Զիդան. «Ռեալը» կարող է վերացնել 8 միավորի տարբերությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ժիրոնայից» կրած արտագնա պարտությունը (1:2): Այդ տուրից հետո «սերուցքայիններն» առաջատար «Բարսելոնային» զիջում են 8 միավորով:

«Երեք միավոր կորցրեցինք: Այժմ առաջատարից հետ ենք մնում 8 միավորով, սակայն դա ոչինչ չի փոխում, կարող ենք վերացնել այդ տարբերությունը: Մենք դեռ լավ օրեր ենք ունենալու, իսկ մեր մրցակիցները միավորներ են կորցնելու:

Չեմ կարծում, թե «Ժիրոնայի» դեմ վատ էինք խաղում: Չի կարելի ասել, որ մեր ֆուտբոլիստներին չբավարարեց ինտենսիվությունը: Հենց այդ պատճառով այս պարտությունը անհանգստացնող է, որովհետև այն կենտրոնացվածության բացակայության հետևանքով էր: Մրցակիցն իր առաջին գոլը խփեց եզրային նետումից հետո: Մենք այդ պահին ուշադիր չէինք:

Չեմպիոնների լիգայի ու Պրիմերայի միջև տարբերություն չեմ դնում: Չենք ալարում աշխատել առաջնության խաղերի ժամանակ: Ընդհակառակը, դա մեր ամենօրյա աշխատանքն է: Այո, «Ռեալը» կրկին միավորներ կորցրեց, բայց մեր թիմը նախկինի պես հաղթանակների քաղց ունի»,- 45-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում