Վերներ Գրեգորիչ. Հայկական թիմին թերագնահատողները կպատժվեն

Վերներ Գրեգորիչ. Հայկական թիմին թերագնահատողները կպատժվեն

Ավստրիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վերներ Գրեգորիչն ամփոփել է Հայաստանի Մ-21 ընտրանու դեմ Եվրո-2019-ի ընտրական փուլի հանդիպումը (5:0):

Խաղի մասին

«Հարգանքով մոտեցանք Հայաստանի հավաքականին, որովհետև տեսել էինք, թե ինչ արդյունքների են հասել: Մասնավորապես ոչ-ոքի էին խաղացել Ռուսաստանի հետ: Առաջին կեսում հայերը շատ լավ էին գործում: 2-3 անգամ նրանք լավ հակագրոհներ կազմակերպեցին, որոնց ժամանակ մեր բախտը բերեց: Մենք նույնպես լավ թիմ ենք, ուստի երկրորդ կեսում կարողացանք ցուցադրել մեր ունակությունները»:

Հայաստանում առկա պայմանների մասին

«Հայաստանում տեսա ֆուտբոլի ակադեմիան, որը փայլուն կառույց է: Մենք Ավստրիայում նման պայմաններ չունենք: Այստեղ անհրաժեշտ ամեն ինչ կա»:

Անսպասելի հաշիվ

«Չէինք սպասում, որ կարող ենք հաղթել 5:0 հաշվով: Նախկին բոլոր խաղերում խնդիրներ ունեինք գոլ խփելու հարցում: Օրինակ, Մարկո Կվասինան, ով այսօր դուբլ ձևակերպեց, նախորդ հանդիպումներում չէր կարողանում դարպասը գրավեր նույնիսկ մեկ մետրից: Նույնը նաև Յակուպովիչը: Ռուսաստանի հետ մրցավեճում 8 գոլային պահ ունեինք, սակայն չկարողանք գրավել դարպասը»: 2:0 հաշվի ժամանակ սեփական ֆուտբոլիստներից դժգոհ լինելու պատճառը

Ես մարզիչ եմ և իմ ֆուտբոլիստներից միշտ 100-տոկոսանոց նվիրվածություն եմ պահանջում: 2:0 հաշվի ժամանակ նրանք հետ էին քաշվել և գնդակ էին խաղարկում դաշտի կենտրոնում: Դա նաև հարգանքի նշան է Հայաստանի ընտրանու և նրա մարզչի նկատմամբ»:

Տակտիկա

«Դիտել էինք Հայաստանի ընտրանու երկու հանդիպում: Հայերի կազմում տեխնիկապես լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, որոնց պետք է ազատություն չտայինք, այլապես կպատժվեինք: Եթե որևէ թիմ թերագնահատի Հայաստանին, անպայման կպատժվի: Ընդմիջման ժամանակ իմ սաներին ասացի, որ եթե մրցակցին թույլ տանք բացել հաշիվը, լուրջ խնդիրներ կունենանք: Ռուսաստանի օրինակը նրանց բերեցի, երբ հայերը կարողացան պահպանել ոչ-ոքի արդյունքը»:

Խորհուրդ

«Հայաստանը հարձակվելիս խաղում էր 3-4-3, իսկ պաշտպանվելիս` 5-4-1: Ձեր թիմի համար ամենակարևորն այն է, որ պաշտպանության ու հարձակման մեջ հավասարակշռություն գտնի»:

Հայաստանի ու Մխիթարյանի մասին

«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին, տպավորված եմ: Նախկինում այս երկրի մասին միայն Մխիթարյանի շնորհիվ գիտեի: Նա Բունդեսլիգայում իմ որդու (Միխայիլ Գրեգորիչ-խմբ.) դեմ է խաղացել, ով այն ժամանակ ելույթ էր ունենում «Համբուրգում», իսկ հիմա «Աուգսբուրգում» է հանդես գալիս: Հայաստանը կարողացել է նման տաղանդի ֆուտբոլիստ աճացնել, ինչը գովելի է»:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում