WTA. Ամփոփիչ մրցաշարի 8 մասնակիցներից 7-ը կարող է դառնալ առաջին ռակետ

Սինգապուրում ընթացող WTA Ամփոփիչ մրցաշարի արդյունքներով մասնակից 8 թենիսիստուհիներից 7-ը կարող է դառնալ աշխարհի առաջին ռակետ։

Պատվավոր կոչմանը չի հավակնում միայն ֆրանսուհի Կարոլին Գարսիան։ Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հնարավորություններն էլ զգալի քիչ են, քանի որ նա առաջին ռակետի կոչման համար պայքարից դուրս կմնա, եթե ռումինուհի Սիմոնա Հալեպը պարզապես մասնակցի խմբային փուլի բոլոր 3 խաղերին։ «WTA Tour Finals»-ում, ի տարբերություն մյուս մրցաշարերի (այդ թվում՝ տղամարդկանց Ամփոփիչ մրցաշարի) միավոր են ստանում ոչ միայն հաղթանակների, այլև խաղերին մասնակցելու համար։ Խմբային փուլի մեկ խաղի համար տրվում է 125 միավոր։ Այսպիսով, միայն խմբային փուլին մասնակցելուց հետո Հալեպի ընդհանուր վարկանիշը կլինի 6050, իսկ Օստապենկոն չի կարողանա 6010-ից ավելի միավոր ունենալ։

Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկին և ամերիկուհի Վինուս Ուիլյամսը կկորցնեն հնարավորությունները, եթե Հալեպը խմբային փուլում ընդամենը մեկ հաղթանակ տոնի կամ երկու հաղթանակ տոնի իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան։

Ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի և Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովայի հնարավորություններն ավելի մեծ են, բայց նրանց հաջողությունը ևս կախված է Հալեպի և Մուգուրուսայի արդյունքներից։ Մուգուրուսան տարին կավարտի WTA վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում, եթե հաղթի Ամփոփիչ մրցաշարում։

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում