«Mundo Deportivo»․ Օզիլը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը

«Mundo Deportivo»․ Օզիլը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, հնարավոր է, վերադառնա Իսպանիայի առաջնություն։ «Mundo Deportivo»-ն վստահեցնում է, որ նախկինում «Ռեալում» հանդես եկած 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Կատալոնական ակումբի առաջնային նպատակը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնելն է, սակայն մերսիսայդցիները եթե անգամ որոշեն հունվարին վաճառել իրենց առաջատարին, հսկայական գումար կպահանջեն։ Այս դեպքում «Բարսելոնայի» համար ավելի շահավետ և իրատեսական է Օզիլի տարբերակը։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ «զինագործների» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը, և կողմերը չեն բանակցում այն երկարաձգելու շուրջ։

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել «Արսենալի» ղեկավարության հետ տրանսֆերի հնարավոր արժեքը հասկանալու համար։ Լոնդոնյան ակումբից պատասխանել են, որ 20 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ են վաճառել Օզիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում