«Բյուրեղյա մարդը» երկար դիմացավ․ Ռոբենն ավարտել է միջազգային կարիերան

«Բյուրեղյա մարդը» երկար դիմացավ․ Ռոբենն ավարտել է միջազգային կարիերան

Արյեն Ռոբենը միջազգային կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Շվեդիայի հետ հանդիպումից հետո Ռոբենը մեկնաբանել է իր որոշումը։ Հիշեցնենք, որ այդ խաղում «նարնջագույնները» 2։0 հաշվով հաղթել են Ռոբենի դուբլի շնորհիվ, սակայն դա բավարար չի եղել Մունդիալի ուղեգիր նվաճելու համար։

«Ցանկանում էի ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։ Նման տրամադրվածությամբ եմ մասնակցել Հոլանդիայի հավաքականի բոլոր խաղերին։ Շատ երկար եմ մտածել միջազգային կարիերաս ավարտելու մասին։ Ցանկանում էի ավելի շուտ հեռանալ, սակայն որոշեցի ավարտել ընտրական փուլը։ «Բյուրեղյա մարդը» երկար դիմացավ․․․»,- հայտարարել է Ռոբենը։

Ռոբենը, ում «բյուրեղյա» են անվանում հաճախակի վնասվածքների համար, Հոլանդիայի հավաքականում նորամուտը նշել է 2003 թվականին։ Այս ընթացքում նա մասնակցել է 96 հանդիպման և դարձել է 37 գոլի հեղինակ։ Դենիս Բերգկամպի հետ Արյեն Ռոբենը կիսում է Հոլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկի չորրորդ հորիզոնականը։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում