ՀՖՖ. Որակազրկում Խաշմանյանին, առանց երկրպագուների խաղ` «Շիրակին»

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:  ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ նիստի ժամանակ որոշում է կայացվել Բարձրագույն խմբի «Շիրակ» – «Ալաշկերտ» հանդիպումից (0:1) հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երևանցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և գյումրեցի երկրպագուները վիրավորանքներով են փոխանակվել: Այդ պահին Խաշմանյանին մոտեցել է «Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանը և հարվածել մարզչին, ինչը քաշքշուքի պատճառ է դարձել:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշել է.

1. Տեղի ունեցած միջադեպի համար` «Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150 000 դրամ:

2. «Շիրակ» թիմին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` մեկ խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150 000 դրամ:

3. «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 200 000 դրամ:

Կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ գյումրեցիների առաջիկա տնային հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին, երբ «Շիրակը» կմրցի «Բանանցի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում