«Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակը. կատալոնական թերթերը տարակարծիք են

«Բարսելոնան» արդեն սկսել է ծրագրել տրանսֆերային քայլերը: Կատալոնացիները նախորդ ամռանը չկարողացան ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, իսկ 2018 թվականին առաջնային են համարելու այլ ֆուտբոլիստների հրավերքը:

Մասնավորապես «Mundo Deportivo» պարբերականը վստահեցնում է, որ «կապտանռնագույների» տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանը: Ֆրանսիացի հարձակվողի հրաժարագինն ամռանը 200 միլիոն եվրո էր կազմում, սակայն մյուս տարի այն նվազելու է մինչև 100 միլիոն:

«Բլաուգրանան» մտադիր է վճարել այդ գումարը և 26-ամյա խաղացողի համար պայքարում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Գրիզմանն ամռանը մոտ էր անգլիական այդ թիմ տեղափոխվելուն, սակայն մադրիդցիների տրանսֆերային արգելքից հետո որոշեց մեկ տարի էլ մնալ թիմում:

Միաժամանակ կատալոնական մեկ այլ հեղինակավոր պարբերական` «Sport»-ը գրում է, որ «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը «Տոտենհեմի» ենթահարձակվող Դելե Ալին է:

21-ամյա ֆուտբոլիստը ներկայումս շաբաթական 55 հազար եվրո է ստանում և լոնդոնցիները մտադիր են առաջիկա օրերին այն 90 հազարի հասցնել և նոր պայմանագիր կնքել:

«Բարսելոնան» կարծում է, որ պարգևավճարների հետ միասին անգլիացու տեղափոխությունը կարժենա 150 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում