Ռայոլա. Դոնարումային օգտագործում են, որ ինձնից վրեժ լուծեն

Ռայոլա. Դոնարումային օգտագործում են, որ ինձնից վրեժ լուծեն

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է «ռոսոներիի» մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելիի խոսքերը: Վերջինս հայտարարել է, որ Ռայոլան ցանկանում է վնաս հասցնել իտալական գրանդին, և իրենք 18-ամյա դարպասապահին «պաշտպանելու են գործակալից, ով վերածվում է շոումենի»:

«Միրաբելին օգտագործում է Դոնարումային, որպեսզի ինձանից վրեժ լուծի: Մամուլում կրկես չեմ ստեղծելու, որպեսզի չվնասեմ Ջիջիոյին: Նրան կպատասխանեմ անհրաժեշտ պահին: Ջիջիոն այս ամենի հետ որևէ կապ չունի: Նա ոչ մի վատ բան չի արել, այդ պատճառով ճիշտ չէ նրան ներքաշել իմ դեմ պատերազմի մեջ:

Բոլորի համար ակնհայտ է, որ «Միլանի» խնդիրը Ջիջիոն չէ, առավել ևս նրա ավագ եղբայր Անտոնիոն: Երբեք «Միլանին» չենք պարտադրել գնել Անտոնիո Դոնարումայի տրանսֆերը: Դա Միրաբելիի տեխնիկական որոշումն էր: Այս սկանդալը ձեռնտու է նրան, որովհետև այն շեղում է ռոսոներիի «մեծ ծրագրերի իրականացման» շուրջ առաջացած խնդիրներից»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում gazzetta.it-ը:

Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստը «Միլանի» վերջին խաղում երկրպագուների կողմից նոր վիրավորանքների է ենթարկվել: Պատճառը Ռայոլայի տարօրինակ պահանջն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում