20-ամյա սիրավեպ. Բուֆֆոնը հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին

20-ամյա սիրավեպ. Բուֆֆոնը հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին

Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականին չենք տեսնի: «Սկուադրա Ազուրան» դեռևս հնարավորություն կունենա ուղղելու սխալներն ու նորից մասնակցելու խոշոր առաջնություններին, բայց նրա հետ 20 տարի ճանապարհ անցած Ջանլուիջի Բուֆֆոնին այլևս չենք տեսնի կապույտ մարզաշապիկով: Երկու տասնյակ տարիների ճանապարհն ամփոփենք մի քանի դրվագով:

Նորամուտ, 1997 թվականի հոկտեմբերի 29

20 տարի առաջ Ջանլուիջի Բուֆֆոնը սկսեց ելույթները Իտալիայի հավաքականի կազմում: Ուշագրավ է՝ կրկին Աշխարհի առաջնության անցումային խաղ էր: Ռուսաստանի դեմ հանդիպմանը 19-ամյա դարպասապահին պատահականությունն օգնեց դաշտ դուրս գալ: Ջանլուկա Պալյուկան վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Ջիջին մի քանի լավ սեյվ կատարեց, ապա գնդակ բաց թողեց թիմակից Կանավարոյից: Խաղը 1:1 հաշվով ավարտվեց, իսկ Նեապոլում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը հաղթեցին նվազագույն առավելությամբ: Կես տարի անց Բուֆֆոնը երկրորդ անգամ խաղաց հավաքականում (Պորտուգալիայի դեմ), մեկ տարի հետո էլ հաջորդ պաշտոնական հանդիպումն էր (Եվրո-2000-ի նախընտրական փուլի Շվեյցարիայի դեմ խաղը):

Առաջին Մունդիալը և պահեստայինների նստարանը (1998)

Ֆրանսիայում կայացած Աշխարհի առաջնությունից առաջ Բուֆֆոնը Իտալիայի հավաքականի դարպասապահների շարքում երրորդն էր Պալյուկայից ու Պերուցիից հետո: Պերուցիի վնասվածքի արդյունքում Մունդիալին մասնակցելու հնարավորությունը մեծացավ, Բուֆֆոնը դարձավ երկրորդը, բայց Պալյուկան նորեկին դաշտ դուրս գալու հնարավորություն չտվեց։

Եվրո-2000, նախընտրական փուլ: Իտալիայի հիմնական դարպասապահ

1998 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Իտալիայի հավաքականը գլխավորեց Դինո Ձոֆֆը։ Հենց լեգենդար դարպասապահն էլ Եվրո-2000-ի նախընտրական փուլում Ջիջիին դարձրեց հավաքականի հիմնական դարպասապահը: Ջիջին մասնակցեց 7 հանդիպման (8-ից), իսկ Իտալիան գլխավորեց իր խումբը։ Դրանից հետո Բուֆֆոնից ոչ ոք չխլեց Իտալիայի հիմնական դարպասապահի կարգավիճակը:

Օսլոյի տխուր երեկոն, 2000 թվականի հունիսի 3

Եվրոպայի առաջնությունում դարպասի պաշտպանությունը պետք է վստահեին Բուֆֆոնին, բայց Նորվեգիայի դեմ ընկերական խաղում նա կոտրեց ձեռքը և առաջնության խմբային փուլին հեռուստացույցով հետևեց: Բելգիայում և Նիդեռլանդներում ընթացող առաջնությունում Ջիջիին Ֆրանչեսկո Տոլդոն փոխարինեց: Նորվեգիայի դեմ չարաբաստիկ հանդիպումը 15-րդն էր Բուֆֆոնի համար Իտալիայի հավաքականի կազմում: Եվրո-2000-ին էկրանից այն կողմ հետևելիս նա պատկերացնո՞ւմ էր, որ դեռ 160 անգամ դաշտ է դուրս գալու Իտալիայի դրոշը կրծքին:

Երկրորդ Մունդիալը և 2002-ի կորեական հրաշքը

Եվրոպայի առաջնության հերոս Տոլդոն մինչև 2000-ի ավարտը մնաց Իտալիայի հիմնական դարպասապահի դերում, բայց 2002 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Բուֆֆոնը վերականգնեց իր իշխանությունը և 5 խաղում ընդամենը 1 գոլ բաց թողեց:

Իտալիան Կորեայում կայացած Մունդիալում դուրս եկավ խմբից Մեքսիկայի դեմ խաղում Ջիջիի սեյվերի ու բախտի բարեհաճության շնորհիվ, քանի որ զուգահեռ խաղում Էկվադորը հաղթեց Խորվաթիային: 1/8 եզրափակչում Տրապատոնիի թիմը չկարողացավ առաջ անցնել Հարավային Կորեայից։ Բուֆֆոնը խաղի 5-րդ րոպեին հետ մղեց 11-մետրանոց հարվածը, բայց մրցավարը Տոտտիին հեռացրեց դաշտից, չհաշվեց Տոմմազիի գոլը, իսկ 117-րդ րոպեին Ան Չժուն Խվանը խփեց «ոսկե գոլը»: Այս ամենը տեղի ունեցավ հավաքականում Բուֆֆոնի 30-րդ խաղի ժամանակ:

Եվրո-2004, Իտալիայի ձախողումն ու Իբրահիմովիչի կրունկը

Եվրոպայի հաջորդ առաջնությունում Իտալիան խմբից դուրս չեկավ, իսկ Բուֆֆոնը բաց թողեց կարիերայի ամենահիշարժան գնդակներից մեկը՝ «Յուվենտուսի» իր նոր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչից: Վերջինս հիանալի գոլ խփեց՝ դարպասին թիկունքով կանգնած։

Երրորդ Մունդիալն ու Իտալիայի չեմպիոնությունը (2006)

Եվրոպայի առաջնությունում անհաջող ելույթներից հետո Իտալիան գլխավորեց Մարչելո Լիպպին, բայց Բուֆֆոնի դիրքը դրանից չտուժեց: Իտալիայի համար հաղթական Մունդիալում Ջիջին ընդամենը 2 գոլ բաց թողեց 7 խաղում: Լև Յաշինի անունը կրող մրցանակը, որ տրվում է մրցաշարի լավագույն դարպասապահին, Բուֆֆոնինն էր: Ֆրանսիայի դեմ եզրափակիչ հանդիպումը հավաքականում 67-րդն էր Բուֆֆոնի համար:

Եվրո-2008, Աշխարհի առաջնության հակապատկերը

Իտալիան ահավոր մեկնարկեց․ առաջին տուրում պարտությունից Նիդեռլանդներից՝ 0։3։ Երկրորդ տուրում աշխարհի չեմպիոնին թույլ չտվեց պարտվել Բուֆֆոնը․ Ռումինիայի հետ հանդիպմանը (1:1) Բուֆֆոնը որսաց Ադրիան Մուտուի 11-մետրանոցը։ Խմբային փուլի եզրափակիչ՝ Ֆրանսիայի դեմ հանդիպմանն իտալացիները ցույց տվեցին, որ դեռ ուժեղ են (2:0): 1/4 եզրափակչի Իտալիա-Իսպանիա խաղում Բուֆֆոնն ու Կասիլյասը 120 րոպե գնդակ բաց չթողեցին, իսկ արդեն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Իկերի թիմակիցներն ուժեղ գտնվեցին:

Հավաքականի կազմում 100-րդ խաղը, 2009 թվականի նոյեմբերի 14

Ինչպիսի զուգադիպություն․ հավաքականում կարիերան ավարտելուց 8 տարի առաջ նույն օրը Բուֆֆոնն անցավ 100 խաղի սահմանը: Գոլազուրկ խաղում Իտալիայի մրցակիցը Նիդեռլանդների ընտրանին էր:

Չորրորդ Մունդիալը և իտալական խայտառակությունը

Լիպպին թիմ վերադարձավ, բայց հաղթանակը ոչ: ՀԱՀ-ի Մունդիալում աշխարհի գործող չեմպիոնը խայտառակ ելույթ ունեցավ՝ Պարագվայի, Սլովակիայի և Նոր Զելանդիայի հետ նույն խմբում խաղալով: Իտալիան խմբից դուրս չեկավ, իսկ Բուֆֆոնն ընդամենը 45 րոպե խաղաց, մեջքը վնասեց ու տեղը զիջեց Ֆեդերիկո Մարկետիին:

«Սլովակիան և Նոր Զելանդիան արժանի են հարգանքի։ Եթե չկարողացանք այդ թիմերից գոնե մեկին հաղթել, արդարացի է, որ հենց մենք ենք տուն վերադառնում: 2006 և 2010 թվականների միջև տարբերությունն այն է, որ թիմում Տոտտիի և Դել Պյերոյի պես ֆուտբոլիստների բավարար քանակ չկա»,– ձախողումից հետո հայտարարեց Բուֆֆոնը։ 

Եվրո-2012, 4 գոլ եզրափակչում

Այս տարի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ջիջին 4 անգամ գնդակ բաց թողեց «Ռեալից», բայց սա առաջին դեպքը չէր, երբ իսպանական ուժը տխրեցրեց լեգենդար դարպասապահին։ Եվրո-2012-ի 5 խաղում Իտալիան ընդամենը 3 գոլ բաց թողեց, իսկ Իսպանիայի հետ եզրափակչում՝ 4:

Բուֆֆոնը արժանավայել ընդունեց պարտությունը. «Երբեմն մնում է միայն ընդունել պարտությունն ու շնորհավորել մրցակցին, քանի որ նրանք ավելի ուժեղ էին: Սա այդ դեպքերից է: Իսպանիան հիասքանչ թիմ ունի»:

Մունդիալ-2014-ի նախընտրական փուլ, Չեխիայի դեմ հանդիպում (2:1)

Այդ յուրահատուկ խաղը Թուրինում տեղի ունեցավ: Այն Բուֆֆոնի համար 136-րդն էր Իտալիայի կազմում: Չեխիայի դեմ խաղից հետո նա հավաքականի պատմության մեջ ամենաշատ խաղերն անցկացրած Ֆաբիո Կանավարոյին հավասարվեց, իսկ դրան հաջորդած Դանիայի դեմ խաղով նոր ռեկորդ սահմանեց: Ռեկորդն անընդհատ գերազանցվում էր, մինչև եկավ հրաժեշտի պահը․․․

Հինգերորդ ու ձախողված Մունդիալը

Եթե դիտարկենք համաշխարհային վերջին առաջնություններում Իտալիայի հավաքականի արդյունքները, ապա ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր չնվաճելու փաստն ինչ-որ տեղ օրինաչափ է: Բրազիլիայում վնասվածքի պատճառով Բուֆֆոնը բաց թողեց Անգլիայի հետ հանդիպումը, որում իր թիմը հաղթեց։ Ջիջին խաղադաշտում էր Կոստա Ռիկայի և Ուրուգվայի դեմ մրցավեճերում, որոնցում սակայն Իտալիան նվազագույն հաշվով պարտություններ կրեց և գլխիկոր տուն վերադարձավ:

Եվրո-2016

Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում իտալացիները հասան մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեցին գերմանացիներին: Բախտն էր պակասում կամ էլ այն մարդը, ով կկարողանար Նոյերին շփոթեցնել հարվածելիս: Բուֆֆոնը 4 մրցավեճում խաղից ընդամենը 1 գոլ բաց թողեց՝ 1/4 եզրափակչում, Օզիլից: Եվրո-2016-ում Բուֆֆոնի հետ կապված մի ուրիշ դրվագ ևս արժանի է հիշատակման. այն, թե ինչպես նա տոնեց Բելգիայի դեմ հաղթանակը: Նմանատիպ խենթություններն էլ են հիշվում:

Հավաքականում վերջին խաղը, հրաժեշտ, արցունքներ

Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլից պարզ դարձավ, որ Բուֆֆոնն իր կարիերայի 6-րդ Մունդիալին չի մասնակցի: Խմբային փուլի՝ Իսպանիայի դեմ որոշիչ խաղում նա սխալվեց, բայց ո՞ր դարպասապահն է զերծ դրանցից:

Բուֆֆոնը հսկայական ճանապարհ է անցել Իտալիայի հավաքականում․ Շվեդիայի դեմ անցումային պատասխան խաղը նրա միջազգային կարիերայի 175-րդ հանդիպումն էր: Կարևոր է, որ Ջիջին մինչև վերջ ուժեղ մնաց, արժանին մատուցեց մրցակցին, ապա անկեղծ հույզերով, արցունքներով հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին:

Ֆուտբոլային աշխարհը մեծ դարպասապահների դեռ կտեսնի, բայց երկրորդ Բուֆֆոն չի լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում