Մոսկվայի «Արարատը» կարող է տեղափոխվել Հայաստանի առաջնություն

Մոսկվայի «Արարատը» կարող է տեղափոխվել Հայաստանի առաջնություն

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մոսկվայի «Արարատը» դադարեցնելու է գործունեությունը Ռուսաստանում: Matchtv.ru-ն հայտնում է, որ ակումբի ղեկավարները դիտարկում են Հայաստանի առաջնություն տեղափոխվելու տարբերակը:

Մոսկվացիների ղեկավարները հաշվարկել են ռուսական Պրեմիեր լիգայում լուրջ հաջողությունների հետ կապված ծախսերը և եկել այն եզրակացության, որ այն զգալիորեն ավելի բարձր է, քան Հայաստանի չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայում հանդես գալը:

«Արարատը» գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» շրջանի մրցաշարային աղյուսակը և 13 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցնող «Ռյազանից»: Մեծ է հավանականությունը, որ մոսկովյան թիմը կգրավի առաջին տեղը և կնվաճի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) ուղեգիր: Եթե նրանք հրաժարվեն այդ ուղեգրից և տեղափոխվեն Հայաստան, նրանց տեղը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը գրաված թիմը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մոսկվայի «Արարատի» նախագահ է դարձել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում