Պրեմիեր լիգայի նոր արքան

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն հիանալի է կատարում գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի բոլոր պահանջները և աստիճանաբար ավելի ու ավելի շատ է գովասանքի արժանանում։ Կասկած չկա, որ բելգիացին առաջ է գնում սուպերաստղ դառնալու ճանապարհով։

«Չելսին» ինչպե՞ս համարձակվեց թերագնահատել Կևինին

Լեգենդար Ֆրենկ Լեմպարդը վերջերս «Չելսիի» երկրպագուներին հիշեցրել է, որ Օսկարի ու Ազարի հետ Կևինը հիմնական կազմում ընդգրկվել չէր կարող ու դանդաղ առաջ կգնար, եթե պահեստային ֆուտբոլիստ դառնար: Հիմա շատերը մեղադրում են Ժոզե Մոուրինյուին, ով ժամանակին կորցրեց տաղանդավոր բելգիացուն, սակայն շատերը սխալվում են։

«Մանչեսթեր Սիթիի» աստղի մասին տեղեկություններ փնտրողները պարզում են, որ ֆուտբոլիստն է «Չելսիին» մերժել, ոչ թե Ժոզեն է նրան «Վոլֆսբուրգ» ուղարկել: Պատմության հերոսն ինքը մեկ անգամ չէ, որ ասել է՝ այդ ժամանակվա Կևինն ուրիշ էր, հիմա ուրիշ է: Նա մեծացել է ու փոխվել, բայց ոչ մի Դե Բրյունե պահեստային նստարանի համար չէ: 

Ի՞նչն է Դե Բրյունեին յուրահատուկ դարձնում

Շատերի համար Կևինը ձանձրալի մարդ է: Նա լռություն է սիրում, թանկարժեք մեքենաների սիրահար չէ, խաղադրույքներ չի կատարում ֆուտբոլիստներից շատերի նման: Կևինը բացառություն է, քանի որ հազվադեպ ես նրա սերնդի ֆուտբոլիստից լսում, որ դաջվածքի մեջ հատուկ ոչինչ չկա: Տպավորություն է, որ այս երիտասարդի մեջ իրականում հասակն առած մեկն է ապրում: Կևինի մի քանի հարցազրույց դիտելիս նկատելի է ինքնագովասանքի գերմանական ցանկությունը: Նրանից հաճախ լսում ենք. «ես պոլիգլոտ եմ», «ես հազվադեպ եմ եփում, բայց լավ է ստացվում», «ես հասկայական հարկ եմ վճարում, որ հանգիստ քնեմ», «հիանալի խաղում եմ երկու ոտքով», «ես համեստ եմ»:

Նա համեստ գլուխգովան է: Նա Բրյուսելից ոչ հեռու տնակ է գնել, որպեսզի հետո ընտանեկան օջախ կառուցի: Հանգստանո՞ւմ է Լոս-Անջելեսում: Արդեն ասում է, որ կարիերան պետք է ԱՄՆ-ում ավարտել ընտանիքի ֆինանսական հարցերը լուծելու համար: Նրա համար կարևոր չէ, որ իրեն աստղ համարեն, կարևորը որակյալ ֆուտբոլ ցույց տալն է: Հանդերձարանում էլ շատախոս չէ, բայց լռության տակ սեփական յուրահատկության հանդեպ վստահությունն է թաքնված:

Ոչ բոլոր լռակյացներն են համեստ: Իզուր չէր, որ Մեսսիի հետ համեմատելուց առաջ Գվարդիոլան Դե Բրյունեին գովեց դաշտում ամեն ինչ տեսնելու կարողության համար: Պեպն օբյեկտիվ է: Պոտենցիալն օգտագործելու դեպքում այս ամուր ֆուտբոլիստը լեգենդ կդառնա:

Արդյո՞ք Կևինն այսօր այնքան լավն է, որքան պնդում են Անգլիայում

Անցյալ մրցաշրջանում նույն տարիքի ու նույն հավաքականում խաղացող երկու ֆուտբոլիստ՝ Ազարն ու Դե Բրյունեն ընդհանուր և շատ կարևոր ցուցանիշներում «մրցեցին»։ Հաղթողն Էդենն էր: Թեև Կոնտեն ու Գվարդիոլան նրանց տարբեր դիրքերում են օգտագործում, երկուսն էլ հարձակողական ոճի կիսապաշտպանի տաղանդ ունեն: Երկուսն էլ հավակնում են Բելգիայի հավաքականի առաջատար դառնալ. նրանք բելգիական Մեսսին ու Ռոնալդուն են:

Ընթացիկ մրցաշրջանում համեմատականներ անցկացնելիս արդեն այլ պատկեր կտեսնենք: Ազարն ԱՊԼ-ում ավելի քիչ է խաղացել, իսկ Կևինը նրանից խլել է լիգայի իշխանությունը։ Այս շրջանում Ազարն անգամ մոտ էլ չէ Դե Բրյունեին իր ակումբի համար օգտակարության ցուցանիշով: Կևինը «Չելսիի» դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ է, ԱՊԼ-ում գոլային 6 փոխանցում է կատարել: Նա 4 անգամ ավելի շատ է փոխանցում կատարում խաղընկերներին, թեև երբեմն գնդակ է կորցնում, իսկ Ազարն ավելի կոկիկ է: Գվարդիոլան Կևինից բողոքներ չունի, քանի որ կենտրոնական կիսապաշտպանի դիրք տեղափոխվելու անհրաժեշտության դեպքում նա ապացուցում է, որ կարողանում է գնդակ խլել ու հատկապես լավ է գլուխ հանում նույն դիրքում խաղացող մրցակցի դեմ պայքարից։

Երբ Կևինն առջևում է աշխատում՝ չի կորցնում դիրքը: Գրոհային պահեր է ստեղծում ու պտտվող փոխանցումներով արագորեն առաջ է տանում հարձակումը: Նա Սանեի պես կտրուկ չէ, բայց երբ խորքում է՝ որսում է պահն առանցքային փոխանցումների համար: Հիանալի է երկար փոխանցումների ժամանակ, նա սև աշխատանքի հետ էլ խնդիր չունի: Կարճ ասած՝ հիմա Ազարը զիջում է Կևինին:

Իհարկե, խոսքը Պրեմիեր լիգայի աստղի մասին է: Դե Բրյունեն ԱՊԼ-ի 68 խաղում 14 գոլ է խփել և 33 փոխանցում կատարել: Նա այս ցուցանիշով ավելի է տպավորում, քան Ազարն ու Անտոնի Մարսյալը, ով դեռ «նոր Սուլշերի» կարգավիճակում է։ Կևինը լավ է խաղում նաև ձախ կիսապաշտպանի դիրքում, ինչը չի կարելի ասել այդ երկու ֆուտբոլիստի մասին: Կևինի հետ հիմա միայն Հենրիխ Մխիթարյանին կարելի է համեմատել կամ էլ Դավիդ Սիլվային:

Ցանկացած պարագայում Կևինն ուժեղ է։ Անցյալ մրցաշրջանում ամենաշատը նրա փոխանցումներից հետո էին գոլերը հավանական դառնում Պրեմիեր լիգայում: Հիմա Դե Բրյունեն մրցակից թիմերում փոխանցում կատարող ամենավտանգավոր խաղացողներին (օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանին) հավասար է, այն դեպքում, որ սխեմայի մեջ ավելի խորքից է գործում::

Դե Բրյունեն «Ոսկե գնդակի» հնարավորություն կունենա՞

Արդիական է հարցը, թե Մեսսիից ու Ռոնալդուից հետո ո՞վ է առաջինն արժանանալու մրցանակին: Թեկնածուները շատ են․․․ Նեյմարն առաջատարն է ցուցակում, բայց հիշենք Աշխարհի առաջնությունը, որն իր ազդեցություն կունենա: Բավական է հաջող ավարտել 2017-18թթ․ մրցաշրջանը, լավ խաղալ Ռուսաստանում, իսկ Արգենտինայի և Պորտուգալիայի ձախողման դեպքում գուցե Մեսսին և Ռոնալդուն այլևս չլինեն ֆավորիտներ․․․ Այդ դեպքում «Ոսկե գնդակը» կտրվի առաջնության հերոսին, իսկ հերոս Դե Բրյունեն էլ կարող է դառնալ:

Դե Բրյունեն վառ կերպար է ու նրա փառքը մեծապես կախված է Չեմպիոնների լիգայում և Մունդիալում ելույթներից: Հիմա նա պոտենցիալ գոլերը փոխարինում է թիմի համար օգտակար գործողություններով: Գվարդիոլան նրան թույլ է տալիս նորարարություն անել, իսկ արդյունքը չի սպասեցնում: Բելգիացին գիտի, թե ինչի համար է ֆուտբոլ խաղում: Դեռ մանկուց նրան գերաստղ դառնալու միտքը չէր անհանգստացնում ու ծնողներն էլ չէին ճնշում 18-ում ընտանիք պահելու պարտականություններով: Դեռ պատանեկան տարիներից Կևինը ոչ թե փողի, այլ հաղթանակի համար է դաշտ դուրս գալիս: Դե Բրյունեն նրանց շարքում է, ովքեր ապագայում կարող են հանճարեղ ֆուտբոլիստների «դրախտի» անցաթուղթ ստանալ: Նա պարտավոր է առնվազն Բելգիայի լեգենդ դառնալ, չէ՞ որ 19 տարեկանից հավաքականում է խաղում ու գալիք ամռանը Ռուսաստանում կայանալիք առաջնության կենտրոնական դեմքերից մեկն է լինելու: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում