Տիգրան Թադևոսյան. Անգլիայում հասկացա, որ ֆուտբոլում վիճակագրությունը խաբուսիկ է

Տիգրան Թադևոսյան. Անգլիայում հասկացա, որ ֆուտբոլում վիճակագրությունը խաբուսիկ է

Երիտասարդ մարզիչ Տիգրան Թադևոսյանը 1992 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հունաստան: Ֆուտբոլային կարճ կարիերայից հետո նա որոշել է մարզիչ դառնալ և որոշ ժամանակ աշխատել է հունական «Coerver Coaching Greece» ակադեմիայում: Այն յուրահատուկ է նրանով, որ հնարքային մարզման մեթոդներով աշխատող աշխարհի առաջին ակադեմիան է, որում շեշտը դնում են պատանի ֆուտբոլիստների տեխնիկայի ու կրեատիվ գործողությունների զարգացման վրա:

Sport.Times.am-ը տեղեկացել է, որ 30-ամյա մասնագետը վերջերս հեռացել է Հունաստանից, ուստի կապ է հաստատել նրա հետ ու պարզել՝ այժմ ինչ ծրագրեր կան։

– Տեղյակ ենք, որ հեռացել եք «Coerver Coaching Greece» ակադեմիայից: Ի՞նչ գործունեություն եք ծավալել այս ընթացքում:

– Վերջին երեք տարիների ընթացքում շատ իրադարձություններ են եղել իմ կյանքում: Սկզբում Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացա ՈւԵՖԱ-ի A կարգի մարզչական արտոնագիր: 6 ամիս աշխատեցի Հունաստանի 2-րդ լիգայի «Կալիտեա» ակումբում, որպես մարզչի օգնական: Դա պարտադիր պահանջ էր արտոնագիրը ստանալու համար: Այնուհետև մեկնեցի Լիվերպուլ՝ Յան Մուրի համալսարան, որտեղ ստացա դիպլոմ` վիճակագրության վերլուծաբանի գծով: Այդ ուսման ընթացքում հնարավորություն ստացա հետազոտելու Պրեմիեր լիգայի ակումբների աշխատաելաոճը ու նրանց ակադեմիաների ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնելու:

Մինչև 2017 թվականի ամառը շարունակում էի աշխատել «Coerver» ակադեմիայում: Այդ ժամանակ հետաքրքիր առաջարկներ ստացա Չինաստանից, Վիետնամից, Հնդկաստանից ու Լիբանանից: Այդ առաջարկներն իմ կարիերայի համար ճիշտ ժամանակին էին: Որոշեցի տեղափոխվել Լիբանան: Այժմ աշխատում եմ այդ երկրի ամենահայտնի ակադեմիաներից մեկում` «Eleven Football Pro»-ում (EFP):

– Անգլիայում սովորելու ընթացքում ի՞նչ կարևոր բան եք իմացել, որն ազդել է Ձեր մարզումների ու մեթոդների վրա:

– Հասկացել եմ, որ հաճախ վիճակագրական թվերը երբեմն ճիշտ չեն արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը և խաբուսկիկ են: Ֆուտբոլիստի խաղը գնահատելու համար պետք է ավելի ուշադիր լինել այդ թվերի հարցում: Ֆուտբոլում ցանկացած տվյալ կարող ես խորը վերլուծել, սակայն կարևոր է, թե կոնկրետ ինչ ցուցանիշ ես ուզում հետազոտել, այլապես դրանք միայն թվեր կմնան:

– Ձեր աշխատելու ժամանակ «Կալիտեայի» արդյունքներն ինչպիսի՞ն էին:

– Գլխավոր մարզիչը Հունաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Կարդիմոսն էր, ես օգնում էի նրան: Նպատակ էր դրվել տեղը պահպանել երկրորդ լիգայում, որովհետև թիմի կազմը երիտասարդ էր (միջին տարիքը` 23): Մենք կարողացանք ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլև 18 թիմերի մեջ 7-րդ տեղը գրավել: Դա անակնկալ էր շատերի համար: Հետագայում մեր թիմի երեք ֆուտբոլիստների, որոնց տարիքը 18-21 էր, գնեցին Սուպերլիգայի ակումբները:

– Որո՞նք էին հենց Լիբանանն ընտրելու պատճառները:

– Նախ այն մշակույթով մոտ է Եվրոպային: Երկրորդ` այդ ակադեմիայի սեփականատերը լիբանանահայ է` Մարկ Կելենջյանը, ով ապագայի լուրջ ծրագրեր ունի:

– Այս երեք ամիսների ընթացքում ի՞նչ աշխատանք եք հասցրել կատարել:

– Երբ սեպտեմբերին եկա EFP, ակադեմիայում 120 երեխա կար, բայց այս ընթացքում, միասնական ջանքերով, պրոֆեսիոնալ վարչակազմով, արտասահմանցի մարզիչներով, իմ գիտելիքների ու փորձի միջոցով կարողացանք այդ թիվը հասցնել 300-ի:

– Ֆուտբոլային առումով ինչպիսի՞ երկիր է Լիբանանը:

– Դժվարությունները շատ են, որովհետև ֆուտբոլային անցյալ չկա, բայց այդ դժվարությունները լավ մարտահրավեր են ինձ համար։

– Լիբանանում կոնկրետ ի՞նչ են Ձեզանից պահանջում, և ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև:

– EFP-ի նպատակը ճիշտ ու հստակ քայլերով ֆուտբոլիստներ աճեցնելն է, այդ պատճառով եվրոպացի 2-3 մարզչներով այստեղ ենք: Ակադեմիայի սեփականատեր Մարկ Կելենջյանն հենց այդ հեռակա նպատակների համար մարզաբազա է կառուցել ու կատարելագործում է այն: Նա մեծ գումար ու հոգի է ներդնում մարդկային ռեսուրսների վրա: Այդ քայլերը տեղի համայնքն ու երեխաների ծնողները գնահատում են: Նախագիծը մեկ օրում չի կայանա, ժամանակ է հարկավոր: Մեր աշխատանքը կերևա ժամանակի ընթացքում: Այժմ մարզումները և խաղերը կանոնավոր են դարձել: Իմ աշխատանքի պտուղները, կարծում եմ, կզգացվեն հաջորդ տարվա գարնանը, քանի որ ես այստեղ աշխատում եմ ընդամենը սեպտեմբերից: Ղեկավարությունը վստահում է ինձ և սպասում է, որ ակադեմիան ճիշտ ճանապարհի կտանեմ:

– Նշեցիք, որ ակադեմիայի հայ սեփականատերը զարգացման լուրջ նպատակներ ունի: Կմանրամասնե՞ք։

– Մարկ Կելենջյանը հեռուն նայող մարդ է: Նա օրվա ընթացքում 24 ժամ նվիրված է ակադեմիայի ծրագրերին ու խնդիրներին: Նա նոր խաղադաշտեր է կառուցում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան աճելու: EFP-ի նպատակն է դառնալ Լիբանանի լավագույն ակադեմիան: Խոսքը ոչ միայն մարզիչների, ֆուտբոլիստների, մարզումների տեսակների, խաղադաշտերի որակի մասին է, այլև ֆինասնական ներդրումների:

– Նպատակ կա՞ հետագայում մեծահասակների պրոֆեսիոնալ ակումբ ունենալ:

– Նպատակները շատ են: Կելեջյանը հասկանում է՝ դրանց ժամանակը երբ է գալու:

 – Ասել էինք, որ փորձ փոխանակելու համար հունական «Coerver Coaching Greece» ակադեմիայի հետ, հնարավոր է, ժամանեք Հայաստան: Ստացվե՞ց:

– Ցավոք, ոչ: Ժամանակի սղության պատճառով չկարողացանք կազմակերպել այդ այցելությունը:

– «Coerver Coaching Greece»-ում շեշտը դնում էիք կրեատիվ ու տեխնիկապես զարգացած խաղացողներ ստեղծելու վրա: Լիբանանում ինչի՞ վրա եք աշխատում:

– Մանկապատանեկան ֆուտբոլում միշտ առաջնայինը խաղացողի տեխնիկական զարգացումն է: Փորձում եմ նույնը նաև այստեղ անել: Տարբերությունն այն է, որ Լիբանանում երեխաներն ավելի շատ դժվարություններ ունեն, քան Եվրոպայում: Օրինակ` ուսումն այստեղ ավելի ծանր է, և երեխաները դժվարանում են այն համատեղել ֆուտբոլի հետ:

– Քանի՞ տարեկան երեխաների եք մարզում:

– Երկու խումբ ունեմ՝ մինչև 12 տարեկաններ և մինչև 17 տարեկաններ:

– Քանի տարվա պայմանագիր ունեք: Մտադիր եք երկա՞ր մնալ Լիբանանում:

– Սեպտեմբերին մեկ տարվա համաձայնագիր եմ ստորագրել: Ներկայումս բոլոր մտքերս EFP-ի շուրջ են: Նպատակս է Մարկին օգնել իրագործել նրա ծրագրերը, հետո կտեսնենք: Գերակա նպատակս Եվրոպա վերադառնալն է:

– Մանկապատանեկան ֆուտբոլում ինչպե՞ս եք որոշում երեխան տաղանդավո՞ր է, թե՞ ոչ:

– Չեմ սիրում «տաղանդավոր» բառը: Հավատում եմ, որ բոլոր երեխաներն ունեն ավելի շատ հմտություններ, քան կարելի է առաջին հայացքից նկատել: Երեխային «բացելու» աշխատանքը մարաթոն է: Վաղ կանխատեսումները շատ վտանգավոր են, որովհետև մարդը բազմաֆունցիոնալ է:

– Եղե՞լ է, որ յուրահատուկ երեխաների «հայտնաբերեք»։

-Այո։ Շատ ուրախ եմ դրա համար: Նրանք առանձնացել են ինչպես ֆիզիկական տվյալներով, այնպես էլ տեխնիկական ու մտավոր: Նրանց հետ համբերությամբ ու սիրով է պետք աշխատել․ չես կարող իմանալ՝ մեկ օր հետո ինչ կարող է պատահել: Դժվար է նման երեխաներին ֆուտոլային հմտություններ սովորեցնել, առավել ևս թիմային խաղին հարմարվել ու մյուս երեխաների կողմից ընդունված դառնալ: Բայց հսկայական ուրախություն ես զգում, երբ տեսնում ես, որ նրանց հետ աշխատանքը պտուղներ է տալիս։

– Արդեն աշխատել եք պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Պատրա՞ստ եք մշտապես աշխատել մեծահասակների հետ:

– Այո, պատրաստ եմ: 2018 թվականին ստանալու եմ ՈւԵՖԱ-ի Pro կարգի արտոնագիր, ինչը հնարավորություն կտա գլխավորելու պրոֆեսիոնալ թիմ:

– Համաշխարհային ֆուտբոլի ներկայիս մարզիչներից ո՞ւմ եք համարում լավագույնը

– Գվարդիոլային:

– Ինչո՞ւ

– Պատճառը ոչ միայն նրա նվաճած տիտղոսներն են, այլ ֆուտբոլում նրա մոտեցումները: Տպավորում է նրա դավանած խաղաոճն ու փիլիսոփայությունը:

– Ֆուտբոլում ինչպիսի՞ երազանք ունեք:

– Այն ավելի փիլիսիոփայական է, քան կոնկրետ: Ցանկանում եմ ներդրում ունենալ ֆուտբոլի շուրջ բոլոր ժողովուրդների միավորման հարցում՝ անկախ մաշկի գույնից ու ազգությունից։

-Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանու խաղերին հետևե՞լ եք։

– Զբաղվածության պատճառով ոչ բոլոր հանդիպումներն եմ տեսել:

– Ինչպիսի՞ տպավորություն ստացաք այն խաղերից, որոնք դիտել եք: Ըստ Ձեզ, որո՞նք էին ընդհանուր անհաջող ելույթների պատճառները:

– Դա ընդհանուր գործընթացի ձախողում էր` խաղեր, ֆուտբոլիստներ, մարզիչներ… Խնդիրը հնարավոր չէ մեկ պատճառով բացատրել: Իհարկե, այն մարդիկ, ովքեր հավաքականի ներսում են, ավելի լավ կիմանան բոլոր պատճառները: Ես կարող եմ ասել, որ ցանկացած արդյունք տարբեր գործոնների փոխազդեցության հետևանքով է լինում: Հայաստանի հավաքականի դեպքում տեսնում ենք, որ այդ գործոնները շատ վատ արդյունքի են բերել:

– Իսկ խաղային առումով ինչպիսի՞ տպավորություն էր թողնում Հայաստանի ընտրանին:

– Զգացվում է, որ մեծ է տարբերությունը Մխիթարյանի ու մյուսների միջև: Մյուս խաղացողների հետ մեծ աշխատանք է հարկավոր կատարել, որ մոտենան Հենրիխին: Կարծում եմ` դա մարզիչներն ու ղեկավարները նույնպես տեսնում են և պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

– Դիտարկո՞ւմ եք Հայաստանում աշխատելու հնարավորությունը:

– Եթե ֆինանսական ու աշխատանքային պայմանները բավարար լինեն, ինչո՞ւ ոչ։ Ինձ համար հաճելի կլինի աշխատել այն երկրում, որտեղ ծնվել եմ:

Զրուցեց Հայկ Հովհաննիսյանը
Լուսանկարները` Տիգրան Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ նաև Telegram-ում