Արթուր Ոսկանյանի զիջումները, որոնք օգնում են բոլորին, բացի Մ-21 հավաքականից

Արթուր Ոսկանյանի զիջումները, որոնք օգնում են բոլորին, բացի Մ-21 հավաքականից

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Ռուսաստանի (Մ-21) ընտրանու դեմ հանդիպումից (1:2) հետո նշեց, թե թիմի երկու կարևոր խաղացողներ Վահան Բիչախչյանն ու Հայկ Գալստյանն ինչու էին բացակայում, իսկ Էրիկ Վարդանյանը, պատրաստ չլինելով հանդերձ, խաղում:

Խաղի ընդհանուր գնահատականը

«Առաջին խաղակեսում ցանկանում էինք ավելի հարձակվողական ոճով խաղալ: Երկրորդ կեսում, փոխարինումներից հետո սկսեցինք ավելի ակտիվ գործել: Ինչ-որ չափով լավ ստացվեց, կարողացանք գրոհել, գոլ խփել»:

Էրիկ Վարդանյանի վաղ փոփարինման պատճառը

«Էրիկը չպետք է խաղար: Նա գիշերը լավ չէր քնել, և ես չէի ցանկանում նրան խաղադաշտ դուրս բերել: Նա խնդրեց, որ խաղա, մենք էլ հնարավորություն տվեցինք: Ճիշտ է` վատ քնելու ազդեցությունը միևնույն զգացվեց»:

Հարձակվողական ոճի երկու փոխարինումներից հետո պաշտպանողական ոճի ֆուտբոլիստ ասպարեզ դուրս բերելու իմաստը

«Հարձակվողական ոճի բոլոր պահեստայիններին փոխարինման դուրս բերեցինք: Երրորդը խաղադաշտ մտավ Ժիրայր Մարգարյանը, որովհետև Հակոբ Համբարձումյանի եզրում հարկավոր էր խաղացող, ով կօգներ նրան պաշտպանությունում ու հարձակման գծում»:

Ինչո՞ւ է Վահան Բիչախչյանը Մ-19 հավաքականում

«Այն մտքին ենք եկել, որ պատանեկան հավաքականին հնարավորություն տանք անցնել հաջորդ փուլ: Կարծում եմ` Մ-19-ի հավաքականին նա ավելի շատ օգուտ կտա, մասնավորապես Շոտլանդիայի ու Լյուքսեմբուրգի դեմ առաջիկա խաղերում»:

Խաղամակարդակների տարբերությունը

«Այո, պարտվել ենք, բայց ուրախացնում է, որ գեղեցիկ գոլ խփեցինք, կոմբինացիոն ֆուտբոլ էինք խաղում ու մինչև վերջ պայքարում: Ցավոք, վստահություն չկա, որ նրանք կարող են կայուն այսպես խաղալ: Միշտ ասել եմ, որ Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ֆուտբոլիստը չի կարող հավասար տեմպով գործել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների դեմ: Մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ, պարզապես նրանց հարկավոր է իրենց թիմերում շատ խաղաժամանակ ստանալ: Ուրախացնում է, որ «Շիրակում» ու «Արարատում» մարզիչները նույնպես սկսել են վստահել երիտասարդներին»: 

Հարձակվողական ֆուտբոլն առաջնային է

«Այո, հարձակվողական ֆուտբոլ խաղալիս, այսօր ավելի լավ տեսք ունեինք, քան հակագրոհային ֆուտբոլում, բայց մենք ծրագրել էինք հենց սկզբից առաջին համարով գործել: Խնդիրն այն է, որ խաղի տեմպն ամիջապես չկարողացանք «բռնել»: Դա հաջողվեց միայն երկրորդ կեսում, երբ ամբողջ թիմն էր նույն տեմպով գործում»:

Հայկ Գալստյանի բացալայության պատճառը

«Հայկին հրավեր ուղարկել էի, սակայն նրա ակումբը խնդրեց, որ այս անգամ նա չգա հավաքական, որպեսզի լավ մարզավիճակ հավաքի: Վերջին ամիսներին նա քիչ էր խաղում, եթե գար ոչինչ չէր փոխվելու, ինչը նրան չէր օգնի: Որոշեցինք ընդառաջել ու թույլ տալ, որ նա «Շտուտգարտում» լավ մարզավիճակ հավաքի: Վերջապես նա սկսել է ամբողջ խաղին մասնակցել»:

Լուսանկարը` ՀՖՖ-ի
Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում