Իբրահիմովիչ. Եթե անգամ ստիպված լինեմ քայլել ջրի վրայով՝ կանեմ դա

Իբրահիմովիչ. Եթե անգամ ստիպված լինեմ քայլել ջրի վրայով՝ կանեմ դա

«Sky Sports»-ի փորձագետ Թյերի Անրին զրուցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակող Զլատան Իբրահիմովիչի հետ: Շվեդ ֆուտբոլիստը խոսել է առաջիկա նպատակների ու Չեմպիոնների լիգայի մասին: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

-Շատ ուրախ եմ քեզ տեսնել:

-Շնորհակալ եմ:

-Դե, ինչպե՞ս ես:

-Ամեն ինչ լավ է: Մոտիվացված եմ ու ջանասիրաբար մարզվում եմ: Մասնակցում եմ ակումբի մարզումներին: Արդեն մեկ ամիս է՝ սկսել եմ մարզվել, տեսնում եմ խաղընկերներիս, տեսնում եմ՝ ինչպես են աշխատում: Զգում եմ մթնոլորտը, չէ՞ որ 5 ամիս ինքնուրույն եմ մարզվել: Կարինգթոնի մարզասրահի մասին վերջին հիշողությունս այսպիսին էր՝ եկա, մարզվեցի, ավարտեցի ու հեռացա: Դա իմ վերջին հիշողությունն էր: Հիմա այստեղ գալով՝ տեսնում եմ խաղընկերներիս, մարզչիս, խոհանոցի ու բժշկական անձնակազմին:

Մարդկանց եմ տեսնում, ու դա խթան է։ Դա մեծ էներգիա է տալիս, դրական էներգիա: Երկար ժամանակ ինքնուրույն մարզվելը, նույն վարժություններն ամեն օր կրկնելը հեշտ չէ: Պետք է հոգեպես պատրաստ լինել դրան, կենտրոնանալ ու որոշել՝ ինչ ես ցանկանում։ Որոշեցի չհանձնվել, դա տարբերակ չէ: Որոշեցի վերադառնալ ու կանեմ դա: Տեսնենք, թե երբ կլինի վերադարձս։ Գիտեմ, թե ինչի միջով եմ անցել վերջին ամիսների ընթացքում: Հիմա պարզապես պետք է արդյունքը տեսնենք:

-Դեռ որքա՞ն պետք է սպասել:

-Չգիտեմ: Իհարկե, կարող եմ անգամ վաղը խաղալ, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Մի բան է ուղիղ վազելը, մեկ այլ բան փոխել ուղղությունը, բայց խաղի ժամանակ ամեն ինչ ուրիշ է: Խաղի ժամանակ ամեն ինչ անկանխատեսելի է, չի կարելի գուշակել պահը կամ իրավիճակը, քանի որ դրվագները հաջորդում են իրար: Ամեն ինչ աստիճանաբար եմ անում, և երբ մարզիչս, թիմս ու ակումբս տեսնեն, որ պատրաստ եմ՝ ուրեմն պատրաստ եմ: Մենք չգիտենք, թե այդ օրը երբ կգա: Քայլ առ քայլ դրան եմ գնում, շատ եմ աշխատել այս 5 ամիսների ընթացքում, հինգ և կես, գրեթե վեց… Չեմ ցանկանում անհամբեր լինել, նպատակը տեսնելով՝ չեմ ցանկանում սխալվել, ես ուզում եմ նպատակիս հասնել այնպես, ինչպես արել եմ այս ամբողջ ընթացքում: Ցանկանում եմ պատրաստ լինել այն ժամանակ, երբ պատրաստ կլինեմ:

-Վերադարձի մասին որևէ կասկած ունեցե՞լ ես: Առհասարակ վերադարձի ու մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդի»:

-Կարծում եմ՝ վնասվածք ստանալու պահին ավելի հեշտ կլիներ ասել, որ կվերադառնամ, քանի որ այդ ժամանակ նպատակ կունենայի: Ինձ համար փորձություն էր, քանի որ նախկինում լուրջ վնասվածքներ չէի ունեցել, ու բոլորն ասում էին, որ կարիերայիս ավարտն է, որ շատ ծեր եմ․․․ Այդ բոլոր կասկածներն ինձ ուղեկցել են ամբողջ կարիերայիս ընթացքում: Այդ մարտահրավերն ինձ ստիպում է առաջ շարժվել, ուժ է տալիս, նպատակ է դնում իմ առաջ ու ինքս էլ փորձության եմ ենթարկում ինձ, որ տեսնեմ՝ ինչ կարող եմ անել, ինչպես կարող եմ գլուխ հանել, ինչ բարձունքների կարող եմ հասնել: Ցանկանում եմ ամեն օր մարզվել ու ամբողջ ուժով աշխատել:

Եթե անգամ ստիպված լինեմ քայլել ջրի վրայով՝ կանեմ դա: Դա ամեն ինչից հեշտ է: Չպետք է կասկածել՝ կվերադառնա՞մ, թե՞ ոչ: Իմ կարիերայի ընթացքում մարդիկ ասել են, թե չեմ կարող այս կամ այն բանն անել, ու սա մարտահրավեր է ինձ համար: Հեշտ ճանապարհներ չեմ սիրում, սիրում եմ դժվարին ուղին, քանի որ հաջողությամբ անցնելու դեպքում կիմանամ, որ արել եմ դա ու հաճույք կստանամ: Մարդիկ ասում են, որ վնասվածքիցս առաջ գագաթնակետին եմ եղել։ Բայց հիմա այդ բարձունքից ընկել եմ: Չէի կարողանում շարժվել, ես ուղղակի անշարժ էի: Երբ արձակուրդի ես մեկնում, ռիթմը մի փոքր ընկնում է, բայց, միևնույն է, ինչ-որ բանով զբաղված ես, իսկ ես ոչնչով զբաղվել չէի կարողանում:

Իմ առաջին նպատակը երեխաներիս հետ խաղալու հնարավորությունն էր, նրանցով զբաղվելը, իսկ ես պարզապես չէի կարողանում շարժվել․․․ Ինձ վիրահատել էին, հենակներով էի քայլում: Ֆիզիոթերապևտս ասում էր, որ սայլակին նստել թույլ չի տա․ «Չեմ կարող Իբրահիմովիչին սայլակին նստած տեսնել»: Ստիպված էի հարմարվել հենակներին: Կաղում էի: Ինքս ինձ ասացի, որ հանուն երեխաներիս պետք է անեի դա, քանի որ ցանկանում էի խաղալ նրանց հետ: Ինձ պետք էր դա անել, քանի որ ակտիվ մարդ եմ, դա իմ կանքի մի մասն է: Երեխաներիս հետ խաղալու հնարավորություն չունենալ… Նրանք գնում են զբոսնելու, ֆուտբոլ են խաղում, մենամարտում են, ինչ էլ որ անեն, դրան մասնակցելու հնարավորություն չունենալն ինձ համար անընդունելի է: Դա իմ հիմնական նպատակն էր: Երկրորդը պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալն էր: Պարտավոր էի վերադառնալ, որպեսզի խաղամ ու հաճույք ստանամ:

-Հիմա արի խոսենք մրցաշարերի մասին: Ես գիտեմ, դե բոլորն էլ գիտեն, որ սիրում ես մրցակցության ոգին: Ինձ դուր է գալիս, թե ինչպես վերադարձար՝ ասելով, որ ցանկանում ես ավարտել սկսածդ: Մտածեցի, թե ինչ նկատի ունես: Երբեմն ասում ես մի բան, բայց իրականում խորամանկում ես: Իրականում ի՞նչ նկատի ունեիր:

-Ասել եմ, որ վերադառնում եմ ավարտելու այն, ինչ սկսել եմ: Այն, ինչին արդեն հասել եմ առաջին մրցաշրջանում, դե իհարկե, 3 գավաթը: Մրցաշրջանի ավարտն այնպիսին չէր, ինչպիսին ես կցանկանայի: Իմ նպատակը Պրեմիեր լիգան է: Դա իմ նպատակն է, որ պետք է իրագործեմ: Ինչ սկսել եմ առաջին մրցաշրջանում, կավարտեմ երկրորդում:

-Քո կարծիքով հատկապես ի՞նչ կարող ես տալ թիմին: Հավանաբար ստիպված կլինես կիսել դիրքերը: Գուցե հայտնվես այնպիսի իրավիճակում, որում երբևէ չես եղել: Ինչպե՞ս կկարգավորես հարցը:

-Շատ հեշտ: Ես թիմի մի մասն եմ: Կներդնեմ իմ որակները, ոգին, մտածողությունը, փորձը: Երբ այդ օրը գա, այդ ժամանակ էլ կտեսնենք: Նկատի ունեմ, որ այս մրցաշրջանում թիմն ավելի ուժեղ է, Լուկակուն շատ գոլեր է խփում ու թեթևացնում իմ աշխատանքը, քանի որ անցյալ մրցաշրջանում չէինք կարողանում փոխարինվել. գոլ խփող մեկ ֆուտբոլիստ կար, և մարզիչն այլ ընտրություն չուներ: Այս մրցաշրջանում հեշտ է, քանի որ Լուկակուի տեղափոխությունը թեթևացնում է իմ վերադարձը: Նա ինձ շատ ժամանակ է տալիս ու շատ ուրախ եմ դրա համար, քանի որ որքան շատ ժամանակ ստանամ, այնքան ավելի լավ: Գոլեր խփելով նա անում է այն, ինչ պահանջում են իրենից, իսկ ես շատ ուրախ եմ դրա համար: Կարծում եմ՝ շատ բան կտամ թիմին: Գրեթե 6 ամիս չեմ խաղում, ու չգիտենք՝ դեռ որքան ժամանակ կպահանջվի: Հավատա ինձ, որ կվերադառնամ, ես շատ մոտիվացված եմ լինելու: Ես շատ քաղցած եմ լինելու:

-Ուզում եմ ևս մի բան ասել, նախքան կավարտենք զրույցը: Չգիտեմ, թե ինչպես կմեկնաբանես, բայց ամեն դեպքում պետք է ասեմ: Դու չնշեցիր Չեմպիոնների լիգան: Մարդիկ Բուֆֆոնի մասին են խոսում: Նրա համար հիանալի կլիներ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ինձ համար էլ․․․ Դու արժանի ես Չեմպիոնների լիգային: Դու գուցե չմեկնաբանես, բայց ինձ համար պատմության լավագույն 5 հարձակվողներից մեկն ես, ու իմ տեսած պրոֆեսիոնալներից մեկը: Թևաթափ չես լինում, ամեն օր աշխատում ես և հենց միայն դրա համար արժանի ես: Չգիտեմ, թե դեռ որքան կխաղաս, բայց ուրախ եմ տեսնել, որ վերադառնում ես: Ինձ անընդհատ հարցնում էին այդ մասին, չէի ցանկանում խոսել, բայց կցանկանայի, որ նվաճես Չեմպիոնների լիգայի գավաթը, քանի որ արժանի ես:

-Իհարկե, Չեմպիոնների լիգայում հաղթելը հիասքանչ կլիներ, դա յուրաքանչյուր մրցաշրջանի նպատակներից է: Ցանկանում եմ Չեմպիոնների լիգայում և ցանկացած այլ մրցաշաում հաղթել: Եթե կարողանայի Չեմպիոնների լիգայի 1 գավաթը փոխել իմ մյուս 33-ի հետ, ապա չէի անեի դա, քանի որ հեռահար հայացք եմ գցում իմ հաջողություններին: Որոշ ֆուտբոլիստներ մեկ անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, բայց այլևս ոչնչի չեն հասել: Կարելի է այլ կերպ էլ ասել՝ դու հաղթել ես, քանի որ մեկ մրցաշրջանում բախտը ժպտացել է, կամ որովհետև լավ թիմում էիր: Ցանկանում եմ ամեն տարի հաղթել՝ որտեղ էլ որ լինեմ: Բոլորը գիտեն, որ ՉԼ-ում չեմ հաղթել, ամեն ինչ կանեմ, որ դա էլ նվաճեմ: Հիասքանչ կլինի, եթե կարողանամ հաղթել:

Կարիերայիս ամբողջ ընթացքում հնարավոր ամեն բան նվաճել եմ: Շատ ֆուտբոլիստներ աշխարհի առաջնությունում հաղթում են առանց նույնիսկ դաշտ դուրս գալու, բայց ասում են, որ հաղթել են Մունդիալում: 33 գավաթ եմ նվաճել Հոլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում ու Անգլիայում: Իմ կարիերայում շատ են ձեռքբերումները: Չգիտեմ, թե ում հետ համեմատեմ: Օրինակ՝ Ջերրարդը․․․ Հարգում եմ նրան, բայց Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելով հանդերձ՝ նա Պրեմիեր լիգայում չի հաղթել: Եթե նրան հարցնեինք՝ ՉԼ-ում հաղթել կցանկանար, թե՞ ԱՊԼ-ում, կարծում եմ՝ կասեր ԱՊԼ-ում: Կարևոր է, թե ինչ ես նվաճում կարիերայիդ ընթացքում, կարևոր են կայունությունն ու շարունակականությունը, այն, թե ինչ մակարդակում ես խաղում: Ինձ համար կարևոր է ամեն տարի հաղթել: Սա արդարացում չէ, որ չեմ ցանկանում ՉԼ-ում հաղթել։ Ուրախ կլինեմ, եթե կարողանամ ամեն ինչ նվաճել: Բոլորս ցանկանում ենք ամեն ինչ նվաճել:

-Ինձ համար դա ուղղակի ցանկություն էր:

-Դա իմ ցանկությունն էլ է:

-Ցանկություն է: Կարծում եմ, որ դա չի բնութագրում կարիերադ: Նվաճե՞լ ես այն, թե՞ ոչ․ դա չի ազդում քո կարիերայի վրա: Դու ոգեշնչում ես մարդկանց, ազդել ես քո դիրքի խաղի վրա, փոխել ես խաղը: Քեզ սիրելու պատճառներից մեկն այն է, որ դու խաղացողի բարդ տեսակ ես, «9 համարի» և «10 համարի» միջև: Բոլորս ենք ցանկանում հաղթել․․․ Դե ես արդեն չեմ խաղում: Բայց այն, ինչ փորձում եմ ասել, դա երազանք էր: Կարիերան թերևս ավելի լավը կլինի Չեմպիոնների լիգայի հաղթանակով, բայց անգամ առանց դրա քո կարիերան ավելի վատը չի դառնա: Ահա թե ինչ եմ փորձում ասել: Հույս ունեմ, որ կարող ես այդ գավաթով համալրել քո հավաքածուն:

-Ես ևս հույս ունեմ:

-Շնորհակալություն:

Առաջարկում ենք ընթերցել նաև՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում