունեինք պաշտպանությունում: Հաստատ կարող եմ ասել, որ վաղը փոփոխություններ կլինեն և կփորձենք վաղը բալանս գտնել հարձակման և պաշտպանության միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում