Հայաստանի հավաքականը կարող է կադրային լուրջ խնդիրներ ունենալ

Հայաստանի հավաքականը կարող է կադրային լուրջ խնդիրներ ունենալ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի ու Դանիայի դեմ կայանալիք խաղերին: Թիմն ամբողջական կազմով հավաքականի ճամբարում կլինի երկուշաբթի: Կան բասկետբոլիստներ, որոնք հանգստյան օրերին ակումբային խաղեր ունեն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյան ասել է, որ կազմի հետ կապված լուրջ խնդիրներ կան.

«Մոտ տասը խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարողանում միանալ մեզ: Մասնավորապես ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները, ինչը մեզ համար մեծ կորուստ է: Հարցականի տակ է Եվրոպայում խաղացող մի քանի բասկետբոլիստների՝ Քրիս Յանկու Օսկիյանի, Ռայան Բոաթրայթի, Մարսել Հովսեփյանի մասնակցությունը: Նրանց հարցը վերջնական պարզ կլինի նոյեմբերի 20-ին:

Մեզ չի կարող օգնել նաև իրանահայ Վարդան Բիդրոսյանը: Վերջինս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի: Նույն պատճառով հնարավոր է թիմին չկարողանա միանալ Արագատ Աբրահամյանը:

Թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրավիրել է նաև Հայաստանի Ա լիգայի առաջնությունում հանդես եկող բասկետբոլիստների: Ա լիգայի շնորհիվ հավաքականի մի շարք թեկնածուներ ստանում են խաղային պրակտիկա: Օրինակ՝ Գեորգի Պոդկոլզինը, Էդգար Բաբայանը, Նիկիտա Զախարովը, Արարատ Քոչինյանը, Դավիթ Խաչատրյանը և ուրիշներ»,- Նազարյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Հայաստանը նոյեմբերի 23-ին հյուրընկալվի Ալբանիային, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ կընդունի Դանիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում