Ո՞րն է Հենրիխ Մխիթարյանի պասիվության պատճառը

Ֆուտբոլում աննկարագրելի մեծ է երկրպագուների ազդեցությունը: Եղել են դեպքեր, երբ երկրպագուները «հեռացրել» էր սիրելի թիմի գլխավոր մարզչին, ծեծել ֆուտբոլիստներին, հոգեբանորեն ազդել ակումբի ղեկավարության որոշումների և ֆուտբոլիստների խաղի վրա: Շատ երկրպագուների ուշադրության կենտրոնում առաջնահերթ հարձակվողական ոճի ֆուտբոլիստներն են, որոնցից միշտ արդյունավետ խաղ են ակնկալում: Եվ երբ ֆուտբոլիստը 4-5 խաղ չի կարողանում գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել, հայտնվում է քննադատության ալիքի տակ: Այժմ ադպիսի իրավիճակում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Կարելի է ասել, որ երկրպագուները կարողացան ազդեցություն ունենալ նաև Ժոզե Մոուրինյուի վրա․ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Հադերսֆիլդի» դեմ խաղում Մխիթարյանը մնացել էր պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում:

Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը հիանալի դասավորվեց: ԱՊԼ-ի առաջին 3 տուրից հետո հայ ֆուտբոլիստը դարձել էր 5 գոլային փոխանցման հեղինակ: Թվում էր, որ Հենրիխը կշարունակի նույն տեմպով, բայց վերջին խաղերում նա չի մասնակցել ՄՅՈՒ-ի գոլերին, ինչը սկսել է անհանգստացնել «կարմիր սատանաների» երկրպագուներին: «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերում Հենրիխը դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ (17.09.2017, ԱՊԼ-ում «Էվերթոնի» դեմ, 27.09.2017 ՉԼ-ում ԲԿՄԱ-ի դեմ ) և ոչ մի գոլային փոխանցում չի կատարել:

Դիտարկենք Մխիթարյանի խաղն օգոստոսի 26-ից առ այսօր: Վերջին գոլային փոխանցումը նա կատարել է հենց այդ օրը՝ ԱՊԼ-ի 3-րդ տուրի «Լեսթերի» դեմ խաղում:

Չեմպիոնների լիգայում

Այս մրցաշրջանի 3 խաղում Մխիթարյանը ստեղծել է 5 գոլային պահ, խփել է 1 գոլ և ոչ մի գոլային փոխանցում չի կատարել:

Անգլիայի Պրեմիեր լիգայում

Վերջին 6 խաղում Հենրիխ Մխիթարյանը ստեղծել է ընդամենը 9 գոլային պահ: Համեմատության համար նշենք, որ Կևին դե Բրյունեն նույն ժամանակահատվածում ստեղծել է 21 գոլային պահ, Դավիդ Սիլվան՝ 14, Կրիստիան Էրիկսենը՝ 12: Նրանցից յուրաքանչյուրի խաղն ավելի վառ ու դիտարժան է երևում, քան Մխիթարյանինը:

Իսկ ի՞նչը կարող է լինել Մխիթարյանի պասիվության պատճառը: 

Խաղային դի՞րքը։ Ո՛չ: Վերջին 8 խաղից 7-ում Մխիթարյանը խաղացել է իր համար լավագույն՝ 10 համարի դիրքում: Գոլային պահեր ստեղծելու համար դրանից իդեալական դիրք չկա։

Հոգնածությո՞ւնը։ «Լեսթերի» և «Բենֆիկայի» դեմ խաղերի միջև ընկած ժամանակահատվածը կազմում է 53 օր: Այդ ընթացքում Մխիթարյանն անցկացրել է 12 հանդիպում (ՄՅՈՒ-ում՝ 8, Հայաստանի հավաքականում՝ 4 խաղ): Մրցաշրջանի մեկնարկից անցել է 2 ամսից մի փոքր ավելի, և դժվար թե հոգնածությունը կամ ծանրաբեռնվածությունն ազդի Մխիթարյանի խաղի վրա, առավել ևս, որ նա մասնակցել է ՄՅՈՒ-ի նախամրցաշրջանային փուլին:

Մոուրինյուի մարտավարությո՞ւնը։ Ամենահավանական տարբերակը: Ժոզեն յուրահատուկ «տաղանդ» ունի հարձակողական ֆուտբոլիստների որակները սահմանափակելու հարցում: Այդպիսի իրավիճակում են հայտնվել մի շարք ֆուտբոլիստներ՝ Էդեն Ազարը, Վիլլիանը, Խուան Կուադրադոն: «Հադերսֆիլդի» դեմ վերջին խաղն էլ ապացուցեց, որ Մոուրինյուի մարտավարությունը կարող է հանկարծակի փլուզվել սեփական ֆուտբոլիստների սխալների պատճառով:

Ամփոփում

Ճիշտ է, Հենրիխ Մխիթարյանը վերջին խաղերում աչքի չի ընկնում արդյունավետ գործողություններով, բայց նրա թիմակիցները ևս չեն փայլում վառ խաղով: Հետևություն՝ ինչ-որ բան այն չէ մարտավարության հետ, իսկ դրա համար մեկ պատասխանատուն գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն է:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում