ԵԱ. «Վարդարը» պարտվեց Իսպանիայում, «Զենիթը» փրկվեց վերջին րոպեին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլին մասնակցող «Վարդարը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու հարձակվող Տիգրան Բարսեղյանը, վերջնականապես զրկվեց փլեյ-օֆֆ մտնելու հնարավորությունից:

Մակեդոնական թիմը հյուրընկալվել է «Ռեալ Սոսյեդադին» ու 0:3 հաշվով պարտություն կրել: Բասկերի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Խուանմին (31-րդ րոպե), Ալբերտո դե լա Բիլյան (69) և Յոն Բաուտիստա Օրգիյեսը (81):

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Զենիթը» Նորվեգիայում մրցել է «Ռուսենբորգի» հետ և վերջին րոպեն խուսափել պարտությունից: 55-րդ րոպեին տանտերերին 11-մետրանոց հարվածով առաջ է մղել դանիացի Նիկլաս Բենդտները: 90+3 րոպեին Ալեքսանդր Կոկորինը կարողացել է պատասխան գոլը խփել:

Տեսանյութ

«L» խմբի չորրորդ տուրից հետո «Զենիթն» ունի 10 միավոր և առաջին տեղում է: «Ռեալ Սոսյեդադը» 9 միավորով զբաղեցնում երկրորդ հորիզոնականը, «Ռուսենբորգը» 4 միավորով երրորդն է, իսկ «Վարդարը» 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում