Զիդան․ Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իրեն աշխարհի լավագույն մարզիչը չի համարում։ Զիդանը Մասիմիլիանո Ալեգրիի («Յուվենտուս») և Անտոնիո Կոնտեի («Չելսի») հետ հավակնում է տարվա լավագույն մարզչի կոչմանը։ ՖԻՖԱ-ն հաղթողի անունը հրապարակելու է հոկտեմբերի 23-ին, Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։

-Ես չեմ կարծում, թե աշխարհի լավագույն մարզիչն է։ Դա հեռու է իրականությունից։ Պարզապես իմ բախտը բերել է՝ աշխատում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ։ Անկեղծ կլինեմ՝ սիրում եմ այն, ինչ անում եմ, աշխատանքս կրքով եմ կատարում և աստիճանաբար ավելի լավ մասնագետ եմ դառնում։ Եթե ինձ հանձնեն մրցանակը, սիրով կընդունեմ այն, սակայն չեմ փոխի կարծիքս՝ ես աշխարհում լավագույնը չեմ,- ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Զիդանը։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016 թվականի հունվարին։ Այս ընթացքում «սերուցքայինները» 7 տիտղոս են նվաճել՝ 2 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում, դարձել են Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում