«Բարսելոնան» չի կրկնի նախկին սխալները. նոր պայմանագիր ու հսկայական հրաժարագին

«Բարսելոնան» չի կրկնի նախկին սխալները. նոր պայմանագիր ու հսկայական հրաժարագին

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագրեր կնքել պաշտպան Սամուել Ումտիտիի և կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի հետ:

Sport.es-ը գրում է, որ կատալոնացիները սկսել են բանակցել ֆրանսիացու եղբոր Յանիկի հետ, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է: «Բլաուգրանան» մտադիր է Ումտիտիի աշխատավարձը բարձրացնել և երկարաձգել համաձայնագրի ժամկետը: Ներկայումս 23-ամյա ֆուտբոլիստը տարեկան 3 միլիոն եվրոյից մի փոքր շատ է վաստակում: Այդ գումարը զգալիորեն քիչ է նրա թիմակիցների աշխատավարձերից, ուստի այն բարձրացվելու է: Մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիրը երկարաձգվելու է ևս երկու տարով:

«Կապտանռնագույնները» շտապում են նաև ավելացնել Ումտիտիի հրաժարագինը: Ներկայումս այն կազմում է 60 միլիոն եվրո: Նոր պայմանագրով հրաժարագինը կբարձրանա մինչև 180 միլիոն: Նման քայլի պատճառն այն է, որ Սամուելին ցանկանում են ձեռք բերել անգլիական մի շարք գրանդ ակումբներ:

Ավելի արագ բանակցային քայլեր են սպասվում Սերժի Ռոբերտոյի պայմանագրի շուրջ: Mundodeportivo.com-ը հայտնում է, որ կատալոնացու հետ կնքվելու է 5 տարվա պայմանագիր: Ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև 2019 թվականի ամառը: 25-ամյա ֆուտբոլիստի համար սահմանվելու է հսկայական` 400 միլիոն եվրոյի հրաժարագին:

«Բլաուգրանան» հրաժարագիններ սահմանելու իր քաղաքականությունը խստացրել է այն բանից հետո, երբ ամռանը 222 միլիոն եվրոյի դիմաց Նեյմարը տեղափոխվեց «Պարի Սեն ժերմեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում