Արթուր Պետրոսյան. Երկրպագուների արարքին շատ վատ եմ վերաբերվում

Արթուր Պետրոսյան. Երկրպագուների արարքին շատ վատ եմ վերաբերվում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Կիպրոսի դեմ ընկերական հանդիպումից (3:2) հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

– Ի՞նչ էիք ծրագրել այսօրվա խաղի համար և որքանո՞վ հաջողվեց այն իրագործել:

– Ծրագրած ամեն ինչ ստացվեց: Միայն ինձ դուր չեկավ, որ չիրացրեցինք բազմաթիվ գոլային պահերը: Կարող էինք արդեն առաջին կեսում խաղը «վերջացնել»: Փոխարինումներ կատարեցինք, որոնք հաջող էին: Երկու գոլերն էլ բաց թողեցինք ստանդարտներից:

– Ձեր թիմը Բելառուսի ու Կիպրոսի դեմ հանդիպումներում ստանդարտ իրավիճակներից բազմաթիվ գոլեր խփեց: Ինչո՞վ է պայմանավորված այդ դրական փոփոխությունը:

– Շատ ենք աշխատում ստանդարտների վրա, ինչպես անկյունայինների, այնպես էլ տուգանայինների: Տղաներն էլ լավ են կատարում իրենց գործը, դրա համար էլ ստացվում է:

– Երկու ստուգողական խաղերին ու նորեկներին ինչպիսի՞ գնահատական կտաք:

– Շատ լավ պահեր ունեինք երկու խաղերում։ Այսինքն՝ կոմբինացիոն խաղը ստացվում էր` մեկ հպումով փոխանցումներ, արագ տեղաշարժեր: Կիպրոսի դեմ մրցավեճում ավելի շատ պահեր ունեցանք: Ճիշտ ճանապարհին ենք: Նորեկներից բոլորն արդարացրեցին իրենց սպասելիքները:

– Այս խաղի երկրորդ կեսում նույնպես անցաք հինգ պաշտպանով խաղին: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Լինելու են խաղեր, որոնցում, հուսով եմ,  մենք մեկ գնդակի առավելություն ենք ունենալու: Այդ ժամանակ, հնարավոր է, պաշտպանությունն ուժեղացնելով հաշիվը պահպանենք: Ըստ իս, հաջող փորձարկումներ էին:

– Ի՞նչն էր պատճառը, որ այս երկու խաղերում դարպասապահի փորձարկումներ չտեսանք, միայն Արսեն Բեգլարյանը խաղաց:

– Մենք մարզումների էինք հրավիրել Գոռ Մանուկյանին ու Արման Մելիքսեթյանին: Եթե կարճ պատասխանեմ, նրանք չհամոզեցին ինձ: Հատկապես այն առումով, որ հոգեբանորեն պատրաստ են այդ խաղերին մասնակցել:

– Հայաստանի առաջնությունում կա՞ն դարպասապահներ, ովքեր կարող են մրցակցել Բեգլարյանի հետ:

– Երկու հանդիպումներում Արսենը շատ լավ խաղ ցուցադրեց: Միակ սխալը թույլ տվեց այսօրվա հանդիպման վերջնամասում: Հայաստանում համար առաջինը Արսենն է, բայց դա չի նշանակում, որ նա իր տեղն ապահովագրել է:

– Երկրպագուները լռության ակցիա էին սկսել նախորդ խաղից, որն այսօր նույնպես շարունակվեց: Միայն խաղավերջում ակտիվացան: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց այդ քայլին:

– Շատ վատ: Եթե երկրպագում ես քո թիմին, ուրեմն լավ ու բարդ պահերին պետք է նրա կողքին լինես: Լռությունը դեռ մի կողմ, բայց նրանք նախորդ խաղում սուլում էին թիմին: Դա իմ կարծիքով վատ է, ֆուտբոլիստներն արժանի չեն դրան: Նրանք միայն լավ պահերին չպետք է լինեն թիմի կողքին:

– Հայտարարել էինք, որ շարունակելու եք աշխատանքը հավաքականում: Ձեր մարզչական շտաբում փոփոխություններ լինելո՞ւ են:

-Ոչ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում