Հայտնի է Մունդիալի 15-րդ մասնակիցը (տեսանյութ)

ԱԱ-2018-ի ընտրական փուլի արդյունքներով հայտնի է դարձել աֆրիկյան գոտուց եզրափակիչ դուրս եկած երկրորդ հավաքականը: Ընտրական փուլի երրորդ շրջանի E խմբի 5-րդ տուրում Եգիպտոսը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Կոնգոյին:

Որոշիչ է դարձել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի դուբլը: «Փարավոնները» վաստակել են 12 միավոր ու վաղաժամ դարձել խմբի հաղթող: Մոտակա հետապնդող Ուգանդան ունի 8 միավոր:

Ճանաչված արգենտինացի Էկտոր Կուպերի գլխավորած թիմը դարձել է Աֆրիկայի երկրորդ ներկայացուցիչն առաջիկա Մունդիալում: Ավելի վաղ ուղեգիրն էր նվաճել նաև Նիգերիան: Եզրափակիչ փուլի մասնակիցների հաշվարկում Եգիպտոսը դարձել է 15-րդը (հաշվարկված է նաև կազմակերպիչ Ռուսաստանը):

Առաջիկա Մունդիալը կդառնա երրորդը Եգիպտոսի պատմության ընթացքում: Եզրափակիչ փուլին նրանք վերջին անգամ մասնակցել են 1990 թվականին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում