Գաբի. Եվրոպա լիգայում խաղալը զզվելի է

Մադրիդի «Ատլետիկոյի» ավագ Գաբին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ադրբեջանական «Ղարաբաղի» հետ հանդիպումից (1:1) հետո կարծիք է հայտնել Եվրոպա լիգայում հայտնվելու հեռանկարի մասին:

«Եվրոպա լիգայում խաղալը զզվելի է՝ չնայած այդ մրցաշարն ինձ շատ է օգնել: Եթե այնտեղ հայտնվենք, բնականաբար, պայքարելու ենք չեմպիոնության համար: Ամենավատն այն է, որ Չեմպիոնների լիգայի մեր խմբում արդեն ամեն ինչ կախված չէ «Ատլետիկոյից»: Պետք է փորձենք տանը հաղթել «Ռոմային» և հուսալ, որ «Ղարաբաղը» չի պարտվի «Չելսիին»:

Այս պահի դրությամբ մենք չենք հայտնվում փլեյ-օֆֆում: Հնարավորություն դեռ կա, բայց այն չնչին է»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում sport.es-ը:

Հիշեցնենք, որ 4 տուրից հետո «Ռոման» ունի 8 միավոր, «Չելսին»` 7, «Ատլետիկոն»` 3, իսկ «Ղարաբաղը»` 2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում