Արթուր Պետրոսյան. Մնում եմ Հայաստանի հավաքականում

Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական խաղից (4:1) հետո Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ամփոփեց հանդիպումը, ինչպես նաև տեղեկություն հայտնեց իր ապագայի վերաբերյալ։

Խաղի մասին

«Ամենակարևորը փորձարկումներն էին, որպեսզի տեսնեինք հրավիրված խաղացողներին: Խաղադաշտ դուրս եկածների կեսը Հայաստանի առաջնության ներկայացուցիչներ էին: Կարևոր էր նրանց տեսնել միջազգային խաղում: Կարծում եմ` վատ չստացվեց»:

Ապագան

«Մնում եմ հավաքականում: Պայմանագիրս երկարաձգելու եմ երկու տարով: Հետո կտեսնենք: Դա կապված չէր այսօրվա հաղթանակի հետ»:

Առաջիկա ծրագրերը

«Մեր առաջին նպատակն Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է: Աշնանը մեկնարկում է խմբային փուլը: Պատրաստվում ենք հաջորդ փուլ դուրս գալ»:

Նույն խաղացողները

«Այո, այսօրվա թիմից շատերը նախկինում եղել են հավաքականում, բայց նրանցից ոմանք փորձ չունեին: Մենք 40-50 ֆուտբոլիստների ռեզերվ չունենք, որպեսզի անընդհատ փոխենք ֆուտբոլիստներին»:

Արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներ, ովքեր տեսադաշտում են

«Անուններ չեմ տա, բայց կնշեմ, որ կա երկու խաղացող, որոնց ելույթներին մտադիր եմ հետևել տեղում: Այնուհետև կփորձեմ նրանց հետ զրուցել հավաքական հրավիրելու շուրջ»:

Գեղամ Ղադիմյանը` ձախ պաշտպան

«Այսօր Գեղամը խաղաց ձախ պաշտպանի դիրքում, որովհետև դա կամրապնդի մրցակցությունը: Նա ինձ ասաց, որ վերջին անգամ պատանի տարիքում է գործել այդ դիրքում: Կային դիրքային սխալներ, այլ բացթողումներ, սակայն ընդհանուր գոհ եմ նրա խաղից: Մյուս ձախ պաշպանները տարբեր պատճառներով վերջերս բացակայում էին, ինչը նոր փորձարկման հնարավորություն տվեց»:

Մրցակիցների խաղամակարդակը խնդիր չէ

«Բելառուսն ու Կիպրոսը մեր մարկարդակի թիմեր են: Դա կօգնի նախապատրաստվել Ազգերի Գավաթի խաղերին, որոնցում նման մրցակիցներ են լինելու: Բնականաբար, փորձելու ենք ուժեղ թիմերի հետ էլ խաղալ: Մարտին և հունիսին կաշխատենք ևս չորս խաղ կազմակերպել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում