«Ռեալը» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

«Ռեալը» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց ԱՄԷ-ի ներկայացուցիչ «Ալ Ջազիրայի» նկատմամբ։ 

Աբու-Դաբիի «Շեյխ Զայեդ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ «սերուցքայինների» ահռելի առավելությամբ, սակայն Զինեդին Զիդանի սաներին չհաջողվեց նախքան ընդմիջում գոլ խփել, իսկ «Ալ Ջազիրան» խաղակեսի վերջնամասում առաջ անցավ։ 41-րդ րոպեին Մբարկ Բուսուֆայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռոմարինյոն։

Երկրորդ կեսում հանդիպման ֆավորիտին հաջողվեց կամային հաղթանակի հասնել։ 53-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց Գարեթ Բեյլը, ով փոխարինման էր դուրս եկել վայրկյաններ առաջ։

Այսպիսով, «Ռեալը» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որտեղ մրցելու է բրազիլական «Գրեմիոյի» հետ։ «Ալ Ջազիրան» «Պաչուկայի» հետ կպայքարի երրորդ տեղի համար։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում