Չեմպիոնների լիգային մասնակցող թիմերի աստղային երկրպագուները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անակնկալներով լի հանդիպումներին հետևելուն զուգահեռ տեսնենք, թե ովքեր են մրցաշարի մասնակից ակումբների աստղային երկրպագուները։

A խումբ

«Բազել» – Ռոջեր Ֆեդերեր

Թենիսի լեգենդը հարազատ քաղաքի ակումբի հավատարիմ երկրպագուներից է: Ֆեդերերը հաճախ օրակարգն այնպես է դասավորում, որ «Բազելի» հանդիպումները բաց չթողնի:

««Բազելի» մարզադաշտում միշտ յուրահատուկ զգացողություն ես ունենում: 2002-ին ականատես էի, երբ երկար տարիների սպասումից հետո թիմը չեմպիոն դարձավ։ Երկրից դուրս գտնվելու դեպքում հեռուստացույցով հետևում եմ խաղերին»,-ասում է թենիսիստը։

«Բենֆիկա» – Մադոննա

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհին Լիսաբոն տեղափոխվելուց հետո միանգամից բարձրաձայնեց «Բենֆիկայի» երկրպագու լինելու մասին: Նա մարզադաշտ գնաց, ապա որդուն՝ Դևիդ Բանդուին տեղավորեց ակումբի ակադեմիայում: Ակումբի երկրպագուներ են նաև Անտոնիու Կոշտան (Պորտուգալիայի վարչապետը), Ժոակիմ դի Ալմեյդան (դերասան):

«Մանչեսթեր Յունայթեդ» – Ուսեյն Բոլտ

Երկար տարիներ աշխարհի ամենարագավազ մարդն անգլիական ակումբի երկրպագու է դարձել Ռուդ վան Նիստերլոյի խաղը տեսնելուց հետո.

«Հենց նրա շնորհիվ սկսեցի հետևել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին։ Դրանից հետո չեմ փոխել նախընտրությունս: Թիմում մեկը մյուսի հետևից հանճարեղ ֆուտբոլիստներ են հայտնվում, ովքեր հիանալի կատարում են իրենց աշխատանքը»,-խոստովանում է Բոլտը:

ԲԿՄԱ – Դենիս Լեբեդև

Ռուս բռնցքամարտիկ, WBA աշխարհի գործող չեմպիոնը ծառայել է ԲԿՄԱ-ում, ապա ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել: «Ես ԲԿՄԱ-ի սան եմ, միշտ նրանց կողմից եմ եղել, բոլոր մարաձևերում աջակցել եմ նրանց»,-խոստովանում է 38-ամյա Լեբեդևը:

B խումբ

«Անդերլեխտ» – Էդդի Մերքս

Աշխարհի եռակի չեմպիոն, «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն հեծանվորդին շատերը համարում են բոլոր ժամանակների լավագույն մարզիկն այդ մարզաձևում: Նա ընկերոջ՝ «Անդերլեխտի» լեգենդ Պոլ վան Խիմենեսի հետ պարբերաբար այցելում է «Կոնստանտ Վանդեն Սթոք»:

«Որպես ակումբի երկրպագու` առաջին անգամ խաղին հետևել եմ, երբ վան Խիմենեսը՝ որպես մարզիչ, թիմին դաշտ դուրս բերեց: Դա 1982-ին էր: Ակումբի նախկին նախագահ Կոնստանտ Վանդեն Սթոքը գիտեր, որ Պոլի ընկերն եմ ու ինձ հրավիրեց խաղին»,- պատմել է հեծանվորդը։

«Բավարիա» – Նիկո Ռոսբերգ

«Ֆորմուլա-1»-ի աստղի մայրը վաղուց Դորտմունդի «Բորուսսիայի» երկրպագու է, բայց Նիկոն մյունխենյան ակումբի կողմից է: Նա թիմի խաղացողներից մի քանիսի հետ ընկերություն է անում ու նկարահանվել է ակումբի գովազդներից մեկում: Մյունխենյան ակումբի երկրպագուներ են նաև Բորիս Բեկկերը (թենիսիտ), Մագդալենա Նոյները (բիաթլոնիստ): 

«Պարի Սեն Ժերմեն» – Թեդի Ռիներ

Ձյուդոյի աշխարհի ամենահայտնի մարզիկներից մեկը ՊՍԺ-ի երկրպագու է: Օլիմպիական խաղերի երկակի, աշխարհի ութակի չեմպիոնը եվրագավաթում թիմի ոչ մի հանդիպում բաց չի թողնում այն օրվանից սկսած, երբ առաջին անգամ նրան նկատեցին «Պարկ դե Պրենս» արենայում․

«Դա Ռոնալդինյոյի խաղալու տարիներին էր (2001-03)։ Նա մինչև հիմա իմ կուռքն է: Ինձ ոգեշնչում է, թե նա ինչ ուրախությամբ է սպորտով զբաղվում»,- ասում է Ռիները։

Փարիզյան ակումբի երկրպագու է նաև Նիկոլա Սարկոզին (Ֆրանսիայի նախկին նախագահ): 

«Սելտիկ» – Ռոդ Սթյուարտ

Հայտնի երգիչն այս ակումբի երկպագուն է: Սիրելի ֆուտբոլիստը Ջիմի Ջոնսթոնն է՝ 1967-ի «Սելտիկի» հերոսներից մեկը, ով նվաճեց Եվրոպական չեմպիոնների գավաթը: 2012-ին Սթյուարտն ուրախությունից լալիս էր, երբ ակումբն իր 125-ամյակը նշելիս սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Ակումբի հանդեպ սերը երգիչն արտահայտել է «You’re in My Heart» կատարման մեջ:

C խումբ

«Ատլետիկո» – Իսպանիայի արքա Ֆիլիպ VI

8 տարեկանում Ֆիլիպը հոր՝ Խուան Կառլոս I հետ հետևել է «Սանտյագո Բերնաբեու» արենայում պատմության մեջ վերջին անգամ անցկացված Գեներալիսիմուսի գավաթի եզրափակիչ խաղում «Ատլետիկոյի» տարած հաղթանակին (1977-ից Իսպանիայի գավաթն անվանեցին Արքայական գավաթ): Սկզբունքային հակառակորդի դաշտում «հնդկացիները» դժվարությամբ հաղթել են «Սարագոսային»: Արքան այդ օրվանից չի թաքցնում ակումբի հանդեպ իր զգացմունքները:

Ակումբի երկրպագուներ են նաև Խավյեր Բարդեմը (դերասան), Խավյեր Կաստիլյեխոն (բռնցքամարտիկ), Կառլոս Ձինը (դիջեյ):

«Ռոմա» – Մոնիկա Բելուչի

«Ռոման» աստղային շատ երկրպագուներ ունի, որոնց թվում է նաև դերասանուհի Մոնիկա Բելուչին:

«Ես «Ռոմայի» երկրպագու եմ: Լավ եմ ճանաչում Ֆրանչեսկո Տոտտիին: Անկեղծ ասած, նա միակ ֆուտբոլիստն է, ում հետ անձամբ ծանոթ եմ»,-ասել է Բելուչին:

«Ռոմայի» երկրպագուներից է նաև կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն. «Ով Հռոմում է ծնվել, կարող է միայն «Ռոմային» երկրպագել։ Հայրս բարկանում էր, երբ ասում էի, թե ցանկանում եմ «Լացիոյին» երկրպագել: Նա արագ համոզեց ինձ, որ «Ռոման» կիրք է և ուժ»,- ասել է «Օսկարի» մրցանակակիրը։

«Չելսի» – Ուիլ Ֆերել

«Գնացի խաղը դիտելու, ինձ շարֆ նվիրեցին, հետո նաև մարզաշապիկ: Մի քանի անգամ կրեցի այն ու դարձա «Չելսիի» երկրպագու: Ինձ դուր է գալիս կապույտը»,-պատմում է հայտնի դերասանը

Ակումբի երկրպագուներ են նաև Օուեն Ուիլսոնը (դերասան), Դեյմոն Ալբարնը («Blur» խմբի մենակատար), Մորտեն Հարկետը («A-Ha» խմբի մենակատար):

 D խումբ

«Բարսելոնա» – Կոբե Բրայանտ

NBA նախկին գերաստղը «Բարսելոնայի» երկրպագու է: Հնարավոր է, որ պատճառն ընկերն է՝ «Լեյկերսի» նախկին խաղընկեր Պո Գազոլը: Կոբին անտարբեր չէ նաև «Միլանի» նկատմամբ:

«Եթե ձեռքս կտրեք՝ 4 գույն կտեսնեք: Նախ կապույտ ու նռնագույն, ապա՝ կարմիր և սև»,-ասում է Բրայանտը:

«Օլիմպիակոս» – Միկիս Տեոդորակիս

Հույն հանճարեղ կոմպոզիտորը կարծում է, որ ֆուտբոլը ժամանակակից հասարակության համար կենտրոնական նշանակություն ունի: Նա չի թաքցնում «Օլիմպիակոսի» նկատմամբ սերը: «Իմ կյանքում փոխել եմ քաղաքական հայացքներս, բայց «Օլիմպիակոսին» անդավաճան եմ»,- ասում է Տեոդորակիսը։

«Սպորտինգ» – Էրիկ Կանտոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը «Սպորտինգին» սկսել է երկրպագել որդու խաղին հետևելուց հետո: Ավելի ուշ դարձել է ակումբի 150.000-րդ անդամը: «Ինձ այստեղ դուր է գալիս։ Ինձ համար պատիվ է հանճարեղ ակումբի անդամը լինել»,-ասում է Կանտոնան։ 

«Յուվենտուս» – Լուչիանո Պավարոտի

2007-ին կյանքից հեռացած օպերային լեգենդար տենորն ամբողջ կյանքում «Յուվեի» երկրպագու է եղել: «50-ականներից, երբ դեռ երեխա էի, ես երկրպագում եմ «Յուվենտուսին»: Միշտ գնահատել եմ նրանց երախտապարտ ու անկեղծ ոճը, որի պատճառով էլ նրանց «ծեր սենյորա» են անվանել»,-խոստովանել է Պավարոտին:

Ակումբի երկրպագուներ են նաև Էմիլի Ռատակովսկին (մոդել), Էրոս Ռամազոտին (երգիչ):

E խումբ

«Լիվերպուլ» – Սեմուել Լ.Ջեքսոն

Հոլիվուդի աստղը «Ֆորմուլա 51» ֆիլմի լիվերպուլյան նկարահանումների ժամանակ էլ դարձել է ակումբի երկրպագու: «Երբեք արժանի ֆուտբոլ չէի դիտել մինչև Լիվերպուլում լինելս։ Արդյունքում բավականաչափ ժամանակ անցկացրի մարզադաշտում «You’ll Never Walk Alone» երգը կատարելով»,-ասում է 68-ամյա դերասանը:

Ակումբի երկրպագուներ են նաև Մայք Մայերսը (դերասան), Dr.Dre-ն (ռեփեր), Դենիել Կրեյգը (դերասան), Կարոլինա Վոզնյացկին (թենիսիստուհի):

«Մարիբոր» – Անժե Կոպիտար

«Լոս-Անջելես Քինգսի» հարձակվողն ակումբի կրքոտ երկրպագուներից է: 2015-ին չեմպիոնական տիտղոսը տոնելու ժամանակ հոկեյիստին ակումբի մարզաշապիկ են նվիրել այն նույն 11 համարով, որով նա սառույցին է ելույթ ունենում:  Ակումբի երկրպագու է նաև Սաշա Վույաչիչը (բասկետբոլիստ):

«Սևիլյա» – Պաս Վեգա

Իսպանական ու հոլիվուդյան ֆիլմերի աստղը մեծացել է Սևիլիայում ու հյուրընկալվում է «Ռամոն Սանչես-Պիսխուան» մարզադաշտի նախագահական օթյակում սիրելի թիմի տնային խաղերի ժամանակ։

«Սպարտակ» – Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մանկուց երկրպագում է «Սպարտակին», հաճախ այցելում թիմի հանդիպումներին: Լավրովի հեռախոսին փակցված է ակումբի նշանը: «Սպարտակը» ոգի ունի, որն իմ կարծիքով մեծապես արտահայտում է ռուս ազգի ոգին: Այնպես որ` ակումբի նկատմամբ հետաքրքրվածությունս շատ բնական է»,-ասում է նախարարը:

F խումբ

«Մանչեսթեր Սիթի» – Գալահեր եղբայրներ («Oasis» խումբ)

Թիմի մանչեսթերյան հանդիպումների ժամանակ մարզադաշտում հաճախ «Oasis» խմբի կատարումներն են հնչում: Ռոք խմբի անդամներ Լիամ և Նեոլ Գալահեր եղբայրները «Սիթիի» երկրպագուներից են:

«1971-ին առաջին անգամ ֆուտբոլային աշխարհում հայտնվեցի: Հայրս ինձ «Սիթի»-«Նյուքասլ» խաղին էր տարել: Այդ օրվանից նրանք իմ սիրելի թիմն են»,-ասում է Նոելը:

«Նապոլի» – Պաոլո Սորենտինո

«Օսկարի» արժանացած ռեժիսորը «Նապոլիի» մեծ երկրպագու է: 2014-ին Ամերիկյան ակադեմիայի կինոարտադրողների «Օտարալեզու լավագույն ֆիլմ» մրցանակը ստանալիս Պաոլոն ասել է. «Շնորհակալություն ոգեշնչման իմ աղբյուրներին՝ Ֆեդերիկո Ֆելինիին, «Talking Heads»-ին, Մարտին Սկորսեզեին ու Դիեգո Մարադոնային»: 

«Ֆեյենորդ» – Դենիս վան դեր Գեսթ

Ձյուդոյի աշխարհի նախկին չեմպիոնը «Ֆեյենորդի» երկրպագու է դեռ մանկուց, իսկ 2005 թվականից ակումբի դեսպանն էր: «Սա իմ ակումբն է, թեև ինքս Հարլեմից եմ: Մեզ մոտ բոլորն «Այաքսի» երկրպագուներ են, ինչն էլ մեխանիկորեն ինձ «Ֆեյենորդի» երկրպագու է դարձրել: Բնավորությունս է այդպիսին»,-ասել է Գեսթը:

«Շախտյոր» – Սերգեյ Բուբկա

Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոնը խոստովանել է. «Մանկությանս տարիներին երազում էի ֆուտբոլիստ դառնալ, բայց այլ կերպ ստացվեց: Ֆուտբոլը, այսպես թե այնպես, իմ սրտում է ու 1979-ից «Շախտյորին» եմ երկրպագում»,-ասել է աթլետը:

G խումբ

«Բեշիկթաշ» – Վիգո Մորտենսեն

«Մատանիների տիրակալը» ֆիլմում Արագորնի դերակատարը 2012-ին հայտնվել է «Ինենյու» մարզադաշտում ու թուրքական թիմին սկսել է սիրել հարձակողական ոճի համար: Մորտենսենը սոցիալական ցանցերում հաճախ ակումբին նվիրված գրառումներ է կատարում:

«Մոնակո» – Իշխան Ալբեր

2011-ից Մոնակոյի Իշխանը հետևում է թիմի խաղերին ու իրեն ակումբի երկրպագու կոչում: Իշխանը ժամանակին ֆուտբոլով է զբաղվել, հիմա էլ փորձում է բաց չթողնել «Մոնակոյի» հանդիպումները: Հպարտությամբ կրում է կարմիր շարֆը: Ակումբի երկրպագու է նաև Նովակ Ջոկովիչը (թենիսիտ):

«Պորտու» – Սառա Սամպայո

Թոփ-մոդելը չի թաքցնում ֆուտբոլի նկատմամբ իր սերը. «Ես Պորտուից եմ, հյուսիսից, և մերն է աշխարհի լավագույն թիմը»: Սառան մի անգամ թվիթերում նշել էր, որ «Պորտուի» մարզահագուստ չունի: Ակումբի պատասխանը չէր ուշացել. «Մարզաշապիկը պատրաստ է ու սպասում է ձեզ: Ե՞րբ կգաք այն վերցնելու»: Սառան վերցրել էր մարզաշապիկը, ապա այցելել ակումբի թանգարան:

«Լեյպցիգ» – Ռալֆ Միլլեր

Հոլիվուդյան դերասանը վերջերս ողջունել է թիմի հաջողությունները. «Ինձ ուրախացնում է, որ 4-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումբը 4 տարում Բունդեսլիգա հասավ: Հավատում եմ, որ թիմը կարող է Գերմանիայի չեմպիոն դառնալ»:

H խումբ

ԱՊՕԵԼ – Յոն-Արնե Րիսե

«Լիվերպուլի» ու «Ռոմայի» նախկին ձախ պաշտպանը Կիպրոսում ընդամենը 1 մրցաշրջան է անցկացրել (2014-15թթ․), բայց հասցրել է խաղալ Չեմպիոնների լիգայում, հակամարտել «Բարսելոնային», «ՊՍԺ»-ին ու «Այաքսին», հաղթել երկրի առաջնությունում ու գավաթի խաղում: Հիմա նա ԱՊՕԵԼ-ի երկրպագու է:

«Բորուսսիա Դորտմունդ» – Հելենա Ֆիշեր

Երգչուհին «Բորուսսիայի» որոշ ֆուտբոլիստներին անտարբեր չի թողել իր տաղանդով, ինքն էլ իր հերթին ակումբի երկրպագու է: 2013-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ նա համաձայնել էր հանդես գալ ակումբային երեկույթին: Դորտմունդցիները պարտվել էին, բայց Ֆիշերը կարողացել էր բարձրացնել տղաների տրամադրությունը: Մյունխենյան համերգի ժամանակ Ֆիշերին «Բորուսսիայի» գույներով շարֆ են նվիրել: Հանդիսատեսն այնքան էլ չեն ողջունել երկրպագուի քայլը:

«Ռեալ» – Ռաֆայել Նադալ

Իսպանացի թենիսիստը պարբերաբար ներկա է գտնվում «Ռեալի» հանդիպումներին: «Մեծ Սաղավարտի» բազմակի չեմպիոնին մի անգամ հարցրել են ակումբի նախագահի պաշտոնի մասին ու նա պատասխանել է. «Երբեք չգիտես, թե ինչ կարող է կատարվել»: Այնպես որ՝ Պերեսի փոխարեն Նադալին տեսնելիս անակնկալի չգաք:

Մադրիդյան ակումբի երկրպագուներ են նաև Ջենիֆեր Լոպեսը (երգչուհի), Սերխիո Գարիսան (գոլֆիստ), Պենելոպա Կրուսը (դերասանուհի):

«Տոտենհեմ» – Ռուպերտ Գրինտ

Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմում Ռոնին մարմնավորող դերասանը պարբերաբար «Տոտենհեմի» մարզադաշտ է այցելում: «Պապիկս մի ժամանակ մարզադաշտում իր տեղն ուներ, դրա համար էլ «Տոտենհեմի» երկրպագու եմ»,-ասում է Գրինտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում