Ի՞նչ տվեց մեզ Հայաստան – Բելառուս հանդիպումը

Ի՞նչ տվեց մեզ Հայաստան – Բելառուս հանդիպումը

Նոյեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը: Մեր ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով: Sport.Times.am-ը փորձել է պարզել՝ ինչ տվեց մեր հավաքականին այս ընկերական խաղը և ինչ պետք է սպասել Կիպրոսի դեմ խաղում:

Նախ մեկնարկային կազմի մասին

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն ուներ հետևյալ տեսքը.

Առաջին հերթին աչքի է ընկնում ձախ պաշտպանի դիրքը, որտեղ խաղում էր Ղադիմյանը, որը նոմինալ եզրային կիսապաշտպան է: Ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, Լևոն Հայրապետյանը վնասվածք ունի, Գագիկ Դաղբաշյանը «Ալաշկերտում» կանոնավոր կերպով չի խաղում, այդ պատճառով էլ ձախ պաշտպանի դիրքում խաղաց Ղադիմյանը: Հաշվի առնելով բելառուսների անատամ գրոհները՝ Ղադիմյանը ավելի շատ գրոհում էր, քան պաշտպանվում: Բավականին ակտիվ էին մեր կիսապաշտպանները, բացառությամբ Արաս Օզբիլիսի: Ճիշտ է, նա դարձավ գոլի հեղինակ, սակայն առաջին խաղակեսի ընթացքում չափազանց պասիվ էր:

Դարպասապահն ու պաշտպանությունը

Ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ինչի չի կարող չուրախացնել: Ինչպես երևում է, «Ալաշկերտում» ստեղծված մրցակցությունը դրական կերպով է անդրադարձել նրա վրա: Սա այն խաղը չէր, որպեսզի գնահատական տանք պաշտպանների խաղին: Մրցակիցը գրեթե չէր գրոհում: Երկու դրվագ եղավ, երբ նկատվեց, որ Անդոնյանը կորցնում է դիրքը՝ փակելով խաղից դուրս իրավիճակը: Առաջինը ստանդարտի, երկրորդը՝ խաղային դրվագի ժամանակ: Բայց, կարծում եմ, դա շտկվող հարց է:

Կիսապաշտպանները

Մխիթարյանի մասին շատ խոսելու կարիք չկա: Հենրիխը նորից խաղում էր հենակետայինի դիրքում: Նորից պետք է գրոհները սկսեր խորքից, ինչը որոշակի դժվարություններ էր առաջացնում իր համար: Ամեն դեպքում, Մխիթարյանն ունի արագություն, որը կարելի է օգտագործել, իսկ հենակետային գոտում խաղալու ժամանակ, նա զրկվում է այդ արագությունն օգտագործելու հնարավորությունից:

Ռումյան Հովսեփյանի գործողություններում կաշկանդվածություն կար, ինչը բնական է: Նա երկար դադարից հետո առաջին անգամ հրավիրվել էր հավաքական: Բայց, Ռումյանը պետք է ավելացնի, այլապես դժվար կլինի մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար մրցակցել Գոռ Մալաքյանի կամ Արտակ Գրիգորյանի հետ:

Մարկոսի հետ նույնպես ամեն ինչ պարզ է: Եթե նա հոգնած չէ, ապա իր խաղային ինտելեկտի և տեխնիկայի հաշվին, կարողանում է օգտակար լինել թիմին: Տպավորեց նաև Էդգար Մալաքյանի խաղը: Նա բավական ակտիվ էր, շատ էր տեղափոխվում կենտրոն, և նույնիսկ հայտնվում էր հարձակվողի դիրքում:  Շատ լավ հանդիպում անցկացրեց նաև Տիգրան Բարսեղյանը, որը խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում: Նա անընդհատ տեղաշարժվում էր, պրեսինգի էր դիմում և փորձում էր ազատ գոտիներ գտնել:

Նորեկները

Այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իրենց նորամուտը նշեցին «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը:

Իշխանյանը փոխարինման մտավ 67-րդ րոպեին: Նա սկզբում տեղ զբաղեցրեց ձախ պաշտպանի դիրքում, իսկ հետո, երբ մեր ընտրանին անցավ 3 պաշտպանով խաղային սխեմային, Հայկը խաղաց ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում: Երկու դեպքում էլ նա աչքի ընկավ տպավորիչ և անձնուրաց խաղով:

Դե իսկ երիտասարդ տաղանդ Էրիկ Վարդանյանի նորամուտն ու գոլը, երջանիկ վերջակետ դրեցին այս խաղին: 19-ամյա Էրիկը փոխարինման մտավ 78-րդ րոպեին և 6 րոպե անց դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:

Ի՞նչ տվեց այս խաղը մեր հավաքականին

Առաջինը՝ նոր անուններ. երկու նորամուտ, երկուսն էլ ստացված: Երկրորդը՝ փորձարկումների հնարավորություն: Ընկերական խաղերը հենց սրանով էլ կարևոր են, քանի որ, պաշտոնական խաղերում Արթուր Պետրոսյանը Ղադիմյանին չէր օգտագործի ձախ պաշտպանի դիրքում:

Կիպրոսի դեմ խաղում փորձարկումները կշարունակվեն: Այն միտքը, որ ընկերական խաղերում արդյունքը կարևոր չէ, մեղմ ասած, սխալ է: Եթե որևէ տեղ կա մրցակցություն, կա խաղ, ապա դրական արդյունք ապահովելը կարևոր է: Միայն դրա շնորհիվ կարելի է հասկանալ՝ արդյոք արդարացվա՞ծ էին փորձարկումները:

Լուսանկարները` ՀՖՖ-ի

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում