4 տարվա համագործակցությունն ավարտեց․ Վավրինկան մնացել է առանց մարզիչ

Շվեդ մարզիչ Մագնուս Նորմանը շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկայի հետ 4 տարի աշխատելուց հետո որոշել է դադարեցնել համագործակցությունը։

«Երկար մտորումներից հետո որոշեցի ապագաս նվիրել ընտանիքիս։ Ես երկու երեխա ունեմ․ ժամանակն է, որ նրանց կողքին լինեմ։ Չէի կարող պատկերացնել ավելի լավ աշխատանք, քան Ստենի հետ համագործակցությունն էր, դրա համար էլ սա կյանքիս ամենաբարդ որոշումներից էր։ Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Ստենի հետ։ Նա հիանալի թենիսիստ է, բայց ավելի կարևոր է այն, որ նա հիանալի մարդ է,»- հայտարարել է Նորմանը։

Իր հերթին Ստեն Վավրինկան, ով շարունակում է ապաքինվել ծնկի վիրահատությունից հետո, գրառում է կատարել «Twitter»-ի իր պաշտոնական էջում․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մագնուսին 4 տարվա համատեղ աշխատանքի համար։ Միշտ շնորհակալ կլինեմ նրան այս ժամանակահատվածի համար։ Նա ինձ օգնել է առաջընթաց գրանցել և հաղթել «Մեծ Սաղավարտի» 3 մրցաշարում։ Նա ոչ միայն իմ թիմի, այլև ընտանիքիս անդամն էր դարձել։ Այժմ կենտրոնացած եմ ապաքինմանս վրա, հետո կմտածեմ հաջորդ քայլերի մասին»։

Հավելենք, որ Նորմանի հետ Վավրինկան 2014 թվականին հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 2015-ին՝ «Ռոլան Գարրոսում», 2016-ին՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Բացի այդ, Վավրինկան Նորմանի հետ համագործակցության ընթացքում ATP վարկանիշային աղյուսակում բարձրացել է երրորդ հորիզոնական։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում