Մարզչական նոր նշանակումներ բռնցքամարտում

Մարզչական նոր նշանակումներ բռնցքամարտում

Օլիմպավանում կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 10-րդ համաժողովը: Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների մարզիչները, մարզերի պատասխանատուները տարեկան հաշվետվություն են ներկայացել համաժողովին: Այդ մասին գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ներկաները քննարկել են բռնցքամարտում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, 2018 թվականի ծրագրերը: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր գոհունակությունն է հայտնել ազգային թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին։

«Այս տարի պրոֆեսիոնալ ռինգում հաստատվեցին մեր երեք բռնցքամարտիկները: Ընդհանուր առմամբ նրանք անցկացրին 14 մենամարտ, բոլորը հաղթանակով, որից 12-ը ավարտեցին ժամանակից շուտ: Նրանք կշարունակեն մրցել նաև սիրողական բռնցքամարտում: Հավաքականի աշխատանքը գնահատում եմ լավ՝ վերջին տարիներին մենք նման արդյունք չենք ունեցել: Կարծում եմ՝ Հովհաննես Բաչկովը դեռ իր խոսքը կասի սիրողական բռնցքամարտում:

Երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում մեդալներ չունեցավ, սակայն թիմից դժգոհ չեմ, ինչպես նաև բավարար եմ գնահատում ավագ պատանիների ու կրտսեր պատանիների թիմերի աշխատանքը»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

Արթուր Գևորգյանը նշել է, որ 2018 թվականն ազգային հավաքականի համար մեծամասամբ պատրաստական աշխատանքների տարի կլինի: Նրանք կմասնակցեն ընկերական մրցաշարերի, լավագույն մարզավիճակ ձեռք կբերեն, որ 2019 թվականին կարողանան պայքարել օլիմպիական խաղերի ուղեգրերի համար, իսկ հաջորդ տարվա կարևորագույն մրցումը կլինի Մ-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Ֆեդերացիայի նախագահը հայտնել է, որ տարվա վերջին բոլոր մարզիչները պետք է հանձնեն գործնական քննություն: Մարզչական աշխատանքը կկարողանան շարունակել այն մասնագետները, որոնք հաջող կհանձնեն քննությունը և ֆեդերացիայի կողմից համապատասխան որակավորում կստանան.

«Մենք շատ ենք հեռացել հայկական դասական բռնցքամարտից: Ունենում ենք Հայաստանի չեմպիոն, որը գալիս է հավաքական և չի տիրապետում տարրական հնարքների: Կարծում եմ՝ մարզիչների քննությունը մեզ կօգնի այս հարցը կարգավորել»:

Ֆեդերացիայի նախագահը նաև մարզչական նոր նշանակումներ է կատարել: Ազգային հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը, իսկ նրան կօգնի Վահան Ադիլխանյանը: Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը, ում օգնականը կլինի Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը: Ավագ պատանիների թիմն այսուհետ կմարզեն Արտյոմ Սիմոնյանն ու Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր պատանիների թիմը կշարունակի աշխատել Աշոտ Ավետիսյանի ղեկավարությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Խաչիկ Խաչատրյանը։

«Այժմ հավաքականներում աշխատելու հնարավորություն տալիս ենք նաև երիտասարդներին: Նրանք շատ լավ բռնցքամարտիկներ են եղել, կարծում եմ հաջող կլինի նաև մարզչական գործունեությունը»,- ասել է Արթուր Գևորգյանը:

ՀԲՖ նախագահը տեղեկացրել է, որ հավաքականների մարզիչները չեն կարող ունենալ անձնական նոր սաներ (այսպիսով հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվությունից), սակայն մարզիչները չեն թողնի այն բռնցքամարտիկներին, որոնց հետ աշխատում են տարիներ շարունակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում