Հոնիգշտեյն. Մխիթարյանի հարցում Մոուրինյուն կարող է կրկնել Դե Բրյունեի ու Սալահի սխալները

Հոնիգշտեյն. Մխիթարյանի հարցում Մոուրինյուն կարող է կրկնել Դե Բրյունեի ու Սալահի սխալները

ESPN-ի եթերում եվրոպական ֆուտբոլի վերլուծաբան Ռաֆայել Հոնիգշտեյնը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտ է Հենրիխ Մխիթարյանի հարցում նախկին սխալները կրկնելուն:

Մասնագետն առանձնացրել է պորտուգալացու` «Չելսին» գլխավորելու ժամանակ Կևին Դե Բրյունեին, Մոհամեդ Սալահին ու Ռոմելու Լուկակուին քիչ վստահելու դեպքերը, ինչից հետո այդ ֆուտբոլիստներն այլ թիմեր են տեղափոխվել ու փայլուն ելույթներ ունեցել:

«Կարծում եմ` մեծ է հավանականությունը, որ այդ պատմությունը կկրկնվի, որովհետև մենք արդեն համոզվել ենք, թե Մխիթարյանն ինչպիսի բարձրակարգ ֆուտբոլ կարող է խաղալ: Մենք դա տեսել ենք «Շախտյորում» և «Բորուսսիայում», որտեղ Տուխելի գլխավորությամբ Հենրիխն արտակարգ ֆուտբոլ էր ցուցադրում:

Եվրոպայում շարունակում են հետաքրքրվել Մխիթարյանի ծառայություններով: Եթե նրան հունվարին տրանսֆերի հանեն, առաջարկները շատ կլինեն, հատկապես Իտալիայից, որտեղ նա շարունակում է մեծ պահանջարկ ունենալ: Մինո Ռայոլայի պես գործակալ ունենալը նշանակում է, որ նա հեշտությամբ նոր թիմ կգտնի:

Միգուցե, Մխիթարյանը հետագայում այնպիսի մեծ հաջողությունների չհասնի, ինչպես Ժոզեից հեռացած Դե Բրյունեն, Սալահը կամ Լուկակուն, սակայն նա ապացուցելու շատ բան կունենա: Նա այն խաղացողն է, ով ինչ-որ անհասկանալի պատճառով չի խաղում Մոուրինյուի թիմում, սակայն մեկ այլ տեղ կարող է շարունակել հաջող կարիերան»,- ասել է Հոնիգշտեյնը:

Հիշեցնենք, որ ներկայումս Սալահը «Լիվերպուլի» կազմում ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն է, Դե Բրյունեն «Մանչեսթեր Սիթիի» առաջատարն է դարձել, իսկ Լուկակուին հրավիրելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 85 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում