ՉԼ․ «Ռեալը» պարտվեց Լոնդոնում, «Բորուսսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում հյուրընկալվեց «Տոտենհեմին» և պարտվեց․ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։

Մաուրիսիո Պոչետինոյի սաները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, և խաղակեսի միջնամասում բացեցին հաշիվը․ 27-րդ րոպեին Կիրան Տրիպյերի փոխանցումից հետո աչքի ընկավ Դելե Ալին։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, Ալին երկրորդ գնդակն ուղարկեց Կիկո Կասիլյայի պաշտպանած դարպասը, իսկ 9 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Կրիստիան Էրիկսենը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «սերուցքայինները» կարողացան միայն մեկ գոլ խփել․ 80-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն։

H խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսսիան» չկարողացավ հաղթել ԱՊՕԵԼ-ին․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Դորտմունդցիներից գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Գերեյրուն, իսկ ԱՊՕԵԼ-ից հաշիվը հավասարեցրեց Պոտեն։

Այս հանդիպումներից հետո «Տոտենհեմը» 10 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, «Ռեալն» ունի 7 միավոր, իսկ «Բորուսսիան» և ԱՊՕԵԼ-ը՝ 2-ական։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
H խումբ

«Տոտենհեմ» – «Ռեալ»՝ 3։1
Գոլերը՝ Ալի 27՛, 56՛, Էրիկսեն 65՛ – Ռոնալդու 80՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Բորուսսիա Դորտմունդ» – ԱՊՕԵԼ՝ 1։1
Գոլերը՝ Գերեյրու 29՛ – Պոտե 51՛ 

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում