5 հնարավոր տարբերակ Բեյլի կարիերան փրկելու համար

5 հնարավոր տարբերակ Բեյլի կարիերան փրկելու համար

Գարեթ Բեյլի կարիերան մի կողմից հաճելի երազ է, մյուս կողմից՝ մղձավանջ: «Ռեալի» մարզահագուստն առաջին անգամ կրելիս նա թիմի ապագան էր համարվում, Ռոնալդուին փոխարինողը․․․ Հիմա Ռոնալդուն 32 տարեկան է և շարունակում է խաղալ հիմնական կազմում, իսկ ուելսցին ավելի շատ ժամանակ է ծախսում վնասվածքներից ապաքինվելու վրա, քան խաղադաշտում։ Պարբերական վնասվածքների պատճառով նա նախ մոռացավ (գուցե ժամանակավորապես) «Ոսկե գնդակի» մասին, իսկ հիմա արդիական է «Ռեալից» հեռանալու հարցը։

Իսպանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այլևս ուշադրություն չի դարձնում ուելսեցու տրանսֆերի մարքեթինգային շահին և մտադիր է հրաժեշտ տալ նրան։ Առողջական խնդիրները, բարձր աշխատավարձը և շրջանառվող լուրերը հաշվի առնելով՝ պետք է ենթադրել, որ ընդամենը մի քանի ակումբ կարող է իրեն նման տրանսֆեր թույլ տալ:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Ժոզե Մոուրինյուն առաջինն է, ով պատրաստ է իր թիմում տեղ տալ Բեյլին: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակ էր ցանկանում գնել ուելսցուն, բայց «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին հրաժարվել էր մրցակցին զիջել խոստումնալից երիտասարդին: Հիմա իրավիճակն այլ է․ Գարեթն այլևս ի վիճակի չէ ուղիղ կերպով ազդել չեմպիոնական մրցավազքի վրա, իսկ տրանսֆերի գինը համեմատաբար խելամիտ կլինի:

Մոուրինյուն պարբերաբար մարտավարական փակուղու առաջ է կանգնում․ Ռաշֆորդին ու Լուկակուին Մարսիալից բացի լիարժեք փոխարինող չկա: 4-2-3-1 դասավորության ժամանակ աջ եզրում ամեն ինչ կախված է Անտոնիո Վալենսիայից: Բեյլի տեղափոխության դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա երեք հարձակվողով դաշտ դուրս գալ: Բեյլն ինքն էլ դեմ չէ «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվել: «Don Balon»-ը վստահեցնում է, որ Գարեթն իր այդ մտադրության մասին տեղեկացրել է մադրիդյան ակումբում մտերիմ ընկեր Լուկա Մոդրիչին։

«Չելսի»

Առաջին տարին չէ, որ «Ռեալը» աչքի առաջ է պահում «Չելսիի» առաջատար Էդեն Ազարին: Ֆլորենտինո Պերեսը կարող է կլորիկ գումար տրամադրել բելգիացու տրանսֆերի համար, բայց Ռոման Աբրամովիչը նրանցից չէ, ում կարելի է զարմացնել զրոների քանակով: Հաշվի առնելով, որ Ազարին լիարժեք փոխարինել հնարավոր չէ, նրան որևէ մեկը վաճառել մտադիր չէ: Այլ բան է, որ Ազարը պարբերաբար ակնարկում է՝ դեմ չէ «Սանտյագո Բեռնաբեուում» խաղալ․․․ Այնպես որ՝ «Չելսին» գուցե ստիպված լինի զիջել: Ազարի ու Բեյլի փոխանակումը կարող է ձեռնտու լինել երկու կողմին էլ: «Ռեալը» կպահպանի տրանսֆերի համար նախատեսած գումարի մի մասը, Կոնտեն հիանալի ֆուտբոլիստի ձեռք կբերի: Բարդ է միայն գտնել այնպիսի շամանի, ով Գարեթին ոտքի կկանգնեցնի:

«Տոտենհեմ»

Այստեղ էլ իրավիճակը գրեթե նույնն է: «Ռեալի» ուշադրության կենտրոնում են Հարի Քեյնը և Դելե Ալին: Քեյնն ասես Պերեսի երազանքը լինի, բայց բոլոր կողմերի համաձայնության դեպքում նախագահը ստիպված կլինի մեծ գումար վճարել: «Տոտենհեմը» 200 միլիոն եվրոյից պակաս մտադիր չէ գնահատել իր առաջատարին: Գինը նվազեցնելու համար «Ռեալը» պատրաստ է Բենզեմային ու Բեյլին Լոնդոն ճանապարհել: Սակայն պետք է ընդգծել, որ «Տոտենհեմը» միայն ամռանն է պատրաստ տրանսֆերների մասին մտածել, իսկ, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէ արդեն ձմռանը վճարել Բեյլի համար:

«Պարի Սեն Ժերմեն»

Նեյմարի տեղափոխությունից առաջ «Պարի Սեն Ժերմենը» դիտարկում էր Բեյլի տրանսֆերը և պատրաստ էր 175 մլն եվրո տրամադրել: Սակայն շեյխ Մանսուրը Մադրիդից հայացքն ուղղեց Բարսելոնայի կողմը: Հիմա, երբ Նեյմարի փարիզյան արկածները գնալով համալրվում են «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցություններով, ՊՍԺ-ն գուցե վերադառնա նախկին ծրագրերին: Իհարկե, ֆրանսիական ակումբը դժվար թե ցանկանա հրաժարվել իր գլխավոր աստղից, բայց Բեյլին գնելու տարբերակը բացառել պետք չէ:

«Միլան»

Քանի դեռ ՊՍԺ-ն հարստանում է արաբական նավթի դոլարներից, Միլանում աճում են չինական ներդրումները: Ամռանը տրանսֆերների համար 200 մլն եվրո ծախսելուց հետո «Միլանի» նոր սեփականատերերը մտադիր չեն կանգ առնել: Իտալական որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ «Միլանի» հաջորդ նպատակը Գարեթ Բեյլն է: Չինացի սեփականատերերը կարծում են, որ Չեմպիոնների լիգայի համար միայն աստղային Բոնուչին և տաղանդավոր Դոնարուման բավական չեն: Բայց այստեղ մեկ կարևոր խնդիր կա՝ դեռ պետք է հասնել Չեմպիոնների լիգային․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում