Զինեդին Զիդանը հատեց 100-ի շեմը

Զինեդին Զիդանը հատեց 100-ի շեմը

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Խետաֆե» – «Ռեալ» (1:2) հանդիպումը Զինեդին Զիդանի համար 100-րդն էր մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Զիդանի գլխավորությամբ 100 խաղում «սերուցքայինները» 75 հաղթանակ են տոնել, 17 անգամ ոչ-ոքի են խաղացել, կրել են 8 պարտություն, խփել են 273 գոլ և նվաճել 7 տիտղոս։

Եթե հաշվի առնենք միայն հաղթանակների տոկոսը (75%)՝ Զիդանը զիջում է Կարլո Անչելոտիին (78%) և Ժոզե Մոուրինյուին (77%), սակայն մրցաշարերում տոնած հաղթանակներով ֆրանսիացին գերազանցում է իր նախորդներին։ Նրա գլխավորությամբ «Ռեալը» 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր։

Զիդանի գլխավորությամբ «Ռեալն» Իսպանիայում անպարտելի հանդիպումների շարքի նոր ռեկորդ է սահմանել․ 2016 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի հունվարը «սերուցքայիններն» առաջնության 40 խաղում պարտություն չեն կրել։ Բացի այդ, Զիդանը դարձել է «Ռեալի» պատմության առաջին մարզիչը, ով «Կամպ Նոուում» «Բարսելոնայի» դեմ առաջին երկու խաղերում պարտություն չի կրել։ Նախքան «Բետիսի» հետ սեպտեմբերին կայացած հանդիպումը «Ռեալը» 73 անընդմեջ խաղ գոլ է խփել։ Զիդանի գլխավորությամբ «Ռեալի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 74 գոլ, իսկ պորտուգալացուն հաջորդում է Կարիմ Բենզեման (34)։

Արտագնա խաղերում Զիդանի թիմը միշտ գոլ է խփում։ Այս պահին արտագնա խաղերում «Ռեալի» արդյունավետության շարքը կազմում է 34 հանդիպում։ «Խետաֆեի» դեմ հաղթանակը «Ռեալի» համար Իսպանիայի առաջնության շրջանակում 13-րդ անընդմեջ արտագնա հաղթանակն էր, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։

Զիդանի գլխավորությամբ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը Թոնի Կրոսն է՝ 82 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, 100 խաղում Զիդանը խաղաժամանակ է տվել 34 ֆուտբոլիստի։

Զիդանի թիմը դեռևս ամենաշատը խաղացել է Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոյի» հետ՝ 6 հանդիպում, որոնցում «սերուցքայինները» տոնել են 3 հաղթանակ (2 պարտություն, 1 ոչ-ոքի)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում