Արթուր Ոսկանյան. Ոչինչ չեմ կարող փոխել

Արթուր Ոսկանյան. Ոչինչ չեմ կարող փոխել

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրո-2019-ի ընտրական փուլում Ավստրիայի Մ-21 ընտրանուց կրած ջախջախիչ պարտությունից (0:5) հետո մեկ պատճառաբանություն ուներ:

Չպարտված առաջին խաղակես ու մղձավանջային երկրորդ

«Ինքներդ տեսաք, որ ֆիզիկապես պատրաստ չենք այս բարձր տեմպին դիմանալ: Առաջին կեսում թվաց, թե լավ պաշտպանվեցինք ու վտանգավոր հակագրոհներ կազմակերպեցինք, սակայն դա էլ ինձ չէր գոհացնում, որովհետև չէինք կարողանում արագ հարձակման ու արագ պաշտպանության անցնել: Երկրորդ կեսում արդեն ֆիզիկապես հնարավոր չէր: Նույնիսկ մարզիչներով չէինք հասցնում հուշել բոլորին: Գոլից հետո խաղը փոխվեց: Կարծում եմ` խնդիրը միայն ֆունցիոնալ պատրաստվածության հետ է կապված»:

Մարտավարություն

«Վահան Բիչախչյանին ու Հայկ Գալստյանին պահել էինք երկրորդ խաղակեսի համար, որպեսզի երկրորդ կեսում ակտիվություն հաղորդեին խաղին: Գիտեինք` Ավստրիան հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի հետ ծանր խաղ է անցկացրել և պետք է հոգնած լինի, սակայն այդ ծրագիրն ձախողվեց»:

Կազմի ընտրություն

«Չեմ կարծում, թե սխալվել եմ կազմի հարցում: Այս շաբաթվա ընթացքում անցկացրած մարզումները հաշվի առնելով՝ սա օպտիմալ կազմն էր: Եթե սխալը կազմի հարցում լիներ, առաջին կեսում կերևար: Բիչախչյա՞նն ու Գալստյա՞նը: Նրանց դիրքերում գործում էին Պետրոս Ավետիսյան ու էմիլ Եղիազարյանը, ովքեր առաջին կեսում լավ ելույթ ունեցան»:

Դարպասապահին կատարված բազմաթիվ փոխանցումների պատճառը

«Մենք պետք է կարճ փոխանցումներով գործեինք, որովհետև Ավստրիան բարձրահասակ թիմ է: Եթե խաղացողը չի հասցնում գնդակն ընդունել ու գլուխը բարձրացնել, որովհետև մրցակցի համեմատ այլ տեմպով է գործում, ստիպված շրջվում է և այն ուղարկում դարպասապահին: Ամբողջ հանդիպման ընթացքում նրանց դա էի հուշում, որ արագ ընդունեն գնդակն ու առաջ փոխանցում կատարեն: Հենց մրցակիցը պրեսինգի էր դիմում, ձախողվում էինք»:

Հաջորդ հանդիպումը մեկ ամսից է…

«Հավաքականի վատն այն է, որ ոչինչ չեմ կարող փոխել: Ֆուտբոլիստներն իրենց ակումբներից են գալիս և պետք է պատրաստ լինեն: Շատերը հանդես են գալիս «Փյունիկում», որն առաջնությունում հաջող չի գործում: Մյուսները ելույթ են ունենում «Բանանցի» երկրորդ թիմում, Գերմանիայի ցածր դիվիզիոններում… Չկա ընտրություն, սա է: Պետք է իրենց ակումբներում բարձր մակարդակով խաղան»:

 Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում