Ռայան Բոաթրայթը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից

Ռայան Բոաթրայթը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որն Օլիմպավանում պատրաստվում է նոյեմբերի 23-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի ու Դանիայի դեմ հանդիպումներին, այսուհետ հանդես է գալու առանց խաղարկող Ռայան Բոաթրայթի:

«Ֆեդերացիայի և մարզչի համատեղ որոշմամբ Ռայան Բոաթրայթն այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականում, նրան հեռացրել ենք: Պատճառը ոչ պատշաճ վերաբերմունքն է Հայաստանի ազգային թիմի, ֆեդերացիայի ու մարզչի նկատմամբ: Դա ծանր որոշում էր, բայց ճիշտ: Ազգային հավաքականում ոչ մեկ իրավունք չունի իրեն բարձր դասել մյուսներից, բոլորը հավասար են»,- ՀԲՖ-ի փոխնախագահ Արա Պողոսյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը նույնպես կարծիք է հայտնել խաղարկողի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Մեր թիմում Ռայան Բոաթրայթը միակ լեգիոներն էր և ամռանը նա ցույց տվեց իր խաղամակարդակը: Ես չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ: Պարզապես կասեմ, որ նա կարևոր խաղացող է, բայց ոչ ամենակարևորը: Բասկետբոլը թիմային մարզաձև է: Մենք փոքր բասկետբոլային երկիր ենք, բայց պետք է պաշտպանենք ազգային հավաքականի շահերը: Չենք կարող թույլ տալ՝ որևէ մեկը մեր շահերին հակառակ լինի»:

Նշենք, որ Բոաթրայթը գիշերը ժամանել է Երևան, սակայն կմեկնի իր ակումբի մարզաբազա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում