Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. հաջորդ փուլ անցնելու հնարավորությունները

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. հաջորդ փուլ անցնելու հնարավորությունները

Դեկտեմբերի 11-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին շատ հետաքրքիր դիմակայություններ:

Լուսանկար

«Յուվենտուս» – «Տոտենհեմ»
Հնարավորությունները՝ 60/40

Ի տարբերություն «Տոտենհեմի», «Յուվենտուսը» համարվում է գրանդ ակումբ: «Յուվեն» ավելի մեծ փորձ ունի եվրագավաթներում` վերջին 3 տարիներին 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Տոտենհեմն» ավելի երիտասարդ և անփորձ թիմ ունի: Խմբային փուլում լոնդոնցիները հիանալի հանդես եկան և «Ռեալի» ու Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայքարում կարոողացան զբաղեցնել առաջին հորիզոնականը: Ճիշտ է, նրանք վերջին տարիներին լավ են հանդես գալիս նաև Պրեմիեր լիգայում, սակայն վճռորոշ պահերին կորցնում են զգոնությունը, որի արդյունքում տապալում են ամեն ինչ: Անգլիական թիմի գլխավոր աստղը Հարի Քեյնն է, ինչպես նաև Քրիստիան Էրիկսենն ու Դելե Ալին: Շատ դժվար կլինի այս երեք ֆուտբոլիստներով պայքարել «Յուվեի» նման թիմի դեմ: Սակայն, «Յուվենտուսն» այս տարի խնդիրներ ունի և դժվար է կռահել՝ ինչ մարզավիճակում կլինի փետրվարին: Թուրինյան ակումբը ֆավորիտ է, բայց «Տոտենհեմը» հեշտությամբ չի հանձնվի:

«Բազել» – «Մանչեսթեր Սիթի»
Հնարավորությունները՝ 1/99

Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, այդ իսկ պատճառով «Բազելի» 1% շանսերը դեռ մնում են: Անկասկած, «Մանչեսթեր Սիթին» այս դիմակայության բացարձակ ֆավորիտն է: Գվարդիոլայի թիմը համարվում է նաև Չեմպիոնների լիգայի ֆավորիտը: Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարն արդեն ավարտված կարելի է համարել, իսկ եվրոպական թիմերի մեջ այժմ ամենալավ, ամենադիտարժան ֆուտբոլը ցուցադրում է հենց «Մանչեսթեր Սիթին»:

«Պորտու» – «Լիվերպուլ»
Հնարավրությունները՝ 30/70

«Պորտուն» յուրաքանչյուրի համար բարդ մրցակից է, բայց այս դիմակայությունում «Լիվերպուլը» մրցելու է ինքն իր հետ: Մերսիսայդյան ակումբն ունի հրաշալի հարձակման գիծ՝ Մանե/Սալահ/Ֆիրմինո/Կոուտինյո քառյակը ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել: Սակայն, «Լիվերպուլը» կարող է ամեն ինչ փչացնել սեփական սխալի պատճառով: Յուրգեն Կլոպի թիմը շատ գոլեր է խփում, բայց նաև շատ է բաց թողնում: Եվ ընդունում է գոլեր, որոնք դուրս են գալիս տվյալ խաղի տրամաբանությունից: Այսինքն՝ դրանք գալիս են ֆուտբոլիստների և հատկապես պաշտպանների անփույթ խաղի պատճառով: Պետք չէ մոռանալ, որ «Լիերպուլը» պայքարում է Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու համար:

«Սևիլիա» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Հնարավորությունները՝ 30/70

Այստեղ նույնպես երկու տարբեր խաղաոճերի պայքար կլինի: Իսպանական ակումբը սիրում է գրոհել, իսկ ՄՅՈՒ-ն՝ պաշտպանվել: Պաշտպանվել, քանի որ թիմը գլխավորում է Ժոզե Մոուրինյուն: Բայց, Մոուրինյուն համարվում է գավաթային մրցաշարերի մարզիչ: Նա կարողանում է երկխաղյա դիմակայության համար իդեալական պլան մշակել: Պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարգով բարձր է «Սևիլիայից» և համարվում է այս դիմակայության ֆավորիտը: Անգլիական ակումբը Պրեմիեր լիգայում կորցրել է չեմպիոն դառնալու շանսերն ու կարող է բոլոր ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա:

«Ռեալ» – ՊՍԺ
Հնարավորությունները՝ 50/50

Ֆանտաստիկ հանդիպում է սպասվում արդեն 1/8 եզրափակչում: Ցավալի է, որ այս թիմերից մեկը չի շարունակի պայքարը, բայց ինչ արած:

Շանսերը 50/50 են, քանի որ հնարավոր չէ ասել՝ ի՞նչ վիճակում կլինեն թիմերը փետրվարին: Այս պահի դրությամբ երկու թիմերն էլ խաղային խնդիրներ ունեն: Առջևում տրանսֆերային պատուհանն է, և «Ռեալը» հնարավոր է լուրջ համալրումներ ունենա: ՊՍԺ-ն էլ, պարզվեց անպարտելի չէ: Նեյմար/Կավանի/Մբապե եռյակը երբեմն չի կարողանում վճռել հանդիպման ելքը: Եվ հետո, պետք չէ մոռանալ ՊՍԺ-ի նախորդ տարվա «սխրագործությունը», երբ ֆրանսիական ակումբն ինչ-որ անհասկանալի ձևով ձեռքից բաց թողեց 4 գոլի առավելությունը «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում (1:6):

«Շախտյոր» – «Ռոմա»
Հնարավորությունները՝ 40/60

«Շախտյորն» իսկական անակնկալ մատուցեց խմբային փուլի վերջին տուրում՝ հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»: Այդ հաղթանակի շնորհիվ ուկրաինական ակումբն առաջ անցավ իտալական «Նապոլիից» և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: «Շախտյորը» Չեմպիոնների լիգայում խաղալու մեծ փորձ ունի և ամեն անգամ բարդություններ է ստեղծում յուրաքանչյուր մրցակցի՝ նույնիսկ գրանդ ակումբների համար:

«Ռոման» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում փայլուն խաղ է ցուցադրում: «Չելսիի» և «Ատլետիկոյի» հետ նույն խմբում լինելով՝ իտալական ակումբը կարողացավ առաջին հորիզոնականը զբաղեցնել: «Ռոման» կարգով ավելի բարձր է և ավելի մեծ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար:

«Չելսի» – «Բարսելոնա»
Հնարավորությունները՝ 40-60

Չեմպիոնների լիգայի պատմությունը հարուստ է այս երկու թիմերի գեղեցիկ և դիտարժան խաղերով: «Բարսելոնան» հիանալի է հանդես գալիս Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում և այս պահի դրությամբ 5 միավորի առավելություն ունի երկրորդ հորիզոնականում ընթացող «Վալենսիայից»: Եթե ամեն ինչ այսպես ընթանա, ապա կատալոնական ակումբը կարող է լրիվ ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա:

«Չելսին», կարելի է ասել, այլևս կորցնելու ոչինչ չունի: Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարը «Չելսիի» համար ավարտված է, կամ նույնիսկ չէր էլ սկսել, բայց դա այլևս էական չէ: Հիմա Անտոնիո Կոնտեի թիմը կարող է կենտրոնանալ ՉԼ-ի վրա:

«Բավարիա» – «Բեշիքթաշ»
Հնարավորությունները՝ 75/25

«Բավարիան» Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո աստիճանաբար վերադառնում է իր երբեմնի խաղամակարդակին: Ի տարբերություն Անչելոտիի՝ Յուպ Հայնկեսը շատ լավ է համագործակցում ֆուտբոլիստների հետ: Դա նշում են անձամբ ֆուտբոլիստները: Իսկ «Բավարիայի» գրանցած արդյունքները միայն վկայում են դրա մասին: Գերմանական ակումբն այս դիմակայության ֆավորիտն է: Ճիշտ է, «Բեշիքթաշը» պայքարող ակումբ է, բայց կարգերի ահռելի տարբերություն կա, ինչը չի կարող դեր չխաղալ:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում