Հանճարեղ ֆուտբոլիստներ, որ շուտով մարզիչ կդառնան

Միշտ չէ, որ մեծ ֆուտբոլիստները նույնքան հաջողակ մարզիչներ են դառնում, բայց միշտ հետաքրքիր է հետևել նրանց կարիերայի ընթացքին: Միանգամից 5 հանճարեղ անուն, որ շուտով մարզչի կարգավիճակով դաշտ դուրս կգա: Նրանց խաղով հիացել ենք, հիմա ժամանակն է նրանց սաներին հետևելու:

Անդրեա Պիրլո

Արդեն հաստատված է, որ ժամանակակից ֆուտբոլի ամենաինտելեկտուալ իտալացիներից մեկը դեկտեմբերին կավարտի կարիերան: 38-ամյա Պիրլոյի որոշումը բարդ է անժամանակ համարել, հատկապես եթե հաշվի առնենք, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանում գոլային ընդամենը 1 փոխանցում է կատարել:

Հայտնի է, որ Պիրլոյի մարզչական կարիերա սկսելու առաջին քայլերից մեկն Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբն է լինելու: Տրամաբանական է, չէ՞ որ Անդրեան արդեն եղել է Կոնտեի օգնականը «Յուվենտուսում» և թիմը ղեկավարել հենց դաշտի կենտրոնից: Պատկերացրեք, թե նա ինչեր կարող է անել ամբողջ դաշտը եզրից տեսնելու դեպքում:

Պիրլոն առջևում դեռ մարզչական դասընթացներ ու դիպլոմային աշխատանք ունի: Նրան դեռ վաղ է թոփ-ակումբի ղեկին սպասել, բայց օգնականի աշխատանքը գիտելիքներն ամրապնդելու իրական հնարավորություն է: Միայն դաշտում չէ, որ Պիրլոն առաջնորդ է․ նա Իտալիայի հավաքականի, «Յուվենտուս» և «Միլանի» հանդերձարաներում հիանալի էր թիմին համախմբելու գործում: 

Չավի

Չավին «տիկին» է «տիկի-տակայում»: Նրա մարզչական ոճի առումով կասկած չկա: Չավին Քաթարից քննադատում է «Բարսելոնային» բարդություններից խուսափելու համար այն ժամանակ, երբ կատալոնացիները ժամանակի 60%-ից պակաս են գնդակին տիրում: Այո՛, բոլորս էլ հասկանում ենք, որ մի օր հենց նա է լինելու «Բարսելոնայի» մարզիչը: Կատալոնացիների նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն նրան արդեն հրավիրել է աշխատել ակադեմիայում: Խենթ ժամանակներ են սկսվելու…

Եթե Պեպ Գվարդիոլան առավելագույն տարածություն ունենալու և ամբողջ ընթացքում գնդակին տիրելու համար օգտագործում էր Յոհան Կրուիֆի գաղափարները, ապա որքա՞ն հեռու այդ գաղափարները կտանեն Չավիին: Տարեվերջին Չավին կավարտի ֆուտբոլիստի կարիերան և կսկսի մարզչական դասընթացների հաճախել։

Էստեբան Կամբյասո 

«Խաղին միշտ մարզչի աչքերով եմ նայել: Կարծում եմ, որ մարզչական աշխատանքին անցնելը բնական է ինձ համար»,- ասում է Էստեբանը։

«Ինտերի» երկրպագուները կհիշեն՝ Ջան Պյերո Գասպերինիի օրոք Սնեյդերի, Միլիտոյի ու Ֆորլանի նման ֆուտբոլիստներ ունեցող թիմին ինչպես էին ապարդյուն ստիպում խաղալ 3-4-3 մարտավարությամբ: Ֆուտբոլիստները չէին հասկանում մարզչի մտքերը, իսկ Կամբասիոն դաշտ էր դուրս գալիս և ցույց տալիս՝ «4 պաշտպանով ենք խաղում»: Նրան Գասպերինիից շատ էին լսում:

Դաշտում արգենտինացին սովորաբար հենակետային կիսապաշտպանի դիրքում էր խաղում, բայց կարողանում էր ամեն ինչ անել, դրա համար էլ վաղ է կանխատեսել նրա մարզչակաn ոճը: Մի բան հաստատ է՝ «Ինտերում» նրան միշտ ուրախ կլինեն տեսնել:

Խաբի Ալոնսո

Մոտ ապագայում մարզչական անձնակազմեր գլխավորող կենտրոնական կիսապաշտպանների ցուցակը բավականին տպավորիչ կլինի: Երկրպագուներից շատերը ֆուտբոլ սկսել են դիտել այն ժամանակ, երբ այս հանճարները նոր էին սկսում կարիերա կերտել: Հիմա արդեն կրտսեր սերունդն է իր համար կուռքեր ստեղծում, որոնց մեր կուռքերն են մարզելու:

Ալոնսոն տիտղոսներ է նվաճել Իսպանիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Ռեալի» ու «Բավարիայի» հետ: Ամենուր նրան յուրային են համարում: Խաբին առաջարկների պակաս չի զգա իր թիմն ընտրելու ժամին, բայց դեռ չի շտապում: Սկզբում նա բարձրաձայնեց մարզիչ դառնալու մտադրության մասին, ապա աշխատանքի անցավ «Տանգո Սկուադում»՝ «adidas»-ի թիմում: 

Ֆրենկ Լեմպարդ

Արդեն կես տարի ֆուտբոլն առանց Լեմպարդի է ապրում: «Ամբողջ ուժս ֆուտբոլին եմ տվել ու հիմա վայելում եմ հանգիստս»,- գարնանը Լեմպարդն այսպես պատասխանեց Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի առաջարկին: Իսկ ամռանը քիչ էր մնում «Օքսֆորդ Սիթիի» մարզչական շտաբը գլխավորեր, բայց նորից հետ կանգնեց: Սեպտեմբերին հայտնվեց «Չելսիում»․ Լոնդոնում մարզում է 18-ամյա ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստվում են երիտասարդական Գավաթին մասնակցել:

Հետաքրքիր ընտրություն է: Լեմպարդը ոչ թե Անտոնիո Կոնտեի, այլ Ջոդի Մորիսի հետ է աշխատում, ինչը լավ տարբերակ է փորձ ձեռք բերելու համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում