Պաշտոնական. Պիրլոն ավարտեց կարիերան

«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի՝ «Կոլամբուս Կրյուի» դեմ պատասխան հանդիպումից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին: «Քաղաքայինները» հաղթել են 2:0 հաշվով, սակայն դուրս են մնացել պայքարից, որովհետև առաջին խաղում զիջել էին 1:4 հաշվով:

«Ավարտվեցին իմ արկածները ոչ միայն MLS-ում, այլև ընդհանուր ֆուտբոլում: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքին ու երեխաներին, որ միշտ իմ կողքին էին և ջերմություն էին հաղորդում ինձ: Շնորհակալ եմ նաև բոլոր թիմերին, որոնց կազմում պատիվ եմ ունեցել հանդես գալու: Երախտապարտ եմ նաև այն մարդկանց, որոնք նպաստեցին իմ անհավանական կարիերայի զարգացմանը:

Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ աշխարհում իմ երկրպագուներին, որ աջակցում էին ինձ: Դուք միշտ իմ սրտում կմնաք»,- 38-ամյա իտալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Պիրլոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բրեշիայի», «Ինտերի», «Ռեջինայի», «Միլանի», «Յուվենտուսի» ու «Նյու Յորք Սիթիի» կազմում:

Ակումբային կարիերայում նա 16 տիտղոս է նվաճել, այդ թվում 6 անգամ դարձել Ա Սերիայի չեմպիոն ու 2 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Իտալիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը 2006 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում