«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Հադերսֆիլդին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց առաջնության նորեկ «Հանդերսֆիլդին» և պարտություն կրեց․ «Ջոն Սմիթ – Գելֆարմ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։

Հաշիվը բացվեց 28-րդ րոպեին․ Խուան Մատան դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը, ինչից հետո դաշտի տերերն արագ գրոհ կազմակերպեցին, և Աարոն Մույը գրավեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ 5 րոպե անց Լորան Դեպուատրը կրկնապատկեց «Հանդերսֆիլդի» առավելությունը։ Թիմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում Ժոզե Մոուրինյուի սաներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: 78-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռաշֆորդը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում և խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո։

Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 20 միավորով երկրորդ տեղում և արդեն 5 միավորով է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ «Հանդերսֆիլդն» ունի 12 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Հադերսֆիլդ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1
Գոլերը՝ Մույ 28՛, Դեպուատր 33՛ – Ռաշֆորդ 78՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում