Լուկակուն պատասխանում է Անրիի հարցերին

Լուկակուն պատասխանում է Անրիի հարցերին

«Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրին զրուցել է Ռոմելու Լուկակուի հետ: Ռոմալուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ադապտացիայի, քննադատության, Ռաշֆորդի հետ հարաբերությունների, Իբրահիմովիչի ազդեցության մասին: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

-Ռո՛մ, հիմա «Երազանքի թատրոնում» ենք: Ի՞նչ ես զգում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզահագուսով այս դաշտ դուրս գալիս:

-Անհավատալի զգացողություն է, պարզապես փշաքաղվում եմ: Հիշում եմ, թե ինչպես դաշտ դուրս եկա առաջին տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում.․․ Դա հիանալի էր: Զգում ես, որ այնպիսի մարզադաշտում ես խաղում, որտեղ բազմաթիվ լեգենդներ հաջողության են հասել: Թիմի հետ ցանկանում ենք ամենաբարձր արդյունքներին հասնել: Հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք, ու ես իսկապես հաճույք եմ ստանում այս թիմում խաղալիս։

-Գո՞հ ես մրցաշրջանի մեկնարկից:

-Մենք լավ վիճակագրություն ունենք: Մրցաշրջանն իսկապես լավ սկսեցինք, մեծ արագությամբ խաղացինք, շատ գոլեր խփեցինք, լավ դրսևորեցինք մեզ թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության գծում: Հետո որոշ խաղեր այլ մակարդակում անցկացրինք: Մենք միշտ ձգտում ենք հաղթել, բայց մրցաշրջանի ընթացքում կարող են լինել ինչպես վերելքներ, այնպես էլ վայրէջքներ: Ամենակարևորը հիմա կայուն հաղթանակներն են: Միավորներ ենք կորցրել «Սթոքի» ու «Հադերսֆիլդի» հետ խաղերում: «Հադերսֆիլդի» հետ խաղը հատկապես հիասթափեցնող էր, քանի որ թիմը չխաղաց այնպես, ինչպես պետք էր: Հիմա առաջ շարժվել է հարկավոր: Ամեն ինչ մեզանից է կախված։ Պետք է կենտրոնանալ և առաջ անցնել «Մաչեսթեր Սիթիից»:

-«Տոտենհեմին» հաղթելուց հետո մամուլում բացասական նյութեր հայտնվեցին: Նույնը տեղի ունեցավ նաև «Բենֆիկայի» դեմ խաղից հետո: Ինչպե՞ս ես վերաբերում նման քննադատություններին:

-Մամուլը մրցաշրջանի հենց սկզբից քննադատում է մեզ: Մենք հաղթել ենք նաև 4:0, 4:0, 4:0 հաշվով, բայց մարդիկ, միևնույն է, ասում էին, թե մենք մեծ ակումբների հետ չենք խաղացել, սա չենք արել, նա չենք արել…Փաստն այն է, որ կենտրոնացած ենք խաղի վրա: Մենք չենք կարող կենտրոնանալ դաշտից դուրս կատարվող իրադարձությունների վրա, պետք է մեր աշխատանքի վրա կենտրոնացած լինենք ու կատարենք մեզանից պահանջվելիքը: Պետք է գրավիչ ֆուտբոլ խաղանք, գոլեր խփենք ու հաղթենք:

Ֆուտբոլի դաշտից դուրս կատարվող ամեն ինչ կարող է լարվածություն առաջացնել թիմում, ազդել մթնոլորտի վրա: Մեր թիմում հիանալի է մթնոլորտը, մեզ մոտ շատ են երիտասարդ ու «սոված», ինչպես նաև փորձառու ֆուտբոլիստները, ովքեր ժամանակակից մտածողություն ունեն: Դրա համար էլ մեզանից յուրաքանչյուրը հիանալի է իրեն զգում: Ջանասիրաբար աշխատում ենք մարզումներին ու հաղթում: Կարծում եմ, որ չպետք է կենտրոնանանք մամուլի ասածների վրա։

-Պատմիր Մարկուս Ռաշֆորդի հետ հարաբերությունների մասին:

-Նրա մեջ շատ հատկանիշներ եմ տեսնում, որ կարող են օգտակար լինել ինձ, բայց նաև կարծում եմ, որ ինքս էլ շատ օգտակար հատկանիշներ ունեմ, որ կարող են օգնել նրան: «Սուոնսիի» հետ խաղից հետո նա իմ տուն եկավ եղբոր հետ, նստեցինք ընթրելու, ու նա այսպիսի հարց տվեց. «Ի՞նչ ես մեզանից սպասում այս մրցաշրջանում»: Ինձ համար պատասխանը պարզ է: Հետևյալն ասացի. «Եթե ուտես, ես էլ կուտեմ: Եթե գոլ խփես, կիմանամ, որ ես էլ տարածություն կստանամ պահը ստեղծելու և խփելու համար: Եթե ես գոլ խփեմ, ապա գիտեմ՝ դու էլ քո հնարավորությունը կստանաս: Այդպես եմ մտածում: Եսասեր չեմ: Ամենակարևորը թիմն է: Այստեղ եկել եմ Պրեմիեր լիգայում հաղթելու, տիտղոսներ նվաճելու համար: Եկել եմ քեզ ու թիմին օգնելու հաջողության հասնել: Երբ որևէ պահի վստահ եմ 100%, որ կարող ես գոլ խփել, ցանկանում եմ, որ կողքիս լինես, որ փոխանցում կատարեմ ու դու հարվածես: Դու էլ պետք է այդպես վարվես, քանի որ մենք թիմ ենք»:

Երբ խոսեցինք այդ մասին, նա սկսեց պարբերաբար գոլեր խփել, մարզումներին տեսել եմ նրա հարվածները, հմտությունները: Փորձում եմ ինչ-որ բան էլ ինքս նրանից սովորել: Լավ հարաբերությունների մեջ ենք, բայց ֆուտբոլի մասին շատ չենք խոսում: Խոսում ենք կյանքի, երաժշտության մասին, համակարգչային խաղեր խաղում: Ինձանից 100 մետր հեռավորության վրա է ապրում, դրա համար էլ հաճախ հանդիպում ենք: Թիմի համար մեծ առավելություն է նման ֆուտբոլիստ ուենալ:

-Գիտեմ, որ այդ թեմայով խոսել չես սիրում․ քո խաղաոճը: Որոշ մարդկանց կարծիքով քո բաժակը կիսադատարկ է: Շատերը կենտրոնացած են նրա վրա, ինչ չես կարողանում, ոչ թե կարողանում ես:

-Կենտրոնացած եմ այն բանի վրա, որ ամեն տարի բարելավեմ խաղս: Ամեն անգամ փորձում եմ իմ խաղին որևէ բան ավելացնել: Ինձ թվում է՝ շատ լրագրողներ պատկերացում էլ չունեն, թե որքան ժամանակ եմ ֆուտբոլին նվիրում: Նրանք չգիտեն, թե երբ եմ տուն գալիս շաբաթ օրվա խաղերից հետո, ինչ եմ անում։ Ես դիտում եմ մյուս խաղերը, հետևում եմ այլ առաջնություններին: Կիրակնօրյա իմ գլխավոր զբաղմունքը հեռուստացույցով ֆուտբոլ դիտելն է: Ֆուտբոլ, ֆուտբոլ, ֆուտբոլ: Դիտում եմ իմ խաղերը, նկատում բացթողումներս ու փորձում անել ամեն ինչ, որպեսզի մյուս անգամ չկրկնեմ:

Գիտեմ, որ շատերն ինձ որպես պատրաստի ֆուտբոլիստի են ընդունում, բայց ես 24 տարեկան եմ, ու չի կարելի ասել, թե իմ աճը կանգնել է: Կնախընտրեի, որ խաղս տարեցտարի լավանար: Չէի ցանկանա այնպիսի կարիերա ունենալ, երբ հասնում ես գագաթին ու անկում ապրում: Շատ են այնպիսի ֆուտբոլիստները, ովքեր 25 տարեկանում մեծ բարձունքների են հասել, ապա ավելի ու ավելի վատ խաղացել:

Շատ հարձակվողներ կան, որոնց հետևում ու տեսնում ես, թե ինչպես են ամեն տարի կատարելագործվում։ Օրինակ՝ դու «Արսենալ» տեղափոխվելիս: Իսկապես ցանկանում եմ այնպիսի ֆուտբոլիստ լինել, ով անընդհատ բարելավում է իր խաղը, աշխատում իր վրա: Զարգացման միայն այդպիսի ճանապարհ գիտեմ: Գիտեմ, որ շատ տաղանդավոր եմ ու կարող եմ երկու ոտքով, գլխով գոլեր խփել: Ցանկանում եմ նաև պահեր ստեղծել, ավելի շատ փոխանցումներ կատարել ու այնպես անել, որ թիմը դժվարություններ ունենալու դեպքում հույսն ինձ վրա դնի: Ցանկանում եմ հաղթող լինել:

Հիմա իդեալական ակումբում եմ, իդեալական տարիքում ու կարող եմ կարիերաս մի նոր մակարդակի կանգնեցնել: Իհարկե, այդ ճանապարհը կուղեկցվի վայրէջքներով ու վերելքներով։ Ես դա լավ եմ հասկանում: Գիտեմ, որ ֆուտբոլը միայն հաջողությունները չեն: Նայենք իմ խաղին ու վիճակագրությանը․ իմ խաղը տարեցտարի ավելի լավն է դառնում: Այդ տեմպով եմ ցանկանում աշխատանքս շարունակել: Ընդունում եմ մարզչի քննադատությունը, Բելգիայի հավաքականի մարզչինը ևս: Քննադատությունն օգնում է ինձ ավելի լավը դառնալ:

-Զլատան Իբրահիմովիչը վերադառնում է: Եվս մի տղա, ումից սովորելու բան կա: Պատրաստվո՞ւմ ես նրա հետ շփվել ֆուտբոլային թեմաներով:

-Արդեն շփվել ենք: Մենք միևնույն գործակալն ունենք, դրա համար էլ մեր հարաբերությունները մի փոքր այլ կերպ են դասավորվել: Մեր խոսակցությունը տեղի ունեցավ ակումբ տեղափոխվելուս պահին: Երբ որևէ հարցով դիմում եմ, նա ուրախությամբ պատասխանում է: Երբեմն երկար եմ մնում մարզումներին, իսկ նա միշտ օգնում է ինձ: Հարցնում եմ «Յուվենտուսում» նրա կարիերայի ու «Ինտերի» մասին: Հարցնում եմ հանրահայտ ֆուտբոլիստների հետ խաղի մասին, քանի որ նա մեծ ակումբներում է հանդես եկել: Ինչպե՞ս է նա գլուխ հանում տարբեր իրավիճակներից: 23 տարեկանում նա «Յուվենտուս» է տեղափոխվել․ 24 տարեկան եմ, 1 տարվա տարբերություն է: Հարցրել եմ թիմում ադապտացման մասին:

Երբ Զլատանը «Յուվե» է տեղափոխվել, Ալեսանդրո դել Պյերոն սկսել է հաճախ պահեստայինների նստարանին մնալ: Տեսել եմ դա, երբ դեռ երեխա էի ու հիմա հնարավորություն ունեմ Զլատանին հարցնելու, թե ինչպես է գլուխ հանել այդ իրավիճակից: Նա իսկապես շատ է օգնում ինձ ու թիմին, նրա վերադարձն օգտակար կլինի մեզ: Նա շատ արժանիքներ ունի: Իբրան գոլեր է խփում, կառուցում է խաղը, ու ես շատ ուրախ եմ, որ նա մեր թիմում է ու կօգնի այլ մակարդակի բարձրանալ: Նրա վերադարձը հերթական խթանը կլինի մեզ համար:

-Խոսենք մեծ ակումբների դեմ խաղերում քո վիճակագրությունից:

-Ամռանն այն եզրահանգմանը եկա, որ «Օլդ Թրաֆորդը» հիանալի տեղ է ինձ համար: Ժոզե Մոուրինյուի ղեկավարության ներքո խաղալն իմ ճակատագիրն է: Երբ 11 տարեկան էի, նա «Պորտուի» մարզիչն էր ու արդեն տեսնում էի, որ նրա մեջ ինչ-որ բան կար: Հետևեցի նրա կարիերային, ուսումնասիրեցի նրա թիմերի խաղաոճն ու դեռ երեխա լինելով՝ տարվեցի մարտավարությամբ: Եվ ահա, առաջարկություն ստացա «Մանչեսթեր Յունայթեդից»: Հրաժարվել պարզապես չէի կարող: Զգում էի, որ լավագույն հնարավորությունն էր ինձ համար:

Ինչ վերաբերում է մեծ թիմերի դեմ խաղերի իմ վիճակագրությանը, կարծում եմ՝ հիմա փոխվել է: Երբ «Էվերթոնում» էի, մեր թիմը տրամադրված էր «չհաղթել» մեծ խաղերում: Բացարձակապես չեմ մեղադրում «Էվերթոնին»: Որպես հարձակվող՝ ստիպված էի հենակետային երկու կիսապաշատպանի դեմ խաղալ: Այլ գործառույթներ էլ ունեի, բոլորը միայն գնդակ բաց չթողնելու մասին էին մտածում: Կենտրոնում էի խաղում, մենք ավելի շատ պաշտպանվում էինք: Այստեղ ամեն ինչ այլ է: Հաղթանակի համար ենք խաղում ու ավելի շատ աշխատանք ունեմ: Ճնշումը մեծ է, բայց ես հենց դա էի ցանկանում:

-Վերջում այսպիսի մի հարց, Ռո՛մ: Կարո՞ղ ես նվաճել «Ոսկե խաղակոշիկը»:

-Ինչո՞ւ ես այդպիսի հարց տալիս: Ավելի լավ է պատասխանեմ, որ մենք կարող ենք առաջնությունում հաղթել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Ես սա հասկացել եմ նախկին փորձից: Ֆուտբոլում բոլորն անհատական ձեռքբերումներին են նայում, բայց ես ակումբային տիտղոսներ նվաճել եմ ցանկանում: Այս ակումբում ինձ տիտղոսներ են պետք: «Ոսկե խաղակոշիկը» թխվածքի բալը կլինի: Ցանկացել եմ Պրեմիեր լիգայի տիտղոսակիր դառնալ, երբ դեռ 6 տարեկան էի: Հիմա այնպիսի թիմում եմ, որտեղ ամեն տարի մեր առաջ կարող ենք այդպիսի նպատակ դնել: Ես հանուն ակումբային տիտղոսների եմ ֆուտբոլ խաղում: Ինձ անհատական ձեռքբերումների վկայություն պետք չէ, դա կարող է բոնուս լինել: Հիանալի է, եթե 30 գոլ խփելով՝ լավագույն ռմբարկու չես դառնում, բայց հաղթում ես առաջնությունում: Ես անհատ ֆուտբոլիստների հետ չեմ մրցակցում, իմ թիմի հետ մյուս թիմերի դեմ եմ պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում