Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆ մտնելու շանսերը

Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆ մտնելու շանսերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր և վաղը կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է 4-րդ տուրից հետո ներկայիս միավորներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու շանսերը` պատմական տեսանկյունից: Վիճակագրությունը կազմվել է 2003-04թթ. մրցաշրջանից սկսած, երբ խմբային փուլից հետո փլեյ-օֆֆը սկսեց անցկացվել 1/8 եզրափակչից:

12 միավոր

«Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Սիթին» 12-ական միավորով արդեն փլեյ-օֆֆում են, իսկ ահա «Մանչեսթր Յունայթեդը»` ոչ: Անգլիացիները պատմության առաջին թիմն են, որ մեկնարկային 4 հաղթանակից հետո կարող է դուրս մնալ հետագա պայքարից: Նախկինում 18 թիմեր նույնքան միավոր հավաքելու դեպքում ապահովել էին փլեյ-օֆֆի ուղեգիրը: Ավելին, այդ թիմերը միշտ խմբային փուլն ավարտել են առաջին տեղում:

10 միավոր

Լավ նորություններ «Բարսելոնայի» ու «Բեշիկթաշի» համար: Նախկինում չորս տուրերից հետո 10 միավոր վաստակած 41 ակումբներից 40-ը հայտնվել են մրցաշարի գարնանային հատվածում: Ընթացիկ մրցաշրջանում այդ ցուցակին գումարվել է նաև «Տոտենհեմը»: Միակ բացառությունը դարձել է «Պորտուն», որը 2004-05թթ. մրցաշրջանում վերջին երկու տուրերում պարտվել է «Չելսիին» ու Կիևի «Դինամոյին» և հետ մնացել այդ թիմերից: Փլեյ-օֆֆ մտած 40 թիմերից 33-ը խմբում գրավել են առաջին տեղը:

9 միավոր

Թեթև զգուշացում «Շախտյորի» համար: Նախկինում 9 միավոր ունեցող 40 թիմերից 39-ը հայտնվել են 1/8 եզրափակչում: Բացառություն է դարձել «Նապոլին», որը 2013-14թթ. խաղարկությունն ավարտել է 12 միավորով, բայց հետ է մնացել Դորտմունդի «Բորուսսիայից» ու «Արսենալից»:

8 միավոր

Մեկնարկային չորս խաղերում երկու հաղթանակներն ու երկու ոչ-ոքիները փլեյ-օֆֆ են դուրս բերել 31 թիմերից 28-ին: Բացառություն են դարձել ԲԿՄԱ-ն (2006-07թթ.), «Յուվենտուսը» (2009-10թթ.) և «Մանչեսթեր Յունայթեդը» (2011-2012թթ.): 17 դեպքում այդ թիմերը խմբում գրավել են առաջին տեղը: Այս մրցաշրջանում 8-ական միավոր ունեն «Լիվերպուլն» ու «Ռոման»:

7 միավոր

«Չելսին», «Յուվենտուսը», «Սևիլյան» ու «Ռեալը» կարող են լավատես լինել: Չորրորդ տուրից հետո 7 միավոր ունեցող 39 թիմ ելույթները շարունակել է փլեյ-օֆֆ-ում, իսկ ընդամենը 12-ը դուրս են մնացել պայքարից:

6 միավոր

«Բազելի», ԲԿՄԱ-ի ու «Պորտուի» խնդիրը մի փոքր ծանր է: Փլեյ-օֆֆում հայտնվել են 42 թիմերից 24-ը: Նաև եղել է զարմանալի երեք դեպք, երբ վեց միավոր ունեցող թիմերը նահանջել են վերջին հորիզոնական:

5 միավոր

Ներկայումս 5 միավոր ունեցող միակ թիմը «Սպարտակն» է: Վիճակագրությունը մի փոքր մոսկվացիների կողմն է. 20-ը` հաջորդ փուլում` 18-ը` պայքարից դուրս: Ավելին, եղել է երեք դեպք, երբ 5 միավոր ունեցող թիմը հետագայում կարողացել է խմբում առաջին տեղը գրավել: Դրանք են` «Միլանը» (2005-06թթ.), «Բարսելոնան» (2009-10թթ.) և «Մոնակոն» (2014-15թթ.):

4 միավոր

Այստեղից սկսած արդեն հուսադրելու քիչ հիմքեր կան: Վերջին 16 մրցաշրջաններում 57 թիմ չորրորդ տուրից հետո ունեցել է 4 միավոր, սակայն պայքարը շարունակել են միայն 17-ը: Ընթացիկ խաղարկությունում այդ վիճակագրությունն ամիջականորեն առնչվում է «Սպորտինգին» ու «ՌԲ Լեյպցիգին»: Անսպասելիորն եղել են երկու դեպքեր, երբ 4 միավոր ունեցող թիմերը կարողացել են հաղթանակել իրենց խմբերում: Դրանք են` «Արսենալը» (2003-04թթ.) և «Պանատինաիկոսը» (2008-09թթ.)

3 միավոր

Կկարողանա՞ն «Ատլետիկոն» ու «Նապոլին» հրաշք գործել: Նախկինում 46 դեպքից միայն երկուսին է նման բան հաջողվել՝ «Շտուտգարտին» (2003-04թթ.) և «Արսենալին» (2015-16թթ.): Դրա համար նրանց միայն հաղթանակներ են պետք, ինչպես նաև մյուս ֆավորիտների սայթաքումներ:

2 միավոր

Զարմանալիորեն դեռ կան չորս թիմեր` Դորտմունդի «Բորուսսիան», «Մոնակոն», ԱՊՕԵԼ-ը ադրբեջանական «Ղարաբաղը», որոնք հաջորդ փուլ մտնելու շանսեր են պահպանում: Նման սխրանք նախկինում կարողացել են գործել 28 թիմերից 2-ը: Դրանք են` «Պորտուն» (2004-05թթ.) և «Մանչեսթեր Սիթին» (2014-15թթ.):

1 միավոր

«Օլիմպիակոսն» ու «Մարիբորը» պետք է Չեմպիոնների լիգայի պատմությունը փոխեն, որպեսզի 1 միավոր ունենալով՝ հետագայում կարողանան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Նախկինում 31 թիմերից ոչ մեկին դա չի հաջողվել:

0 միավոր

Ի տարբերություն «Անդերլեխտի» ու «Ֆեյենորդի», «Բենֆիկան» դեռ կարող է սենսացիոն «քամբեք» կատարել և հայտնվել փլեյ-օֆֆում: Նախկինում 26 փորձից ոչ մեկին դա չի հաջողվել, սակայն «արծիվները» շանս ունեն պատմության մեջ մտնելու: Դրա համար նրանց հարկավոր է խոշոր հաշիվներով հաղթել ԲԿՄԱ-ին ու «Բազելին», իսկ այդ թիմերը մեկական անգամ պարտվեն «Մանչեսթեր Յունայթեդին»: Այդքան էլ անիրական չի թվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում