Սթիլ. Ֆերգյուսոնը ՄՅՈւ-ի ընդամենը երկու խաղ է բաց թողել, մեկը` Դե Խեայի համար

Սթիլ. Ֆերգյուսոնը ՄՅՈւ-ի ընդամենը երկու խաղ է բաց թողել, մեկը` Դե Խեայի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահների նախկին մարզիչ Էրիկ Սթիլը պատմել է, որ թիմը նախկինում գլխավորող սըր Ալեքս Ֆերգյուսոնն անգլիական ակումբում անցկացրած 27 տարվա ընթացքում ընդամենը երկու հանդիպման ներկա չի եղել: Դրանցից մեկը եղել է Դավիդ Դե Խեայի խաղին հետևելու պատճառով, երբ վերջինս հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:

««Մանչեսթեր Յունայթեդի» միայն երկու խաղ է եղել, որոնք Ֆերգյուսոնը բաց է թողել, երբ գլխավոր մարզիչն էր: Առաջինը 2000 թվականին էր, երբ նրա որդու ամուսնության օրն էր:

Երկրորդ դեպքը տեղի ունեցավ 2008 թվականին: Այն ժամանակ մենք դարպասապահ Էդվին վան դեր Սարին փոխարինող էինք փնտրում: Ես սըր Ալեքսին 3-րոպեանոց տեսանյութ ցուցադրեցի Դե Խեայի խաղից: Իսպանացին նրան այնքան հետաքրքրեց, որ նա անձամբ մեկնեց «Ատլետիկոյի» առաջիկա խաղը դիտելու, որը մրցում էր «Վալենսիայի» հետ: Մարզադաշտում Ֆերգյուսոնին ընդամենը մեկ ժամ է պահանջվել, որպեսզի համոզվի՝ այդ տղան նա է, ով մեզ հարկավոր է: Իսկ ՄՅՈւ-ն այդ օրն Անգլիայի Լիգայի գավաթում խաղում էր «Սկանտորպի» հետ»,- Սթիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ օրը կայացած «Արսենալի» դեմ խաղում (3:1) Դե Խեան 14 սեյվ է կատարել, ինչը Պրեմիեր լիգայի ռեկորդի կրկնությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում