Ի՞նչ սպասել Իբրայի վերադարձից

Ի՞նչ սպասել Իբրայի վերադարձից

Ապրիլին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո թվում էր, թե առյուծի կարիերան ավարտվեց, սակայն․․․ Զլատան Իբրահիմովիչն անկախ տարիքից (36) վերադարձել է ու փակել քննադատների բերանը: Շվեդիայի պատմության լավագույն ռմբարկուն (62 գոլ) ամենաարդյունավետ ֆուտբոլիստն էր իր նախկին ակումբում՝ «Պարի Սեն Ժերմենում», «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին մրցաշրջանում դարձավ ՈւԵՖԱ-ի մրցաշարերում 7 թիմի կազմում գոլ խփած երրորդ ֆուտբոլիստը:

Ներկայացնում ենք՝ ինչ ցուցանիշներ կարող են գերազանցվել Իբրայի վերադարձի արդյունքում։

Զլատան Իբրահիմովիչի եվրագավաթային վիճակագրությունը

  • ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղերը՝ 119 (11-րդ տեղ)
  • ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գոլերը՝ 48 (7-րդ տեղը կիսում է Անդրեյ Շևչենկոյի հետ)
  • Եվրագավաթների խաղերը՝ 139 (21-րդ տեղ)
  • Եվրագավաթների գոլերը՝ 56 (10-րդ տեղը կիսում է Էուսեբիոյի հետ)
  • Արդյունավետության ռեկորդ եվրոպական 1 մրցաշրջանում՝ 10 («ՊՍԺ», 2013-14թթ.)

Հոկտեմբերին Իբրան դարձավ 36 տարեկան, բայց նրա՝ դաշտում անցկացրած ժամանակի, խփած գոլերի թվով նորից առաջինը լինելու ցանկությունն անսահման է։ Լեո Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն նրանից երիտասարդ են ու ավելի բարձր հորիզոնականներում են երկու ցուցանիշով էլ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» ևս մեկ հաջող մրցաշրջանը կարող է շվեդին ֆուտբոլային Օլիմպոսի գագաթն առաջնորդել:

Չեմպիոնների լիգայում ևս 7 հանդիպում անցկացնելու և «Մանչեսթեր Յունայթեդին» եզրափակիչ դուրս գալու հարցում օգնելու դեպքում նա կշրջանցի ակումբի լեգենդ Պոլ Սքոուլզին, Անդրես Ինյեստային, Ռոբերտո Կարլոսին ու խաղացած հանդիպումների թվով դուրս կգա մրցաշարի պատմության 6-րդ հորիզոնական:

Չեմպիոնների լիգայում ևս 2 գոլ, ու Իբրան Ռոնալդուից, Մեսսիից, Ռաուլից, Ռուդ վան Նիստելրոյից, Կարիմ Բենզեմայից ու Թյերի Անրիից հետո կդառնա 7-րդը ՈւԵՖԱ-ի ակումբային գլխավոր մրցաշարում 50 գոլ խփածների ցուցակում:

Բացի այդ, Իբրահիմովիչը կդառնա 7 թիմի կազմում եվրոպական ամենահեղինակավոր առաջնությունում գոլ խփած առաջինը ֆուտբոլիստը («Այաքս», «Յուվետուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», «Պարի Սեն Ժերմեն»):

Ընդամենը 3 գոլ, և Իբրան կշրջանցի եվրագավաթներում ամենաարդյունավետ շվեդ ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնին (59 գոլ)։

Եվրագավաթներում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստը Ռայան Գիգզն է (157 խաղ), իսկ լավագույն ռմբարկուն՝ Ռուդ վան Նիստերլոյը (38)։ Իբրան եվրագավաթներում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դեռ 11 խաղի է մասնակցել, 5 գոլ խփել: Այստեղ, մեղմ ասած, բարդ է Գիգզին ու վան Նիստերլոյին շրջանցել, եթե, իհարկե, Զլատանը մտադիր չէ մինչև 50-ը խաղալ…

Այդուհանդերձ, այդ ռեկորդներին հասնելու ճանապարհին Զլատանը մի շարք ձեռքբերումներ էլ կունենա:

Գոլի հեղինակ դարձած ամենատարիքով ֆուտբոլիստը

  • Չեմպիոնների լիգայի եզրափակիչ («Միլան» – «Լիվերպուլ», 25.05.2005) – Պաոլո Մալդինի (36 տարեկան և 333 օրական)
  • Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ (ԲԿՄԱ – «Ռոմա», 25.11.2014 ) – Ֆրանչեսկո Տոտտի (38 տարեկան և 59 օրական)
  • Չեմպիոնների գավաթ («Վերդեր» – «Դինամո», 11.10.1988) – Մանֆրեդ Բրուգսմյուլեր (38 տարեկան և 293 օրական)

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. կիևյան եզրափակչում (եթե դրան մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդը») Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվողը 36 տարեկան և 235 օրական կլինի, դա նշանակում է՝ նա չի կարողանա շրջանցել Մալդինիի ռեկորդը: Չեմպիոնների լիգայում Տոտտիի ռեկորդը կարող է գերազանցվել, եթե Իբրան 2019-ի դեկտեմբերի 2-ից հետո կարողանա գոլ խփել: Բյուրգսմյուլերի հաջողությունը Զլատանը կարող է շրջանցել, եթե 2020-ի հուլիսի 23-ից հետո գոլ խփի:

Ներքին առաջնություններում Զլատան Իբրահիմովիչի վիճակագրությունը

  • Մրցաշրջանում ամենաշատ թվով գոլերը՝ 38 («Պարի Սեն Ժերմեն», 2015-16թթ․)
  • Տարբեր երկրների առաջնություններում գոլերը/խաղերը՝ 319 / 512
  • Եվրոպական առաջնությունների միջին արդյունավետությունը՝ 0.62 գոլ 1 խաղում 

Իբրայի գլխավոր նպատակն է «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնել ոսկին, որ թիմը նվաճել էր դեռևս Ալեքս Ֆերգյուսոնի օրոք (2013): Զլատանը գերմոտիվացված է, քանի որ այդ դեպքում կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում բախտ կվիճակվի 5 երկրում չեմպիոն դառնալ (նա արդեն նվաճել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի չեմպիոնական գավաթները):

Եթե Զլատանը կրկնի մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը (38, ՊՍԺ-ում), ապա «Մանչեսթեր Յունայթեդում» այդ ցուցանիշով առաջինը կդառնա: Գործող ռեկորդը պատկանում է Դենիս Վայոլետին, ով 1959-60 թթ. 32 գոլ էր խփել։ Նրան առավել մոտ է Ռոնալդուն՝ 31 գոլ (2007-08թթ.): Իբրան ընթացիկ առաջնության մեկնարկը բաց է թողել ու պետք է կրկնակի աշխատի մնացած ամիսների ընթացքում:

2016-ի սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում շվեդի խփած գոլը նրան թույլ տվեց շրջանցել Ռոնալդինյոյին. Իբրան դարձավ եվրոպական կարևորագույն 4 մրցավեճերում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը: Մինչ այդ Զլատանն ու Ռոնալդինյոն գոլ էին խփել «Ինտեր» – «Միլան», «Ռեալ» – «Բարսելոնա», «ՊՍԺ» – «Օլիմպիկ» խաղերում:

Անցյալ մրցաշրջանում Իբրահիմովիչը ևս մեկ հետաքրքիր ռեկորդ սահմանեց: Անգլիայի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» խաղում (2:1) նրա թիմը հաղթեց: Օգոստոսի 7-ին նվաճած այդ գավաթը նրա համար 10-րդն էր ներքին առաջնությունում: Նախկինում նա հաջոողությունների էր հասել «Այաքսի» (2002), «Ինտերի» (2006, 2008), «Բարսելոնայի» (2009, 2010), «Միլանի» (2011) և «ՊՍԺ»-ի (2013, 2014, 2015) հետ: Իբրահիմովիչից բացի կարո՞ղ է որևէ մեկը  հպարտանալ 5 երկրի սուպերգավաթների նման քանակով։ Դժվար թե…

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում